Ինգմար Բերգման․ «Աշնանային սոնատ»

Ինգմար Բերգման․ «Աշնանային սոնատ»

«Մի ամբողջ տարվա ընթացքում քառասնամյա գործունեության արդյունքները զննելն անսպասելիորեն դարձավ հյուծիչ աշխատանք, երբեմն՝ անտանելի։ Ես հանգեցի անողոք ու վճռական եզրակացության, որ իմ ֆիլմերն առավել հաճախ ծնունդ են առել հոգու ներքին տարածություններում, իմ սրտում, ուղեղում, նյարդերում, սեռական օրգաններում եւ, վերջին հերթին՝ աղիքներում։ Պատկերները կյանքի էին կոչվել անուն չունեցող ցանկությամբ։ Մեկ այլ ցանկություն, որը կարելի է անվանել «արհեստավորի բերկրանք», դրանք մարմնավորեց զգայական աշխարհի կերպարներում։ Այսպիսով, ինձ սպասվում էր նշել աղբյուրները եւ լույս աշխարհ դուրս բերել հոգու աղոտ ռենտգենյան նկարները։ Եվ դա անել՝ հիմնվելով գրառումների, աշխատանքային օրագրերի, վերադարձրած հիշողությունների եւ, իհարկե, յոթանասունամյա մարդու՝ հիվանդագին ու կիսով չափ ջնջված ապրումների հանդեպ իմաստուն հայացքի եւ օբյեկտիվ վերաբերմունքի վրա»։ Իր «Պատկերներ» գրքի նախաբանում, որից մի հատված մեջբերեցինք վերեւում, Բերգմանը պատմում է նաեւ «Աշնանային սոնատ» անմոռանալի ֆիլմի մտահղացման ու ստեղծման մասին։ 

Ռեժիսորի հուշերից
  
«Աշնանային սոնատի» ուրվագիծը գրվել է 1976թ․ մարտի 26-ին։ Դրա նախապատմությունը կապված է հունվարի սկզբին իմ գլխին թափված հարկերի հետ․ ես հայտնվեցի Կարոլինյան հիվանդանոցի հոգեբուժական կլինիկայում, այնուհետեւ՝ «Սոֆիահեմետում» եւ, վերջապես՝ Ֆորյոյում։ Երեք ամիս անց մեղադրանքը հանվեց։ Գործը հանցանքից վերածվեց ճղճիմ հարկային հարցի։ Իմ առաջին ռեակցիան էյֆորիկ էր։ 
  
Ահա թե ինչ է գրված աշխատանքային օրագրում․ «Գիշերը, արդարացումից հետո, երբ ես չէի կարողանում քնել՝ չնայած քնաբերին, ինձ համար պարզ դարձավ, որ ես ուզում եմ ֆիլմ նկարահանել մոր ու աղջկա, աղջկա ու մոր մասին, եւ այդ երկու դերերը ես պիտի հանձնեմ Ինգրիդ Բերգմանին ու Լիվ Ուլմանին՝ նրանց եւ միայն նրանց։ Հնարավոր է՝ տեղ գտնվի նաեւ երրորդ գործող անձի համար։ Մոտավորապես ահա թե ինչպիսին պիտի լինի այդ ամենը․ Հելենան ամենեւին գեղեցկուհի չէ, 35 տարեկան է, ամուսնացած է մի սիրալիր պաստորի հետ, ում անունն է՝ Վիկտոր։ Նրանք ապրում են պաստորական կալվածքում՝ եկեղեցուց ոչ հեռու, ապրում են ծխականների խաղաղ կյանքով՝ հետեւելով տարվա եղանակների հերթափոխին՝ այն ժամանակվանից ի վեր, ինչ իրենց փոքրիկ որդյակը մահացել էր անհասկանալի հիվանդությունից։ Նա վեց տարեկան էր, եւ նրա անունն էր՝ Էրիկ։ Հելենայի մայրը՝ աշխարհով մեկ շրջագայող անվանի դաշնակահարուհին, ուր որ է՝ պիտի ամենամյա այցելություն կատարի դստերը։ Ավելի ճիշտ՝ նա այստեղ չի եղել արդեն մի քանի տարի, այդ իսկ պատճառով պաստորական կալվածքում իրարանցում է, ուրախալի նախապատրաստություններ ու անկեղծ, թեպետեւ՝ վախվորած, սպասում։ Հելենան կրքոտությամբ երազում է մոր հետ հանդիպման մասին։ Նա նույնպես դաշնամուր է նվագում եւ սովորաբար դասեր է վերցնում մորից։ Համընդհանուր, անկեղծ ուրախություն հանդիպումից առաջ, որին ե՛ւ մայրը, ե՛ւ դուստրը սպասում են որոշակի վախով ու բուռն ոգեւորությամբ։ Մայրը հրաշալի տրամադրություն ունի։ Համենայնդեպս՝ նրան հաջողվում է ձեւացնել հրաշալի տրամադրություն։ Նրա համար ամեն ինչ պատրաստվել է լավագույն ձեւով, հյուրերի սենյակում նույնիսկ մահճակալի վրայի փայտե տախտակը (մեջքի համար) չեն մոռացել։ Նա Շվեյցարիայից բերել է նվերներ եւ այլն, եւ այլն։ 

