Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու են դատարանում, իսկ ապացույցները կեղծվում են

Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու են դատարանում, իսկ ապացույցները կեղծվում են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննության է կանչել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Դա տեղի կունենա Մալաթիա-Սեբաստիայի դատարանում՝ փետրվարի 12-ին։

Այդ օրը կայանալու է հերթական նիստը «Ելք» դաշինքի ակտիվիստների եւ Մալաթիայի բնակիչ Արթուր Այվազյանի՝ հայտնի Մանախի միջեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունից 2 օր առաջ տեղի ունեցած միջադեպի գործով։

Փաշինյանը դեպքի վայրում չի եղել, բայց դատախազը պնդել է, որ նա հարցաքննվի
2017 թվականի մարտի 31-ին, հիշենք, «Ելքի» ակտիվիստները, նաեւ  նախկին թիկնապահ, ներկայում ԱԺ պատգամավոր ընտրված Հայկ Սարգսյանը, որոնք նախընտրական պաստառներով քարոզ անելիս էին եղել Մանախի թաղում, վիճաբանության էին բռնվել նրա հետ, որն ավարտվել էր ուժի կիրառմամբ։ Ոստիկանություն դիմողները եղել էին Նիկոլ Փաշինյանը եւ տուժող Հայկ Սարգսյանը։ Նրանք հայտնել էին, որ Արթուր Այվազյանը գողացել է իրենց դրոշները, վնասվածքներ պատճառել Հայկ Սարգսյանին, ատրճանակ ուղղել նրա վրա։ Մանախը, որին մեղադրում են խուլիգանության ու ապօրինի զենք կրելու մեջ, պնդում է, որ բռնության ենթարկվողն ինքն է, որ ընդամենը պահանջել է ակտիվիստներից գետնին չգցել եռագույնը, եւ որ ատրճանակի վրա իր մատնահետքերը չկան։

Նիկոլ Փաշինյանն այս գործով դատակոչված անձանց ցուցակում է։ Երբ գործը մտավ դատարան, այսինքն՝ 2017 թվականի սեպտեմբերին, Փաշինյանն ընդգրկվեց դատակոչի ցուցակում՝ որպես ընդդիմադիր պատգամավոր։ Այսօր նա երկրի թիվ մեկ իշխանավորն է, իսկ այս գործով տուժողը՝ Հայկ Սարգսյանը, «դիմադիր» պատգամավոր։ Ահա ինչու բոլորին է հետաքրքիր, թե ինչ ավարտ է ունենալու դատաքննությունը, եւ ում կողմն է պահելու դատարանը՝ ի դեմս Մալաթիա-Սեբաստիայի դատավոր Ռոբերտ Պապոյանի։ Դեկտեմբերի 17-ի նիստի ժամանակ ավարտելով մյուս բոլոր վկաների հարցաքննությունը՝ դատավոր Պապոյանը հարցրեց կողմերի կարծիքը՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ։ «Մենք ասեցինք, որ այդ վկայի հարցաքննության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մեծ հաշվով, Փաշինյանը գործի համար առանձնապես նշանակություն ունեցող ցուցմունք չի տվել։ Սակայն դատախազը պնդեց, եւ մյուս նիստին Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է»,- ասաց Արթուր Այվազյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 31-ի գիշերը տեսանյութ տարածեց, որում ՀՀ ընտրողներին պատմում էր «Ելքի» ակտիվիստ Հայկ Սարգսյանի վրա կատարված հարձակման մասին եւ նույնիսկ ատրճանակ էր ցուցադրում՝ այն պտտեցնելով գրիչի վրա, որ մատնահետքերը չջնջվեն։ Ի դեպ, փորձագետներն այդ ատրճանակի վրա Մանախի մատնահետքերը չեն հայտնաբերել։

Մի կողմ դնելով իրավական հարցերը
Սա Փաշինյանի համար լավ գովազդ էր լռության օրվանից մի քանի ժամ առաջ։ Տպավորություն ստեղծվեց, որ ՀՀԿ-ական իշխանությունը նիկոլականների դեմ հարձակում է ձեռնարկել։ Այն օրերին մամուլում նույնիսկ վարկած շրջանառվեց, որ նախկինում դատապարտված անվտանգության աշխատակից, թիկնապահ Արթուր Այվազյանը կապեր ունի Մալաթիա-Սեբաստիայի «իշխանիկ» Սամվել Ալեքսանյանի հետ, ինչն անհեթեթություն էր եւ հերքվեց Այվազյանի կողմից, որը նոր էր ազատվել 14 տարվա բանտարկությունից եւ հազիվ թե պատվերով հանցագործության գնար։ Դատական վերջին նիստն այս գործով հետաքրքիր է նրանով, որ բացահայտում է ոստիկանության փորձաքննական կենտրոնի աշխատանքի սկզբունքները։ Հարցաքննվում էին փորձագետներ Արմինե Աբաջյանն  ու Դավիթ Թովմասյանը։

