Նաեւ՝ «Մշակութային Հրապարակ»

Նաեւ՝ «Մշակութային Հրապարակ»

Երբ 2017 թվականի վերջին որոշեցինք մասնակցել մշակույթի նախարարության հայտարարած փոքր դրամաշնորհների մրցույթին, բոլորովին հույս չունեինք, որ շահելու ենք։ Ի զարմանս մեզ՝ մեր հայտն ընդունվեց․ չնայած մեր խնդրած գումարի կեսն էլ չստացանք եւ երկար քննարկում էինք՝ համաձայնե՞լ, թե՞ հրաժարվել։ Բայց, ի վերջո, համաձայնեցինք մտնել այդ «բեռի» տակ, որի ֆինանսական մասը՝ տհաճ, իսկ ստեղծագործականը շատ հաճելի էր․ այս քաղաքական թոհուբոհի, շահի ու մորթապաշտության ժամանակներում հոգեւոր բավարարում պարգեւող, դաժան իրականությունից կտրող եւ մաքրագործող։ Մանավանդ՝ նման հավելված հրատարակելու գաղափարը հին էր, մի քանի տարի շարունակ փայփայված։ Բայց մենք չէինք պատկերացնում նաեւ, որ մեկ մամուլից բաղկացած «Հրապարակ մշակութային»-ը կարող է նման մեծ արձագանքի արժանանալ եւ մեր գերքաղաքականացված հանրությանը նույնպես գոհունակություն պարգեւել։ 2018-ին հրապարակված Հավելվածի 12 համարները շատ լավ ընդունվեցին։ Հատկապես մտավորական շրջանակները սկսեցին կարդալ, քննարկել, թղթակցել, մասնակցել հաջորդ համարի ստեղծմանը։ Իսկ դա մեր՝ լրագրողական աշխատանքի ամենահաճելի մասն է։ Եթե արձագանքում են, կնշանակի՝ մեր ջանքերն անիմաստ չեն, եւ աշխատելու մոտիվացիա կա։

Հավելվածի հաջողության գաղտնիքներից մեկը, իհարկե, խմբագրի՝ Սոնա Ադամյանի հետեւողականությունն ու բարեխղճությունն էր։ «Անպարտաճանաչ ու անկազմակերպ» մտավորականներին «աշխատեցնելու», հետաքրքիր ու բովանդակալից, օրվա հրամայականով թելադրված նյութեր պատրաստելու գործը մի ամբողջ տարի ընկած էր նրա փխրուն ուսերին, եւ նա պատվով դուրս եկավ այդ բեռի տակից։ Հիմա թեւակոխել ենք նոր փուլ։ Մեր նախորդ տարվա աշխատանքը, պարզվեց, մշակույթի նախարարությանը եւս դուր է եկել, եւ մրցութային հանձնաժողովն այս անգամ փոքրինչ ավելի շռայլ գտնվեց ու ավելացրեց դրամաշնորհի գումարը։ Հիմա Հավելվածը որպես ինքնուրույն միավոր է տպագրվելու։ Բարի երթ «Հրապարակ մշակութային»-ին։