Մենք չենք պատրաստվում իրար հետ աշխատել. Արման Աբրահամյան

Մենք չենք պատրաստվում իրար հետ աշխատել. Արման Աբրահամյան

Կոտայքի մարզի Քասախի համայնքապետի եւ ավագանու անդամների ջրերը մեկ առվով չեն հոսում: 2018թ.-ի հունիս ամսին Քասախում ավագանու ընտրություններում նախկին ավագանու անդամներից միայն մեկն է վերընտրվում, մնացած 10-ը՝ նորընտիր ավագանու անդամներ են:

Տեւական ժամանակ է, ինչ համայնքում ավագանու նիստեր տեղի չեն ունենում, կա´մ ավագանու անդամները բոյկոտում են նիստերը, կա´մ էլ՝ նիստերին չեն ներկայանում: 

Համայնքապետարանի քարտուղար Նարեկ Մկրտչյանի կարծիքով համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների միջեւ լարվածությունը զուտ անձնական բնույթ են կրում: Համայնքի ղեկավարը սիրված եւ հարգված  մարդ է, եւ հրաժարականի խնդիր չունի. «Եթե մեծամասնությունը պահանջի  համայնքի ղեկավարի հրաժարականը, կարող է հրաժարական տա, բայց 5 ավագանու անդամների եւ իրենց  հարազատների պահանջով, բնական է, հրաժարական չի տա: Նրանց խնդիրը համայնքի ղեկավարի հետ զուտ անձնական է: 10 ամիս անընդմեջ տարբեր դատավարական պրոցեսների մեջ են ներքաշել ոչ միայն համայնքի ղեկավարին, այլ համայնքապետարանի աշխատակիցներին: Դատարան են դիմում,  բոլոր հայցերը մերժվում  են:  Ավագանու անդամներն էլ մերժողներին էլ են մերժում՝ ասում են ինչ- որ կապ ունեն մեզ հետ,  որ մերժում են իրենց հայցերը»: 

-Պարո´ն Մկրտչյան, այս իրավիճակը ե՞րբ եւ ինչի՞ց սկսվեց: 

-Սկսվեց հեղափոխությունից հետո: Մեր համայնքում տեղի ունեցավ ավագանու հերթական ընտություն: Ընտրվեցին մի քանի նոր անդամներ, որոնք  այն ժամանակ ավելի ակտիվ, հիմա մի քիչ պասիվացած հեղափոխության անունից եկել են «հին հանենք, թազով գանք» էսպիսի կարգախոսով: Նրանք միջնորդեցին, մարզպետարանից եկան շատ մանրակրկիթ ստուգեցին 15 օր,  ստուգված թղթերն  ուղարկվեց դատախազություն: Դատախազությունն էլ  եւս մեկ անգամ զննեց եւ մերժեց հիմքերի բացակայության  պատճառով: Ապրիլի 11-ին   ավագանու նիստ չկայացավ:

 Փետրվարի  28-ին նիստ ունեիք, դրված էր 2019թ բյուջեյի եւ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվության մասով: Այդ  2 որոշումները  ավագանու անդամները չընդունեցին: Օրենքով սահմանված կարգով, համայնքի ղեկավարը պետք է ներկայացներ հրաժարականի դիմում եւ ավագանին 3-օրյա ժամկետում որոշում կայացներ ձայների 2/3 ի մասով: Չակերտավոր ընդիմադիր ավագանիների թիվ մեզ մոտ 6 հոգուց չի անցնում, իրենք չունեցան էդ քվեն եւ 3-օրյա ժամկետում  որեւէ որոշում չկայացվեց, բնականաբար համայնքի բյուջեն եւ հաշվետությունը համարեցինք ընդունված համայնքի ղեկավարի ներկայացված տարբերակով: Իրենք ընդվզեցին  դրա դեմ, ու հիմա բոյկոտում են, որ իրենց կարծիքը հաշվի չեն առնում»: 

Ըստ Մկրտչյանի՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար  համայնքի ղեկավարը կտրուկ քայլերի չի դիմում, փորձում են երկխոսության գալ, սակայն ավագանու անդամները իրենց սկզբունքով դեմ եմ համայնքի ղեկավարին. «Համայնքի ղեկավարի վարկանիշը գցելու համար գյուղի օդերը պետք ա փակ լինի,  էնպես անեն, որ չկարողանաք աշխատել,  ասեն, տեսեք համայնքի ղեկավարը չի աշխատում: Ունենք սուբվենցիոն ծրագրեր, նիստը բոյկոտում են, ծրագրերը հաստաված չեն: Ավագանու անդամները չեն գործում համայնքի շահերից ելնելով:

