Նոր ղեկավարն արդեն պաշտոնավարում է

Նոր ղեկավարն արդեն պաշտոնավարում է

Մենք հունվարի 16-ին գրել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու է Տիգրան Գալստյանը։ Նա ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդականն էր, ավելի վաղ եղել է (2009-2018) «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Գալստյանն անկուսակցական է։ Սակայն տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Վահան Կոստանյանը՝ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը, ով հետագայում դարձավ «Քաղպայմանագրի» մամուլի խոսնակը։

Սակայն, քանի որ ԱԺ աշխատակազմում լուրջ դժգոհություններ են առաջացել Կոստանյանի նշանակման կապակցությամբ, անգամ լուրեր կային, որ հնարավոր է նրա նշանակվելու արդյունքում աշխատակազմը բունտ անի, որոշվել է ավելի կոմպրոմիսային տարբերակի գնալ։ Մենք տեղեկացանք, որ Տիգրան Գալստյանի հրամանը դեռեւս չկա, սակայն նա արդեն քանի օր է՝ ԱԺ է գնում եւ կարգավորում բոլոր հարցերը, որոնք ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործառույթների մեջ են մտնում։

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ հեռանալու դիմումներ գրեցին նաեւ նրա տեղակալները՝ Արսեն Բաբայանը, Ռուբեն Գրիգորյանը եւ Գագիկ Մխեյանը։