Զանգերը կանչում են տոնական ժամերգության, եւ Հելենան պատրաստվում է այցելել շիրմին՝ Էրիկի շիրմին։ Նա յուրաքանչյուր շաբաթ օր գնում է այնտեղ։ Նա ասում է, որ Էրիկը երբեմն այցելում է իրեն, եւ ինքը զգում է նրա զգույշ, քնքուշ հպումները։ Մորը վախեցնող է թվում մահացած երեխայի վրա այդպիսի կենտրոնացվածությունը, եւ նա փորձում է փափուկ ձեւակերպումներով ստիպել Հելենային գիտակցելու, որ նրան եւ Վիկտորին հարկ է որդեգրել երեխա կամ լույս աշխարհ բերել եւս մեկին։ Ապա Հելենան մոր համար նվագում է ինչ-որ պիես, մայրը շռայլում է գովեստներ, բայց հետո, այնուամենայնիվ, ինքն է նվագում այդ պիեսը։ Եվ դրանով իսկ խաղաղ, բայց ազդեցիկ կերպով քարը քարի վրա չի թողնում դստեր հասարակ մեկնաբանությունից։

Երկրորդ գործողությունը սկսվում է այն տեսարանով, թե ինչպես է մայրը տառապում անքնությունից։ Նա հաբեր է ընդունում, գիրք է կարդում, դիմում է սովորական դարձած հմայախոսքերի օգնությանը, սակայն, միեւնույն է, չի կարողանում քնել։ Վերջիվերջո, նա ելնում է եւ գնում հյուրասենյակ։ Հելենան լսում է նրա քայլերի ձայնը, եւ այստեղ կատարվում է մի մեծ քողազերծում։ Կանայք պարզում են իրենց հարաբերությունները։ Հելենան առաջին անգամ համարձակվում է ասել ճշմարտությունը։ Մայրը շշմած է՝ տեսնելով դուրս ժայթքած ատելությունն ու արհամարհանքը։ Այստեղ վրա է հասնում մոր հերթը՝ խոսելու իր մասին, իր դաժանացման, տխրության, անհուսության, միայնակության մասին։ Նա պատմում է իր ամուսինների մասին, նրանց անտարբերության մասին, նրանց նվաստացուցիչ որսի մասին այլ կանանց հանդեպ։ Բայց տեսարանն ունի ավելի խոր իմաստ․ վերջիվերջո, դուստրն է ծնում մորը։ Եվ մի քանի կարճ ակնթարթ նրանք միաձուլվում են լիակատար համակեցության մեջ։ Սակայն առավոտյան մայրը մեկնում է։ Նա ուժ չունի դիմանալու լռությանը եւ նոր մերկ զգացմունքների։ Նա կազմակերպում է այնպես, որ իրեն ուղարկում են իր անհապաղ վերադարձը պահանջող հեռագիր։ Հելենան լսում է խոսակցությունը։ 
  
Կիրակի է, մայրը մեկնել է, Հելենան գնում է եկեղեցի՝ ամուսնու քարոզը լսելու։ Երկու գործող անձանց փոխարեն դարձան չորսը։ Միտքն այն մասին, որ Հելենան է ծնում մորը, բավականին խառնաշփոթ է, եւ, ցավոք, ես այն դեն նետեցի։ Չէ՞ որ գործող անձինք հետեւում են իրենց սեփական տրամաբանությանը։ Նախկինում ես փորձում էի նրանց սանձել եւ ուղիղ ճանապարհի վրա դնել, բայց տարիների ընթացքում խելք հավաքեցի ու սովորեցի նրանց թույլատրել իրենց պահելու այնպես, ինչպես իրենք են ուզում։ Դա հանգեցրեց այն բանին, որ ատելությունը ցեմենտավորվեց․ դուստրը չի կարող ներել մորը։ Մայրը չի կարող ներել դստերը։ Ներումը հիվանդ աղջնակի ձեռքերում է»։    
  
«Աշնանային սոնատի» սեւագիր տարբերակը ստեղծվել է գիշերային մի քանի ժամերի ընթացքում՝ լիակատար մեկուսացման ենթարկվելու շրջանից հետո։ Առաջվա պես հանելուկ է մնում մի հարց․ ինչո՞ւ հենց «Աշնանային սոնատը»։ Չէ՞ որ այդօրինակ ոչնչի մասին ես նախկինում չէի մտածել։ Ինգրիդ Բերգմանի հետ աշխատելու միտք ես վաղուց ունեի, բայց այդ միտքը չէր, որ խթան դարձավ այս պատմության համար։ Վերջին անգամ Ինգրիդին հանդիպել էի Կաննի կինոփառատոնում՝ «Շշուկներ եւ ճիչեր» ֆիլմի ցուցադրության առիթով։ Նա այդ ժամանակ գրպանս դրեց մի նամակ, որտեղ հիշեցնում էր միասին ֆիլմ նկարահանելու իմ խոստման մասին։ Անցյալում մենք ծրագրել էինք էկրանավորել Յալմար Բերգմանի «Վարիչուհի ֆրու Ինգեբորգը» վեպը։ Բայց, ահա, խորամանկ ակնարկ՝ ինչո՞ւ հենց այդ պատմությունը եւ ինչո՞ւ այդ պատրաստի տեսքով։ Սեւագիր տարբերակում այն ունի ավելի ավարտուն ձեւ, քան վերջնականում։ Ֆորյոյում անցկացրած ամառային մի քանի շաբաթների ընթացքում ես գրեցի «Աշնանային սոնատը», որպեսզի ինչ-որ բան ունենամ պահուստում՝ այն դեպքում, եթե «Օձի ձուն» ձախողվի։ Իմ որոշումը վերջնական էր․ ես այլեւս երբեք չեմ աշխատի Շվեդիայում։ Այդ իսկ պատճառով էլ երեւան եկավ «Աշնանային սոնատը» Նորվեգիայում նկարահանելու այդ տարօրինակ մտադրությունը։ Ըստ էության՝ ես ինձ լավ էի զգում Օսլոյի մերձակայքի պարզունակ տաղավարներում։ 1913 կամ 1914 թվականին կառուցված՝ դրանք այդպես էլ մնացել էին անձեռնմխելի։ Ճիշտ է՝ քամու որոշակի ուղղության դեպքում ինքնաթիռները թռչում էին հենց մեր գլխավերեւում։ Բայց մնացյալ առումներով ամեն ինչ հնաոճ ձեւով հաճելի էր։ Կար ամեն անհրաժեշտը, բայց՝ փոքր-ինչ խարխուլ ու անխնամ։ Բարեհամբույր աշխատակիցներ, թեպետ նրանց, այնուամենայնիվ, մի քիչ պակասում էր պրոֆեսիոնալիզմը։

Նկարահանումները ծանր էին ընթանում։ Այն, ինչը բնորոշում են որպես աշխատանքային տարաձայնություններ, իմ եւ Ինգրիդ Բերգմանի պարագայում չէր առաջանում։ Թերեւս, ավելի շուտ կարելի է խոսել լեզվական խառնաշփոթության մասին՝ առավել խոր իմաստով։ Առաջին իսկ օրը, երբ մենք փորձերի համար նախատեսված ստուդիայում միասին ընթերցում էինք սցենարը, ես հայտնաբերեցի, որ նա իր դերը՝ ձայնելեւէջներով ու ժեստերով, մշակել է հայելու առաջ։ Ակնհայտ էր, որ նրա մասնագիտական մոտեցումը բոլորովին այլ է, քան մերը։ Նա մնացել էր 40-ականներում։ Ըստ իս՝ Ինգրիդը տիրապետում էր ինչ-որ հանճարեղ, տարօրինակ կառուցված կոմպյուտերային համակարգի։ Չնայած ռեժիսուրայի ընկալման նրա մեխանիզմները տեղադրված էին ոչ այնտեղ, որտեղ մենք սովոր ենք, եւ որտեղ դրանք պիտի տեղադրվեն, նա, հավանաբար, ինչ-որ ձեւով, այնուամենայնիվ, ընկալունակ էր առանձին ռեժիսորների ազդակների նկատմամբ։ Ամերիկյան որոշ ֆիլմերում նա արտասովոր լավն է։ Օրինակ՝ Հիչքոկի մոտ, ում տանել չէր կարողանում, նա միշտ հրաշալի է։ Ինձ թվում է՝ նա այնքան էլ չէր ամաչում արտահայտել անհարգալիրություն ու թեթեւ ամբարտավանություն, ինչը, բնականաբար, ամենաճիշտ միջոցն էր՝ իրեն լսել ստիպելու։ Արդեն փորձերի ժամանակ ես հանգեցի այն եզրակացությանը, որ այստեղ խոսք լինել չի կարող ըմբռնողության ու նրբազգացության մասին։ Ստիպված էի դիմել ինձ համար սովորաբար անընդունելի մեթոդների, եւ, նախեւառաջ, ագրեսիվության։ Մի անգամ նա ինձ ասաց․ «Եթե դու ինձ չբացատրես, թե ինչպես է պետք ներկայացնել այս տեսարանը, ես քեզ ապտակ կհասցնեմ»։ Դա ինձ անչափ դուր եկավ։ Բայց, զուտ մասնագիտական տեսանկյունից, այդ երկու դերասանուհիների հետ աշխատելը դժվար էր։  
  
Դիտելով կինոնկարը հիմա՝ ես նկատում եմ, որ Լիվին ճակատագրի քմահաճույքին էի թողել այնտեղ, որտեղ պարտավոր էի նրան աջակցել։ Նա պատկանում է երբեւէ եղած ամենաշռայլ դերասանուհիների թվին՝ իրենց ամբողջությամբ, մինչեւ վերջ խաղին նվիրաբերող։ Երբեմն նա անցնում է ինքնուրույն նավարկության։ Եվ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ես չափից դուրս մեծ ուշադրություն եմ հատկացնում Ինգրիդ Բերգմանին։ Բացի այդ՝ Ինգրիդը դժվարությամբ էր հիշում տեքստը։ Առավոտները նա հաճախ լինում էր փշոտ, նյարդային, տխուր, ինչը լիովին հասկանալի էր։ Հիվանդության հանդեպ վախը նրան համառորեն պահում էր իր աքցաններում, եւ, միեւնույն ժամանակ, աշխատանքի մեր մեթոդները նրան թվում էին անսովոր ու անվստահելի։ Բայց նա ոչ մի անգամ փորձ չարեց խուսափել։ Նրա վարքագիծն առանձնանում էր բացառիկ պրոֆեսիոնալիզմով։ Չնայած իր բոլոր աչքի ընկնող թերություններին՝ Ինգրիդ Բերգմանը զարմանալի մարդ էր՝ շռայլ, լայնախոհ ու շնորհաշատ։ Մի ֆրանսիացի քննադատ դիպուկ նկատել էր, թե՝ «Աշնանային սոնատով» Բերգմանը ստեղծել է «բերգմանական ֆիլմ»։ Լավ է ձեւակերպված, բայց եզրակացությունը տխրեցնող է։ Ինձ համար։ Իմ կարծիքով՝ այդպես էլ կա․ Բերգմանը, իրոք, ստեղծել է բերգմանական ֆիլմ։ Եթե ուժ ունենայի իրականացնելու իմ սկզբնական մտադրությունները, դա տեղի չէր ունենա։ Ես սիրում եմ Տարկովսկուն եւ հիանում եմ նրանով, նրան համարում եմ մեծագույններից մեկը։ Իմ խոնարհումը Ֆելինիի առաջ անսահման է։ Բայց ինձ թվում է, որ Տարկովսկին սկսել է ֆիլմեր նկարահանել Տարկովսկու ձեւով, իսկ Ֆելինին վերջին շրջանում ստեղծել է մեկ-երկու ֆելինիական ֆիլմ։ Մինչդեռ Կուրոսավան չի ստեղծել ոչ մի կինոնկար Կուրոսավայի ձեւով։ Ինձ երբեք դուր չի եկել Բունյուելը։ Արագ հայտնաբերելով, որ իր հորինած հնարամտությունները բարձրացվում են բունյուելական հանճարեղության առանձնահատուկ աստիճանի՝ նա սկսեց դրանք կրկնել ու տարատեսակել։ Դա, պարզվեց, շնորհակալ զբաղմունք էր։ Բունյուելը գրեթե միշտ նկարահանել է բունյուելական ֆիլմեր։