Այս պահին դեռ հորդորում են, որ եկեք նստենք նորմալ աշխատենք, երբ թերացում լինի, բարձրաձանեք, բայց շինծու գործեր 10 ամիս է անում են արդյունքի չեն հասնում»,-մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Մկրտչյանը:  

Փորձեցինք զրուցել նաեւ ավագանու անդամների հետ:  Ավագանու 6 անդամները, ովքեր մեկ թիմ են կազմել,  չեն պատրաստվում աշխատել գյուղապետր հետ: Նրանց պնդմամբ՝ համայնքի ղեկավարը օրենքի խախտումներով  շարունակում է աշխատել. «Աշխատակազմի ղեկավարը իր եղբոր տղան ա, համայնքի աշխատակիցները իր ենթականերն են, իրենց ձեւով ուզում են անցկացնեն նիստերը : Հեղափոխությունից հետո ընտրված ավագանին  շարժվում է նոր գաղափարներով ու արժեքներով:  Օրենքը մեր համար գերակա է: Գյուղապետը կոնկրետ հարցեր ա բերում մցնի օրակարգ,  առանց տվյալ օրակարգում սահմանված լինելու, էնպես, որ  հենց մցնի օրակարգ ու քվերակել տա: Դա ՏԻՄ օրենքի կոպիտ խախտում է: Նախվերջին նիստը հենց դրա արդյունք էր, որը մեր կողմից բոյկոտվեց: Նա պետք է հասկանա, ավագանու ինստիտուտը համայնքում գործում է: Մենք գրությամբ դիմել ենք ՏԿԱԻ նախարարություն, տվյալ նիստերի դիրքորոշման հետ կապված: Մարզպետարանի կողմից ստացել ենք դիրքորոշումը, որ նիստը օրենքի ընթացակարգային խախտումներով է ընթացել:   Տարածքայինն էլ իր դիրքորոշումը կտա,  կմտնենք դատարան, եւ դատական կարգով  կարգի հրավիրենք գյուղապետին, կա´մ էլ՝ հրաժարական թող տա: Գյուղապետի հրաժարականի պահանջը  ներկայացրել ենք ու էդ պահանջ մինչեւ օրս ուժի մեջ է: Մենք չենք պատրաստվում իրար հետ աշխատել: Մենք բացառում ենք համայնքում թալանը, բացառում ենք իր շքախմբով կեղծ աճուրդների կազմակերպումը, ու հիմա փաստացի այն աշխատանքները, որ կատարվում են համայնքում զուտ մեր ավագանու շնորհիվ է, որովհետեւ 30 տարվա գյուղապետը համայնքում էդքան գործ չէր արել, ինչ արեց 2018 թվականին, ու ինքը շարունակում է աշխատանքներ անել, որովհետեւ վախ ունի, մեր վերահսկողությունը ինքը զգում ա:
-Պարո´ն Աբրահամյան, 2018թ.-ին համայնքը Քասախ համայնքը լավագույնն է ճանաչվել «Տարվա նշանակալի առաջընթաց» անվանակարգում: Արդյո՞ք Ձեր վերահսկողության արդյունքն է: 
Ես էդքան համամիտ չեմ դրա հետ, ընդամենը ասֆալտապատման աշխատանքներ է կատարվել գլխավոր փողոցի ու Զորավար Անդրանիկի փողոցի հատվածում: Էդ աշխատանքները  կարող էին 30 տարիների ընթացքում կատարել: Ես չեմ խորանում, թե ի՞նչ ճանապարհով է  էդ պատվորգիրը եւ շքանշանը ձեռք բերվել:

Ինքը Սերժ Սարգսյանի կողմից էլ է պարգեւատրվել շքանշանով: Մարդուն գնահատում են իր աշխատանքով, ոչ  թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնում:  Էս մարդը 30 տարի ոչիչ չի արել գյուղի համար, բացի թալանելուց: Հարկ եղած դեպքում կներկայացնեմ գյուղապետի հայտարարագիրը: