Զգացումների դրսեւորման օր

Զգացումների դրսեւորման օր

Այսօր Մարտի 8-ն է՝ սովետական ժամանակաշրջանից մեզ ժառանգություն մնացած այն փոքրաթիվ տոներից մեկը, որը սրբորեն նշում էին ՍՍՀՄ տղամարդիկ եւ շատ սիրում էին ՍՍՀՄ կանայք։ Եվ քանի որ այսօրվա մեր կյանքում տոներն այնքան շատ չեն, ուստի հիմա էլ անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիներն են շարունակում նշել այս տոնը, եւ կանայք առանձնապես վատ չեն զգում, որ այս տոնի հիմքում գերմանացի մարքսիստ եւ ֆեմինիստ Կլարա Ցետկինն է կանգնած։

Նման տոնի կարիք մեր կանայք չեն զգա միայն այն ժամանակ, երբ տարվա բոլոր օրերը նրանց հաճույք պատճառեն, եւ տղամարդիկ նրանց սիրեն, հարգեն, ծաղիկներ նվիրեն տարվա նաեւ մյուս օրերին՝ երբեմն ավանդույթ դարձած տոներից դուրս։ Հիմա դեռ դրան չենք հասել, եւ կանայք այս օրվան սպասում են ու հաշվում եւ հիշում, թե Մարտի 8-ին ով նվեր տվեց, ով անգամ խոսքով չհիշեց կանանց տոնը։

Հիշում են եւ դանդաղ ու հետեւողականորեն դա «վերադարձնում» շրջապատի տղամարդկանց՝ ամեն օր քիչ-քիչ թունավորելով, ամեն օր մի քիչ պակաս հոգ տանելով ու «չսիրելով» նրանց։ Նաեւ հասկացնելով, որ իրենք տղամարդկանց «ճորտը» չեն, որ Աստծո պարգեւած ամեն օրը ճաշ պատրաստեն, լվացք ու արդուկ անեն, երեխա բերեն ու խնամեն, դրան զուգահեռ էլ՝ փող աշխատեն ու ընտանիքի ֆինանսական հոգսերն իրենց ուսերին տանեն, դրա դիմաց ոչինչ չստանալով «ուժեղ սեռից»․ անգամ Մարտի 8-ին մի փոքրիկ նվեր, մի ծաղկեփունջ, մի տոնական համբույր, սիրո եւ ուշադրության մի աննշան դրսեւորում։

Այսօր սկսվում է կանանց «միամսյակը»՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած օրերն ընդամենը հնարավորություն են տղամարդկանց համար՝ ցուցադրելու իրենց սերն ու հարգանքը, իրենց երախտագիտությունը կանանց ու աղջիկների հանդեպ։ Պետք չէ «ժլատություն» դրսեւորել զգացմունքների դրսեւորման ժամանակ։