  
Այսպիսով, ժամանակն է հայելու մեջ նայելու ինքս ինձ ու հարցնելու՝ ի՞նչ է կատարվում, մի՞թե Բերգմանը սկսել է նկարահանել բերգմանական ֆիլմեր։ Թերեւս, «Աշնանային սոնատը» դրա տխուր օրինակն է։ Բայց ահա թե ինչը ես երբեք չեմ իմանա․ ինչպե՞ս ստացվեց, որ այդպիսի օրինակ դարձավ հենց «Աշնանային սոնատը»։ Եթե ներսումդ երկար պահես որեւէ պատմություն կամ շրջան, ինչպես «Պերսոնայի» կամ «Շշուկներ եւ ճիչերի» պարագայում էր, ապա հետո հեշտ է հետեւել, թե ինչպես է կինոնկարը զարգացել եւ ստացվել այնպիսին, ինչպիսին ստացվել է։ Սակայն ինչո՞ւ «Աշնանային սոնատը» հանկարծ հայտնվեց իր հենց այդ տեսքով՝ անուրջի պես։ Հնարավոր է՝ սխալն այդտեղ էլ թաքնված է․ այն պիտի մնար անուրջ։ Ոչ թե անուրջների ֆիլմ, այլ՝ կինոանուրջ։ Երկու գործող անձ։ Իրադրությունը եւ մնացյալ ամեն ինչը մղված են երկրորդ պլան։ Երեք գործողություն՝ երեք տարբեր լուսավորության պայմաններում՝ երեկոյան լույսի, գիշերային եւ առավոտյան։ Ոչ մի ծանրաշարժ կուլիս․ երկու դեմք եւ երեք տարբեր լուսավորություն։ Թերեւս, այսպիսին էի պատկերացնում «Աշնանային սոնատը»։ Ինչ-որ հանելուկային բան է թաքնված այն ձեւակերպման մեջ, թե դուստրը ծնում է մորը։ Այստեղ քողարկված է զգացմունք, որը ես չկարողացա երեւան բերել մինչեւ վերջ։ Պատրաստի ֆիլմն արտաքուստ թողնում է ուրվանկարի տպավորություն, բայց դա խորապես սխալ է։ Ես հորատում եմ ճեղքը, բայց կա՛մ հորատն է կոտրվում, կա՛մ քաջություն չեմ ունենում բավականաչափ խորությամբ հորատելու։ Կա՛մ չունեմ ուժ, կա՛մ չեմ հասկանում, որ պետք է հորատել ավելի խորը։ Եվ այդժամ ես դուրս եմ քաշում հորատը եւ ասում, որ գոհացած եմ։ Սա ստեղծագործական հյուծվածության աներկմիտ ախտանշանն է, ընդ որում՝ բավականին վտանգավոր, քանզի ցավ չի առաջացնում»։ 

 

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