Ցուցամոլության ու շքեղության մրցավազք-դրամահավաք՝ դպրոցում

Ցուցամոլության ու շքեղության մրցավազք-դրամահավաք՝ դպրոցում

Այն, որ Փաշինյանն իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի կեղծ կարգախոսներով, համոզվել ենք բազմիցս: Իհարկե, այսօր կան տարբեր ոլորտներ, որտեղ միջին օղակում վախենում են կաշառք պահանջել ու վերցնել: Սակայն ամենավերեւի օղակներում տիրող կոռուպցիան գերազանցել է «նախկինների» ժամանակների կոռուպցիային: Նույնը վերաբերում է դպրոցներում կազմակերպվող դրամահավաքներին, որը նույնպես կոռուպցիայի մի տեսակ է: 
Կան դպրոցներ, որտեղ տնօրեններն ու ուսուցիչները անգամ առիթից առիթ վախենում են ծաղիկներ ստանալ աշակերտներից: Այստեղ դրամահավաքության մասին խոսելն ավելորդ է: Դրանք հիմնականում այն դպրոցներն են, որոնց տնօրենները նշանակված չեն իշխանության մարդկանց կողմից եւ «վերեւներում» ամուր տանիք չունեն:

Բայց այլ իրավիճակ է այն դպրոցներում, որոնց տնօրեններն ունեն «ամուր հենարան» եւ դրամահավաքության «ամուր ու մնայուն» ավանդույթներ: Մեզ են դիմել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ավարտական դասարանի ծնողները՝ իրենց դժգոհությունը հայտնելով դպրոցն ավարտելու առիթով ծնողներից հավաքվող գումարի չափից: Իհարկե, բոլորս գիտենք, որ շրջանավարտ ունեցող ծնողների համար ծախսերն անխուսափելի են․ ավարտական հուշալբոմի, վերջին զանգի արարողության նկարահանման եւ այլ ծախսեր, ծաղիկներ ուսուցիչներին եւ այլն: Բայց այս դպրոցում հավաքում են այնքան, որ շրջանավարտների ուսուցիչներին, դասղեկին, տնօրենին, փոխտնօրենին «շնորհակալություն» հայտնեն:

Անգամ գնացուցակ են ներկայացրել. տնօրեն՝ 150 հազար դրամ, փոխտնօրեն՝ 100 հազար, դասղեկ՝ 150 հազար, այլ ուսուցիչներ՝ 50 հազար։ Դրան գումարած՝ ավարտական «վինետկան» ոչ թե սովորական հուշալբոմ, այլ դպրոցի եւ այս տարվա բոլոր շրջանավարտների մասին պատմող գիրք պետք է լինի, որի արժեքը 12 հազարից ավելի է: Մի քանի տասնյակ հազար դրամ ինչ-որ երգի տեսանկարահանման համար է նախատեսված, որը պետք է ցուցադրվի վերջին զանգի արարողության ժամանակ՝ մեծ էկրանին: Դասարանների միջեւ մրցավազք է, թե ում երգն ավելի լավն ու թանկարժեքը կլինի: Դահլիճում նկարահանումն արժե 100 հազար դրամ: Մի խոսքով, բոլոր ծախսերը միասին վերցրած հաշվել են եւ ծնողներին ասել, որ պետք է հավաքեն նվազագույնը 60 հազար դրամից սկսած: 20 աշակերտ ունեցող դասարանում դա կազմում է նվազագույնը 1 մլն 200 հազար դրամ:  

Թե որքանով է Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը տեղյակ եւ շահագրգռված այս դրամահավաքության մեջ, չենք կարող ասել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տիկին Ստեփանյանն ասաց, թե անտեղյակ է այս դրամահավաքության մասին եւ փորձում էր մեզնից իմանալ, թե կոնկրետ որ դասարանից, որ դասղեկից կամ ծնողից է եղել բողոքը: Իսկ դրամահավաքը տասն օրից ավելի է՝ ընթանում է: Մեր զանգից հետո տեղեկացանք, որ ծնողների «վայբերի» խմբերից ջնջվել են ծնողների եւ ծնողկոմիտեների գրագրությունները: Ի դեպ, այս տարվա մարտի 8-ին կազմակերպված դրամահավաքն էլ սկսվել, ապա դադարեցվել էր ծնողների բողոքներից հետո: Բայց այդ ժամանակ տնօրենի համար գումար նախատեսված չէր, այլ միայն՝ ուսուցչուհիների…

Պուշկինի անվան դպրոցը մայրաքաղաքի «պրեստիժնի» դպրոցներից է, որտեղ սովորել եւ սովորում են երկրի առաջին դեմքերի, բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները, եւ դպրոցի տնօրենն էլ ամենապաշտպանված ղեկավարներից է: Այս ավանդույթներից դժգոհ ծնողները, իհարկե, բացահայտորեն չեն բողոքում, բայց ասում են, որ բազմիցս դիմել են քաղաքապետարանի թեժ գծին։ Ի դեպ, Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այս դպրոցի շրջանավարտ է։