Հաստատվել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը

Հաստատվել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման եւ հավելավճարի տրամադրման կարգը: 

Նոր կարգով տարակարգերի համակարգը փոխկապակցվել է ուսուցչի մասնագիտական ստանդարտներին եւ չափանիշներին, որոնք հաստատված են ԿԳՄՍ նախարարի հրամանով: “Նշված ստանդարտներն ու պահանջները ներկայացնում են պետության հիմնական պահանջներն ուսուցչից` դասը վարելու, պլանավորելու, մանկավարժական համայնքի զարգացմանը մասնակցելու եւ այլ ուղղություններով: Այսինքն՝ մենք ներդնում ենք ուսուցչի կարիերայի զարգացման նոր մոտեցում”,- հարցը զեկուցել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նոր կարգով սահմանվել են ավագ, հմուտ, վերապատրաստող եւ հետազոտող ուսուցիչներին շնորհվող 1-4 աստիճանի տարակարգերի բնութագրերը։ 

Ըստ փոխնախարարի, նոր կարգի ընդունումից հետո առաջին եւ երկրորդ աստիճանի տարակարգի համար դիմելու հնարավորություն ունեցող ուսուցիչների շրջանակն էականորեն կընդլայնվի: Միաժամանակ ստեղծված է հնարավորություն` ավելի բարձր որակավորման պահանջների համապատասխանելու դեպքում, ուսուցիչը կարող է դիմել եւ միանգամից ստանալ տարակարգի ավելի բարձր աստիճան: Ուսուցչի որակավորման տարակարգը 5 տարի ժամկետով է տրվում: Ժ․ Անդրեասյանի խոսքով` որակավորման տարակարգի համակարգը գործելու է կամավոր ատեստավորման համակարգին զուգահեռ` ապահովելով աշխատավարձի բարելավման եւս մեկ հնարավորություն: