Զորքը ավա՜ ր է ուզում․․․

Զորքը ավա՜ ր է ուզում․․․

 

 

Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը ավար է համարվում (մարդ, զենք, կենդանի, գույք ևայլն): Թշնամուց գրավված ամեն ինչ։ Չեմ մանրամասնում ավարի հետ կապված թալանը, կողոպուտը, հափշտակությունը։

Այս հեղափոխությունը ավար կիսելու նույն տրամաբանությունն ուներ։ Մարդիկ, ովքեր մասնակցել էին «պատերազմին», ստացան իրենց ավարը․․․ Ովքեր շուտ էին հասել, ովքեր շատ էին քայլել, ովքեր շատ էին փողոցներ փակել, ովքեր շատ էին գոռացել, ստացան ավելիով․․․

Նույնություն դրվեց թշնամուց հափշտակված ավարի ու սեփական երկիրը այլ իշխանության ձեռքն անցած ավարի միջև։ Ավարի մեծ տեսակների մասին չեմ խոսելու, դրանց տիրանում են հրամանատարները, ղեկավարները, որոնց մասին ժամանակի փորձությունն անցնելուց հետո կխոսի պատնությունը։ Կներկայացնեմ ավարի մի տեսակի մասին։

Իշխանությունը վերցրին իրենց ձեռքը ու այն կադրերը, որոնք նախկինն էին, սկսեցին ջարդել։ Կարևոր չէր նրանց օգտակարության աստիճանը։ Իշխանությունը վերցրին, ուրեմն կադրային ռազմական ավարն իրենցն է։ Ովքեր շատ էին քայլել, ովքեր ավելի բարձր էին գոռացել «Մերժիր Սերժին», նրանք ստացան ավարը՝  պաշտոնների տեսքով։ Կարևոր չէր ոչ կրթությունը, ոչ փորձը․․․

Այ դրա համար ենք այս օրին։ Սեփական երկրում կադրային ավար չեն անում։ Ամենաթանկ բանը կադրերն են։ Դրանք հեշտ չէ պատրաստել։  Ճիշտ չէ կադրերը նույնացնել համակարգի հետ։ Համակարգային բարեփոխումներ չարվեցին, թիրախ ընտրվեց նախկին կադրերը։ Նշանակվեցին խախուտ համակարգի վրա թույլ կադրեր ու շարունակվեց նույնը։ Փայտե խախուտ կամուրջը ճոճվում է։

Ասես ոչինչ չի փոխվել։

Կադրային բազան որպես հաղթանակած ավար օգտագործելը երկիրը կարող է կաթվածահար անել։ Հիմա տեսնում ենք պետական բարձրագույն համակարգում հրաժարականները և հրճվում՝ նախկիններից ազատվում ենք։ Կադրերը նախկին ու ներկա չեն լինում։ Կադրային բազան ազգային հարստություն է, չպետք էր նրանց վրա զորքին «քսի տալ» ու ասել՝ սև են, թշնամի են, հակահեղափոխական են։ Հաղթանակած զորքին նման դեպքում հեշտ չի պահել՝ ավա՜ր են ուզում․․․ Փաշինյանի համար հեշտ չի լինելու՝ զորքը ավա՜ր է ուզում․․․ Պատերազմից հետո ամենասարսափելին ավար կիսելու կռիվն է։ Սոսկալին այն է, որ հանրության մեջ նույնացվել են պատերազմի ու իշխանափոխության ավարները․․․

Դաժան է լինելու։