Նոկդաունդ անցած լինի, հարգելի խորհրդարան

Նոկդաունդ անցած լինի, հարգելի խորհրդարան

Սիրելի հայրենակիցներ, ես մի լուրջ առաջարկ ունեմ ԱԺ-ՍԴ մենամարտը դադարեցնելու հարցով: Տեսնում եմ, որ բոլորն ընկած՝ տարբերակներ են որոնում, թե ինչ անեն, որ ԱԺ-ն նոկդաունից դուրս գա ու վերջը հաղթի Հրայր Թովմասյանին: Էլի եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ դա հնարավոր չէ: Կարող եք ընդհուպ մինչեւ «պլան Ֆ» մտածել, միեւնույն է, մինչեւ Հրայր Թովմասյանին կամ ՍԴ-ին անվստահություն հայտնելու հիմքերը չլինեն, ԱԺ-ն ամեն անգամ հայտնվելու է նոկդաունի մեջ: Մենք, ինչ է, ԱԺ-ի մա՞հն ենք ուզում: Իհարկե` ոչ: Եվ որպեսզի ԱԺ-ն դանդաղ ու տանջալից վախճան չունենա, առաջարկում եմ ՍԴ-ի թեման փակել եւ նայել առաջ:

Ահա, մի անհամբեր ընթերցող ինձ ասում է. «Սլիխասովսկի, գլուխներս մի տար, դու առաջարկդ արա»: Շատ ներողություն, իհարկե, բայց այս դեպքում խոսքը խիստ կարեւոր հարցի է վերաբերում, եւ ես չեմ կարող զանազան պատգամավորների, հեղափոխական իրավագետների, առանձին ԶԼՄ-ների եւ այլոց հանգույն հապճեպ առաջարկ անել: Մի քիչ համբերեք, հիմա կհասնեմ առաջարկին:
Նախ, կուզենայի դիմել բոլոր այն գործընկերներիս, որոնք այս օրերին լուսաբանում էին ԱԺ-ՍԴ մենամարտը, բայց մի կես տող անգամ չգրեցին, որ ՍԴ-ն «շան տեղ չդրեց» ԱԺ մեծամասնության հոգու ճիչը, որ արտահայտվել էր լուսավորախառը մի աննախադեպ նախագծով: Այո, հենց այդպես՝ ՍԴ-ն «շան տեղ չդրեց» իրեն իրավական գործընթացի մասնակից համարող այդ խուռներամ բազմության՝ ուղեղի մորմոք հիշեցնող նախաձեռնությունը: Եթե հենց այս մոտեցումն իշխեր ԶԼՄ-ներում եւ ոչ թե այն կեղծ քննարկումը, թե հեսա նոկդաունից դուրս գալուց հետո ԱԺ-ն անցնելու է պլան Բ-ին, ԱԺ-ի ապագան, թերեւս, այսքան մշուշոտ չէր լինի: Նոկդաունից հետո, սովորաբար, մտածում են մարզիկին չկորցնելու մասին, մինչդեռ մենք նրան նորանոր «սխրանքների» ենք դրդում: Սիրուն չէ:

Այժմ՝ առաջարկս: ԱԺ-ին ժամանակ տանք՝ հավաքվելու եւ մի փոքր կազդուրվելու համար: Եվ երբ ամեն ինչ անցած կլինի, նոր գործընթաց սկսել, բայց բոլորովին այլ ուղղությամբ:

- Օրինակ ի՞նչ ուղղությամբ, Սլիխասովսկի…

Ահա, խնդրեմ, ֆեյքերը սկսեցին անհանգստանալ: Սա արդեն Վանեցյանին պաշտոնանկ անելու հետեւանքն է: Մարդը լավ էլ ֆեյքաորս էր սկսել Փաշինյանի հետ, ինչո՞ւ գործից հանեցին, ախր: Ի՞նչ էի ասում… Հա, նոր գործընթաց սկսելու մասին էի խոսում… Պետք է նոր, առավել դյուրին գործընթաց սկսել, բայց այս անգամ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ: ԱԺ-ն ռեաբիլիտացվելու այլ ճանապարհ պարզապես չունի: Հիմա բացատրեմ՝ ինչու: Ես համոզված եմ, որ Նիկոլը փոխվողը չէ, իսկ դա նշանակում է, որ օրենսդիր մարմինը, քանի դեռ Նիկոլը կա, միշտ հայտնվելու է այսպիսի եւ նույնիսկ սրանից ավելի ծանր նոկդաունների մեջ: Հասկանում եմ, Նիկոլը կարող է զայրանալ, «կծոտել», «քացի տալ», բայց պետք չէ դրան ուշադրություն դարձնել:

