Քասախում կրքերը չեն հանդարտվում.ավագանու անդամները տապալեցին նիստը

Քասախում կրքերը չեն հանդարտվում.ավագանու անդամները տապալեցին նիստը

Մի  քանի ամիս է, ինչ Կոտայքի մարզի Քասախ համայնքում կրքերը չեն հանդարտվում: 2018թ.-ին Կոտայքի մարզպետարանը Քասախ համայնքում իրականացրած վարչական հսկողության ժամանակ բազմաթիվ խախտումներ էր արձանագրել, որոնք քննելու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հաղորդում էր ուղարկել Կոտայքի մարզի դատախազին:
Իրավախախտումները վերաբերում են համայնքային գույքը չհաշվառելուն՝ տարեկան գույքագրման փաստաթղթերից դուրս է թողնվել մեծ ծավալի գույք, համայնքային աշխատողներին անթույլատրելի չափերով հավելավճարներ տալուն, գնումների ընթացակարգը միտումնավոր խախտելուն, տեղական տուրքերը թերի հավաքագրելուն:

«Քասախ» անվանումով 60 հատ նստարան 9 մլն 893,4 հազար դրամ արժեքով,  մինչեւ 2017 թ.-ի գույքագրումը որպես հիմնական միջոց ընդգրկվել է համայնքի հաշվեկշռում, սակայն 2017 թ. գույքագրման արդյունքներով հանվել է համայնքի հաշվեկշռից։ Ստուգման ժամանակահատվածում համայնքում նստարանները տեղում են եղել, բայց համապատասխան փաստաթղթավորումը բացակայել է։ 2017 թ.-ի գույքի հաշվառումից հանվել է նաեւ 40 աղբարկղ, որը մինչեւ 2017 թ.-ի գույքագրումն ընդգրկված է եղել համայնքի հաշվեկշռում։ Հանձնաժողովը հայտնաբերել է, որ բազմաբանակարան շենքը (նախկին մանկապարտեզը) ամեն տարի գույքագրվել է, սակայն 2017 թ.-ից հանվել է համայնքի հաշվեկշռից։ Պարզվել է նաեւ, որ բազմաբանակարան շենքը 2014 թ.-ի սեփականության իրավունքի վկայականով ներկայացված է կիսանկուղ:

Արա Մկրտչյանը առանց ավագանու համաձայնության, «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի եւ «Կոմունալ բարեկարգման եւ սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Արձանագրության մեջ ասվում է, որ նրանց կրթական ցենզը չի համապատասխանել նշված պաշտոնների համար ներկայացվող պահանջներին։

Ավագանու 04.12.2017 թ.-ի թիվ 62 որոշումով համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրուքաչափերի նկատմամբ հավելումներ եւ հավելավճարներ են սահմանվել։ Հավելավճար սահմանվել է նաեւ համայնքային ծառայության բնագավառում երկարամյա (առնվազն 5 տարի) աշխատանքային ստաժի համար, որտեղ կիրառել են գործակիցներ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, բայց նշված չէ բազային պաշտոնային դրույքաչափը։ Արդյունքում, 5 համայնքային ծառայողներ իրենց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 55-110% հավելավճար են ստացել։ Նման ձեւով հավելավճարներ տրվել են նաեւ նախորդ տարիներին։ Մինչդեռ, պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30%-ը։ 

Տարեսկզբից  ավագանու անդամները բոյկոտում են նիստերը: Մարտի 15-ին ավագանու անդամ Արթուր Մարդանյանը հացադուլ հայտարարեց: 2 օր հետո հացադուլը դադարեցրեց: Գյուղացիները ասում էին, որ  Արթուրին ոչ ոք չմիացավ, եւ նա ստիպված դադարեցրեց հացադուլը:
Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը, ով  ըստ տեղացիների գյուղապետի բարեկամն է, մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղի աշխատանքների հետ կապված ցանկացած հարցի կպատասախանի, բայց գյուղում տիրող իրավիճակի մասին խոսել չցանկացավ: 

Ապրիլի 8-ին Քասախի համայնքապետարանում տեղի  ունեցավ  հերթական ավագանու  նիստը, որի ընթացքում որեւէ օրակարգային հարց չքնարկվեց:  Նիստի ողջ ընթացքում ավագանու անդամների կեսը պահանջում էին համայնքի ղեկավար հրաժարականը,  մնացածը՝ դեմ էին համայնքի ղեկավարի հրաժարականին:  

Ավագանու անդամները բարձրաձայնում էին  համայնքի ղեկավարի խախտումների մասին, իսկ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն  էլ իր հերթին ասում էր, որ դա խախտում չի այլ ավագանու անդամների անձնական կարծիքը.      «Մեր ավագանու նիստերը վերջին շրջանում վերածվում են ոչ թե ավագանու, այլ   դատական նիստերի, որտեղ  իրար մեղադրում ենք: Եթե խախտել  ենք  օրենքի տարրերը,    դիմեք դատարան», -նիստի ժամանակ ասեց   Արա Մկրտչյանը: 
Որեւէ հարցում հայտարարի չգալով ավագանու անդամներից  լքեցին  դահլիճը, տապալելով նիստը: Նույն օրակարգի հարցերով ապրիլի 11-ին արտահերթ նիստ է նշանակվել:

Նշենք, որ  Արա Մկրտչյանը համայնքը ղեկավարում է 1996թվ-ից: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից իրականացվող "Լավագույն համայնք" ամենամյա մրցանակաբաշխությանը 6 անվանակարգերից մեկում (լավագույն, մաքուր, բարեկարգ, մշակութային, տարվա նշանակալից առաջընթաց, լավագույն ֆրանկոֆոն համայնք անվանակարգեր) Քասախ համայնքը լավագույնն է ճանաչվել Հայաստանի 2018թ-ի  Տարվա նշանակալի առաջընթաց» անվանակարգում: