Տնօրենի «ազգուտակը» դպրոցում է աշխատում․ դասադուլեր են սկսվել

Տնօրենի «ազգուտակը» դպրոցում է աշխատում․ դասադուլեր են սկսվել

Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցում դասադուլ է սկսվել։ Մեզ հետ զրույցում դպրոցի նախկին երկարամյա մանկավարժ Հայկանուշ Հարությունյանը հաստատեց այս մասին լուրը՝ հավելելեով․ «Իմ աղջիկը հավաքարար էր աշխատում դպրոցում։ Տնօրենը 4 հավաքարարների սոցփաթեթը յուրացրեց՝ այդ թվում նաև իմ աղջկանը։ Ամիսը 70 հազար սոցփաթեթի փողը։ Տնօրենի ամբողջ յուրայինները այդ դպրոցում լցված են, ամուսինը՝ հաշվապահ, փոխտնօրեն, քեռու հարսները, մորքուրի հարսները։ Բոլորը զինակիցներն են»,- ասաց Հարությունյանը։

Դպրոցում դասադուլերի վերաբերյալ տնօրեն Թամարա Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվանից է սկսվել, սակայն իրեն ծնողները ոչ մի պարզաբանում չեն տվել։ Նա նաև պատասխանեց իր բարեկամների ու մերձավորների՝ դպրոցում աշխատելու վերաբերյալ պնդումներին․ «Ես՝ ինքս էլ չգիտեմ, ծնողներն եկել են, կոնկրետ պատճառ չունեն ներկայացրելու։ Եկել են, ես ասել եմ՝ կոնկրետ ներկայացրեք ձեր պահանջները, ինչ պահանջով ձեր երեխաները չեն գալիս, բայց իրենք ոչ մի բան չեն ասում։ Ասում են՝ մեր երեխայի հետ կապված դեպք է եղել, ասում եմ՝ կոնկրետ ասեք, թե ինչ դեպք է եղել, չեն կարողանում ասել։ Բարեկամների մասին ես ասեմ հետևյալը, որ իմ բարեկամներին ես ընդհանրապես չեմ բերել, ընդամենը մի հատ հավաքարար եմ ընդունել, իսկ մյուս բարեկամները ինձ հետ նախօրոք աշխատելիս են եղել մինչև իմ՝ տնօրեն դառնալը՝ և՛ իմ եղբայրը, և՛ քեռուս հարսը, էլ ո՞վ կա, ուսմասվարն է մեր, որը, համենայդեպս, ոչ էս թվականից է աշխատում մեր դպրոցում։ Ես ոչ մեկին չեմ ընդունել, բացի հավաքարարից։ Ես 15 տարի է, ինչ տնօրեն եմ»։