Արմինե Աբաջյանը՝ քիմիկոս, 18 տարվա փորձագետ, սույն կենտրոնի փորձաքրեագիտական վարչության հատուկ հետազոտությունների բաժնի պետի տեղակալն է։ Դեպքից հետո նա անցկացրել է Արթուր Այվազյանի հագուստի հետազոտությունը եւ իր ենթակա Դավիթ Թովմասյանի հետ 19 փամփուշտ է հայտնաբերել Այվազյանի գրպանում, որոնք, սակայն, տարօրինակ կերպով չէին հայտնաբերել Այվազյանին ընթերակաների ներկայությամբ խուզարկած ոստիկանները։ Մանախը պնդում է, որ փամփուշտներն իրենը չեն, եւ որ դրանք հետագայում դրվել են փորձաքննության ներկայացված փաթեթի մեջ։

Փորձագետներն աշխատում են օրենքից դուրս
Փորձագետ  Արմինե Աբաջյանը դատարանին հայտնեց, որ իրեղեն ապացույցների փաթեթի կնիքը վնասված չէր, բայց փաթեթը կողքից բացված վիճակում է իրեն հասել։ Նա խոստովանեց, որ փաստն այս չի արձանագրել իր եզրակացության մեջ։ Ինչո՞ւ։ «Ես վստահում եմ իմ աշխատողին»,- բացատրեց Արմինե Աբաջյանը, որին կասկածելի չի թվացել փաթեթի բաց լինելու հանգամանքը։ Դատախազի հարցին, թե ինչքան բացվածք է արվում կողքից, ձեռքը կարո՞ղ էր մտնել, փորձագետը պատասխանեց․ «Բնականաբար, ձեռքը կարող էր մտնել»։

Նա նաեւ մեկ այլ սենսացիոն բացահայտում կատարեց ոստիկանության փորձագետների աշխատանքի վերաբերյալ․ նրանք հաճախ են կողքից բացում իրեղեն ապացույցների փաթեթները, եթե տեսնում են, որ «ապացույցները» թաց են կամ արյունոտ։ Ինքն էլ չի արձանագրում փաթեթի ամբողջականության խախտված լինելու փաստը, բացի այն դեպքերից, երբ փաթեթի մեջ թմրամիջոցներ են։ «Դեպքեր են լինում, երբ փաթեթում պահվող շորերը լինում են թաց կամ արյունոտ, լինում են հետքեր, որոնք հետագայում նեխում են ու փչացնում իրեղեն ապացույցները, դրանք չորացվում են ու դրվում փաթեթի մեջ»,- ասաց Արմինե Աբաջյանը՝ բացատրելով, թե ինչու իրեն չի զարմացրել, որ փաթեթը բաց է եղել կողքից։ Փաստորեն, քննիչները կամ փորձագետները ոչ միայն հաճախ են «կողքից բացում» իրեղեն ապացույցների փաթեթները՝ անթույլատրելի արարք կատարելով, ինչը կարող է վկայել ապացույցների կեղծման մասին, չորացնում են արյունոտ ու թաց առարկաները։ Ո՞վ կարող է այս դեպքում բացառել, որ չորացնելուց առաջ իրեղեն ապացույց հանդիսացող հագուստը մի լավ չեն լվանում լվացքի մեքենայի մեջ ու հետո միայն հագուստաբանական փորձաքննության ուղարկում։

Միեւնույն է, փորձագետները չեն արձանագրի փաթեթների ամբողջականության խախտված լինելը։ Ամբաստանյալ Արթուր Այվազյանի հարցին, թե արդյոք գոյություն ունի՞ որեւէ իրավական ակտ, օրենք կամ այլ փաստաթուղթ, կանոնակարգ, որով առաջնորդվում են փորձագետներն իրենց աշխատանքում, ե՛ւ Արմինե Աբաջյանը, ե՛ւ մյուս հարցաքննված փորձագետը՝ Դավիթ Թովմասյանը, պատասխանեցին, որ նման իրավական ակտեր չկան, եւ որ անհրաժեշտության դեպքում իրենք առաջնորդվում են խորհրդային իրավական ակտերով։ Սա այն կենտրոնն է, որը կասկածելի փորձաքննություն է անցկացրել Մարտի 1-ի գործով։ Դեկտեմբերի 17-ի նիստի ժամանակ պարզ դարձավ, որ այս հիմնարկը միանգամայն ընդունակ էր այն մասշտաբային կեղծիքներին, որոնց համար այս հիմնարկի փորձագետին եւ ՔԿ նախկին պետի տեղակալ Վահագն Հարությունյանին մեղադրում է ՀՔԾ-ն։ Ըստ քրեական գործի նյութերի, բախումների վայրից 1000 փամփուշտների պարկուճներ են հավաքել, որոնք արձակվել են բանակային զենքից, բայց փոխարինվել են ոստիկանների հրազեններից կրակված պարկուճներով։