«Պարոն Անանյան, Մաշադյանի հետ միասին դուք ազատված եք աշխատանքից»

«Պարոն Անանյան, Մաշադյանի հետ միասին դուք ազատված եք աշխատանքից»

 

Կարդում եմ Կարեն Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքը, ու ակամայից կանգ առնում այս բառերի վրա․ «Դեմիրճյանը կարող էր թերացման դեպքում բարկանալ գործընկերների վրա, սակայն գյուղացու, բանվորի, հասարակ ծառայողի վրա երբեք չէր բարկանում»։ Սա կարող է հասարակ , ուշադրության արժանի բան չթվալ, բայց սրա մեջ է ղեկավարման արվեստի բանալին։ Գործընկերները կամ մեր ժամանակներում արդեն թիմ անունը ստացած խումբը, որն իր վրա է վերցրել երկրի կառավարման պատասխանատվությունը, նա է ամեն ինչի համար պատասխանատու։

Իսկ հիմա  ինչպե՞ս է։ ՊԵԿ-ի նախագահը, կամ ինչու միայն նա, պետական բոլոր կառույցների  ղեկավարները միլիոնների հասնող պարգևատրություն են անում իրենց, մեր աղքատ, «հացին կակա ասող երկրում»,  շարքային հազարավոր քաղաքացիներն են աշխատանքից ազատվում։ Այս սկզբունքով՝ նրանց ստացած աշխատավարձը քիչ է՝ պետք է ավելի շատ ստանան։ Պետք է շարքայիններին կրճատել, որ բավարարեն խոշորներին։ Այդքանից հետո էլ շեֆերը  թե՝ արել ենք ու միշտ էլ անելու ենք։ Ու ավելի շատ ենք անելու։ Սա նույնն է, որ ասեն, էս աղքատ, հարիֆ ժողովրդի աչքն էլ հանելու ենք (իրենց աչքը հանեն)։

Կամ ինչու միայն պարգևատրությունները՝ բոլոր ոլորտներում։ Նորագավիթի մաքսատանը շարքային աշխատողին ազատում են աշխատանքից, հացից կտրում, թե ինչ է դրոշը դրված է եղել պատի անկյունում և վարչապետի առաջ զգաստ չի կանգնել։ ՊԵԿ-ի նախագահ Անանյանը կոկորդը պատռում է՝ ինձ ազատեք աշխատանքից, մեղավորը ես եմ, բայց նրան լսողը ո՜վ է․․․ Անանյանը որ իմանա՝  իր ասելով իրեն կազատեն աշխատանքից, այդպես չի գոռա՜․․․

Այ տղա, դու գանձ ես, անգին քար, ո՞նց կարող են հրաժարվել թանկարժեքից, «հենա մի խեղճ ու կրակի ազատում են» ու հայկական դրոշի, գերբի, պետականության մասին հայրենասիրական  ելույթներ ունենում։ Կամ մեկի բիզնեսին «խփելու համար» հարյուրավոր շարքային քաղաքացիների «հացին վայիս են դառնում»։ «Աչքներս վրեն մնաց», որ կանչեք Անանյանին կամ Անանյանի նման մեկին ու ասեք՝ պարոն Անանյան, Մաշադյանի հետ միասին դուք ազատված եք աշխատանքից։ Թե չէ՝ կոռուպցիայի գծով "բարեկամ եմ բռնե՜լ"։  Ընկել՝ հներին եք  քրքրում, մոռանալով, որ նորերն էլ նույնն են անում՝ ավելի կատարելագործված, ավելի քաղաքակիրթ ձևով։ Հիմա էլ Լոռու մարզպետը։ Ոնց ուզում, ինչքան ուզում, պարգևատրում է իրեն ու իր թիմին։ Ջհաննամ, թե շարքային աշխատողները «պռոշները ճաքած թուք էլ չեն գտնում, որ լիզեն»։

Դեմը առեք։ Չէ՜ , բա ոնց կլինի՜․․․ Մարզպետը կասի՝ «լոխը օտում են, ես պերան չօնե՞մ»։

Շարքային քաղաքացուց, տունը ցամաք հաց տանող մարդուց հեռու մնացեք պարոն վարչապետ, բան ունեք հասկացնելու, ձեր թիմին հասկացրեք, որ չեն հասկանում, թե ինչի համար են նշանակվել աշխատանքի։  Որին հարցնես նեղ միջավայրում, կասի՝ դե քայլել եմ, դրա համար էլ պաշտոն են տվել։  Նրանց վրա բարկացեք, աշխատանքից ազատեք, վերջում էլ, թե ուզում եք, «էն փափուկ տեղին մի հատ ոտով խփեք», դեմ չենք։ Շարքային աշխատողներին հանգիստ թողեք։ Եթե ձեր նշանակած կադրերի վրա ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ մեր աղքատ ժողովուրդը  քար ու երկաթ է, զմրուխտ ու ոսկի է, որ նմաններին դիմանում է։