Դրանք ընդամենը հակազդման բնազդներ են, որ դրսեւորում են բոլոր պաշտոնյաները, երբ նրանց ներքեւ են իջեցնում կամ, ինչպես Փաշինյանն է ասում՝ Աբրահամի պես հեռացնում դրախտից: Մեր հարեւան Վրաստանն այսօր նոր վարչապետ ունի, որովհետեւ նախորդը հրաժարական տվեց եւ, որքան մեզ հայտնի է, խորհրդարանի համապատասխան կեցվածքի, այն է՝ համաձայնության պատճառով: Հասկանալի է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը պետք է սկսել եւ առաջ տանել օրենքի տառին ու բոլոր ժամկետներին համապատասխան:

Հակառակ դեպքում՝ ԱԺ-ն կարող է հայտնվել նոր նոկդաունում ու ցրվել վարչապետի պահանջով: Որպեսզի նման բան տեղի չունենա, ահա թե ինչ եմ մտածել: Վստահ եմ, որ նա, ով մինչ այժմ «ծեծում էր» ԱԺ-ին, կօգնի վերջինիս՝ պաշտոնանկ անելու վարչապետին: Խոսքը ՍԴ-ի մասին է: Պետք է նամակ գրել ՍԴ նախագահի անունով եւ խորհրդատվություն խնդրել՝ թե ոնց անենք, որ ամեն ինչ տեղի ունենա Սահմանադրության տառին համապատասխան՝ Նիկոլն անցնցում հեռացվի, ԱԺ-ն էլ մնա իր տեղում: Այն էլ ասեմ, որ երբեք չպետք է մոռանալ ԱԺ պատգամավորների հարյուր հազարավոր ընտրողներին: Այս առումով ԱԺ-ն լուրջ առավելություն ունի Փաշինյանի նկատմամբ, որ առաջին ու վերջին անգամ օրինական վարչապետ է ընտրվել բացառապես ԱԺ քվեարկություններով:

- Սլիխասովսկի, բա որ Փաշինյանին հեռացնենք, մեզ ո՞վ է տիրություն անելու,- հարցնում է հայտնի աներձագը՝ «Իմ քայլից»:

- Ճիշտն ասած՝ գաղափար չունեմ, ապեր: Իմ ասածն ուրիշ բան է: Ես ասում եմ՝ ոչ թե ձեզ, այլ երկրին է տեր պետք:

ՀԳ. ԱԺ մեծամասնական պատգամավորներն ինձ երբեմն հարցնում են՝ դու ինչպե՞ս ես կարողանում լուրջ բաների մասին «անլուրջ» տոնով գրել: Հարցին հարցով եմ պատասխանում՝ ո՞ր լուրջ բաների: «Տուտժե» լսում եմ՝ մեր հեղափոխական իշխանությունների: Զարմանալի մարդիկ եք, ասում եմ, ուրեմն լուրջը ձեր հեղափոխական իշխանություններն են, իսկ անլուրջը ե՞ս: Երկու տարում մի ամբողջ երկիր մասխարա դարձրիք աշխարհի առաջ եւ դեռ դո՞ւք եք լուրջը: Բա որ այդքան լուրջ եք, մի հարց տամ՝ ո՞րն է աշխարհի ամենավտանգավոր կենդանին: Չշտապեք պատասխանել, դա ոչխարը չէ… Իմացեք՝ աշխարհի ամենավտանգավոր «կենդանին» անգրագետ եւ կատաղած Պողոսն է, որին արդեն հունից հանում եք: