Ինչպե՞ս է Ուզունյանը լքել ՀՀ-ն․ այս գործով ՀՔԾ-ն «մեղավորներ» դեռեւս չի գտել

Ինչպե՞ս է Ուզունյանը լքել ՀՀ-ն․ այս գործով ՀՔԾ-ն «մեղավորներ» դեռեւս չի գտել

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ շարունակվում է հետախուզումը․ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Ըստ Դատախազության՝ նախնական քննության ընթացքում հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը 2014 թվականին քաղաքացիական գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդել, իսկ մյուս դեպքում՝ դեռ 2007 թվականին տեղի ունեցած հանցագործության քննության ժամանակ տուժողի օգտին գործողություններ է կատարել և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելու համար:

Իր այս գործողությունների համար, ըստ Դատախազության, այժմ  նախկին դատավորը քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13 հազար դոլարին, մյուս դեպքում՝ 38 հազար դոլարին համարժեք դրամի կաշառք: 

Բացի սրանից, Ուզունյանի՝ ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Օդանավակայանում նախկին դատավորի ճամպրուկում հայտնաբերվել էր մեկ փամփուշտ՝ առանց զենքի, թե ինչպես էր այդուհանդերձ նա լքել Հայաստանը, պարզ չէ։  ՀՔԾ-ից ասացին, որ այս գործով ոչ ոք դատավարական կարգավիճակ չունի։

ՀԳ ավելի ուշ՝ ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այս գործերը միացվել են եւ քննվելու են մեկ վարույթով։