Հայտարարության ամեն մի բառի տակ բովանդակություն կա

Հայտարարության ամեն մի բառի տակ բովանդակություն կա

ՀՅԴ համահայաստանյան գերագույն ժողովը, որը կայացել է ապրիլի 17-18-ին, երեկ օրվա երկրորդ կեսին վերջապես հայտարարություն տարածեց, որից պարզ է, որ ոչինչ էլ պարզ չէ։ Համենայնդեպս, գլխավոր հարցը՝ ՀՅԴ-ն միայնա՞կ է մասնակցելու ԱԺ արտահերթին, թե՞ դաշինքով, եւ եթե դաշինքով՝ ապա որ ուժերի հետ, այդպես էլ պատասխան չստացավ։ Մինչդեռ սպասվում էր, որ ընդհանուր ժողովում հստակ որոշվելու է մասնակցության ձեւաչափը։ Դրա փոխարեն նշված է, որ ԳՄ ընդհանուր ժողովը որոշել է․

«Ա. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը։

Բ. հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին»։

Մենք արդեն գրել ենք, որ այդ հարցի շուրջ դաշնակցականների միջեւ տարաձայնություններ կան՝ մի թեւը կարծում է, որ ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով իր նախկին բանաձեւերին, միայնակ պետք է մասնակցի, մյուս թեւը կողմնակից է Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով ընտրություններին գնալուն։ Սակայն մեկնաբանելու իրավունքը թողնենք ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ 

- Հայտարարության մեջ ասվում է, որ ԳՄ-ն է որոշելու ձեւաչափը, բայց քանի որ ԳՄ-ում մեծամասնությունը դաշինքով գնալու կողմնակից է, արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ այս հարցը որոշված է։

- Գրված է շատ պարզ եւ հստակ։ Ձեւաչափի մասին Գերագույն մարմինը կորոշի։

- Բայց ԳՄ-ում մեծամասնությունը դաշինքով մասնակցելու կողմնակից է, չէ՞։

- Ո՛չ հա, ո՛չ չէ։ Կգա ժամանակը, կիմանաք։

- Ե՞րբ, ե՞րբ կգա ժամանակը։

- Երբ կհայտարարվի ընտրությունների մասին։ Այստեղ խնդիրը դա է։ Երբ որ լինի ընտրություն, այդ ժամանակ մենք կխոսենք ձեւաչափի մասին։

- Բոլորը սպասում էին, որ հիմա հստակ հայտարարություն կլինի, բայց չեղավ։ Ինչո՞ւ։

- Այնքան հստակ ու սիրուն գրված է՝ որովհետեւ ընտրություն չկա։ Կլինի ընտրություն, կխոսենք։ Այնտեղ ամեն մի բառի տակ բովանդակություն կա։

- Իսկ կարո՞ղ է, բացի Ռոբերտ Քոչարյանից, էլի ինչ-որ ուժեր մտնեն…։

- Հիմա ինչ էլ հարցնեք, ասելու եմ նույնը՝ ձեւաչափի մասին կլինեն բանակցություններ, կխոսենք էդ մասին, էդ ժամանակ հանդես կգանք հայտարարությամբ։ Բայց մինչեւ այդ թող հրաժարական տա, նոր։

- Իսկ ժողովում բովանդակային քննարկում եղե՞լ է այս հարցերի շուրջ։

- Ժողովում, բնականաբար, ամեն ինչի մասին շատ խորքային, երկարատեւ խոսվել է։ Այնտեղ մի շատ կարեւոր ձեւակերպում կա՝ որ շարունակել պայքարել այս հայրենադավ իշխանությունների դեմ, անկախ նրանից՝ ընտրություն կա՞, թե՞ ոչ։

- Այսինքն՝ հնարավոր է, որ չլինի՞։

- Այո, դրա համար, եթե տեսնում եք, մենք անընդհատ կրկնում ենք՝ հավանական ընտրություն։ Մենք դա հայտարարել ենք հենց սկզբից, որպեսզի մեր համակիրների համար պարզ լինի, որ մենք մասնակցելու ենք, ու նաեւ ասել ենք, թե ինչու՝ որովհետեւ այդ ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր ազգային ինքնության եւ պետականության համար, եւ մենք դիտարկում ենք դրանք իբրեւ այդ ազգադավ իշխանություններին հեռացնելու միջոց։ Մենք ընտրություններին չենք մասնակցում մանդատ ունենալու համար։

- Անձամբ Դուք որքանո՞վ եք հավանական համարում, որ ընտրությունները կչեղարկվեն։

- Էդ հավանականությունը կա։

ՀԳ․ Կարող ենք ասել, որ ՀՀ երկրորդ նախագահի հետ ընտրություններին դաշինքով մասնակցության հարցը լուծված է։ Դաշնակցությանը Քոչարյանը պետք է օդուջրի պես, իսկ Քոչարյանին էլ, որն իր էությամբ հակակուսակցական գործիչ է, ընտրությանը մասնակցելու համար հին ու չդավաճանող ընկեր է պետք, ինչպիսին ՀՅԴ-ն է։

Հիշեցնենք․ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն 3,8 տոկոս ձայն էր ստացել։ Որպես Քոչարյանի եւ ՀՅԴ հնարավոր դաշնակից՝ նշվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը։