Խոսելու շատ բան կա. Արմեն Գեւորգյանի գործով նիստը հետաձգվեց

Խոսելու շատ բան կա. Արմեն Գեւորգյանի գործով նիստը հետաձգվեց

Նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում` դրանք որակելով անհիմն: Գևորգյանը լրագրողների հարցերին մեծամասամբ խուսափողական պատասխաններ էր տալիս` ասելով, որ խոսելու շատ բան կա, բայց դեռ ժամանակը չէ: Այս գործով դատական նիստն այսօր չկայացավ. դատախազության միջնորդությունը պաշտպանական կողմը չէր ստացել և ծանոթ չէր:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 17-ին, որպեսզի պաշտպանական կողմին հնարավորություն տրվի ծանոթանալու միջնորդության բովանդակությանը:

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 14֊ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանը չկալանավորվեց։ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը:

Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում: Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: