Այս գործընթացի հիմքում չի դրված որևէ մեկին լիդեր դարձնելու խնդիրը
Դեկտեմբերի 11-ին Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ընդգծել էր. «Քաղաքացիական հասարակության և քաղաքական օրակարգի ձևավորման, փոփոխությունների իրականացման հետագա պատասխանավությունը և առաքելությունը պետք է ստանձնեն խորհրդարանից դուրս գտնվող, ժողովրդավարության արժեքներին նվիրված քաղաքական ուժերն ու գործիչները»: Նարինե Մկրտչյանը պատրաստակամություն էր հայտնել ստանձնել դրա կազմակերպչական գործառույթը:
- Տիկ. Մկրտչյան, ձեր նախաձեռնությունն ի՞նչ փուլում է: Արձագանքնե՞ր, հետաքրքրություն կա՞ հասարակական-քաղաքական շրջանակներից:
- Հայտարարությունից անմիջապես հետո ես մեկնեցի Թբիլիսի, որտեղից վերադարձել եմ դեկտեմբերի 16-ին: Արդեն երկու օր է, ինչ սկսել եմ հանդիպումների շարքը: Մինչև Թբիլիսի մեկնելը արդեն իսկ նկատելի էր հանրային հետաքրքրություն, եղան արձագանքներ, ձեռք բերվեցին քաղաքական խորհրդատվությունների մի քանի պայմանավորվածություններ: Այժմ ես ինտենսիվ հանդիպումներ, քննարկումներ եմ անցկացնում՝ մի շարք դեպքերում նաև իմ նախաձեռնությամբ:
- Ի՞նչ խնդիրներ եք քննարկում, և արդյո՞ք հարթ են ընթանում այդ հանդիպումները, քննարկումները:
- Դա քաղաքական գործընթաց է, մի շարք դեպքերում ընդհանուր հայտարարի միանգամից ենք գալիս, որոշ դեպքերում դա բոլորովին չի հաջողվում, և այստեղ, առնվազն այս քաղաքական պահի համար, քննարկոմները նրանց հետ ավարտվում են: Հայաստանը կանգնած է բարդ խնդիրների, սպառանալիքների դեմ հանդիման թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում: Նախկին արատավոր քաղաքական համակարգը չկա, նորը ստեղծվում է՝ հենվելով մեկ անձի վրա, և պետության հաջողությունն ու անհաջողությունը կախված է այդ մեկ անձից, ինչը վտանգավոր է: Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական այլընտրանք՝ գաղափարական հենքի վրա, կարող է առաջանալ քաղաքական վակուում, որը պետք է լցվի գաղափարականությամբ: Հայաստանի պետակաշինության մեջ լուրջ սխալներ են արվում, չկա քաղաքական օրակարգ, խնդիրները, քաղաքական ուղղությունը ձևակերպված չեն: Պետք է ազդել քաղաքական որոշումների ընդունման վրա, թույլ չտալով, որ պետության համար կարևորագույն որոշման ընդունումը կախված լինի մեկ անձից: Դա մենք արդեն տեսել ենք և տեսել ենք դրա վտանգները և բնույթը:
- Այդ այլընտրանքը ընդդիմությու՞ն է լինելու:
- Խնդիրը քաղաքական դաշտ, տիրույթ ձևավորելն է՝ ներկա ապաքաղաքական խորհրդարանին ալընտրանք ձևավորելը; Եթե իշխանությունը շարունակի ներքին և արտաքին այս քաղաքականությունը, ապա դա կարող է դառնալ ընդդիմություն:
- Հաշվի առնելով քաղաքական դաշտի լիդերության մշտական ձգտւմները, արդյո՞ք խանդ չի առաջացնի ձեր նախաձեռնությունը:
- Այս գործընթացի հիմքում բնավ չի դրված որևէ մեկին լիդեր դարձնելու խնդիրը, և եթե որևէ մեկը գալիս է լուծելու առաջնորդ կարգվելու խնդիր, ապա գալիս է հստակ ձախողելու և ձախողվելու: Իհարկե, շատ դեպքերում չկայացած, չդրսևորված հավակնությունները գլուխ են բարձրացնում, բայց դա ևս հաղթահարելի է:
Խնդիը մեկն է՝ ներկա ապաքաղաքական խորհրդարանը չի կարող ապահովել քաղաքական զարգացում: Հասարակության առաջընթացի, հասարակական հարաբերությունների առողջացման, արտաքին քաղաքական մարտահրավերներին արձագանքելու համար, ի հակադրություն այդ ապաքաղաքական մարմնի, բնականորեն, կձևավորվի քաղաքական այլընտրանք: Եվ պետք է խթանել այդ գործընթացը, բայց և՝ առանց ավելորդ շտապողականություն: Այս պահին թերևս ավելին ասել չեմ կարող, քանի որ գործընթացը նոր է սկսում:
-Իսկ ի՞նչ վիճակում է ընդդիմության դաշտը:
- Առայժմ քայքայված, թեպետ հուսով եմ, որ համախմբման գիտակցությունն աստիճանաբար կիշխի:
Կարծիքներ