Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք սցենար

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք սցենար

Bloomberg-ի վերլուծաբանները նկարագրել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք հնարավոր սցենար:
Դրանք ներկայացված են հոդվածում, որը նվիրված է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաների արձագանքին, որոնք չեն տեղեկացվել դրա մասին։
Հրատարակությունը գրում է, որ չնայած Թրամփի վստահությանը, դեռևս պարզ չէ, թե արդյոք հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնագրի, քանի որ Պուտինը դեռ «զիջումների գնալու հակում չի ցուցաբերում»։ Այնուամենայնիվ, գործակալությունը կարծում է, որ Ուկրաինայում կարգավորման «լայն ուրվագիծն» արդեն տեսանելի է։

Հիմնական (և ամենահավանական) սցենարը. Տեսանելի ապագայում Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցված Ուկրաինայի տարածքները կմնան «առկախ վիճակում» և Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողության տակ։ Հնարավոր են որոշ տարածքային փոխանակումներ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված Կուրսկի մարզի մի մասը։ Ուկրաինան կստանա անվտանգության որոշ երաշխիքներ, և բանակցությունների մեծ մասը կկենտրոնանա այն բանի վրա, թե որքան ուժեղ կլինեն այդ երաշխիքները: 

Քանի որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հավանաբար, առայժմ բացառված է, այդ երաշխիքներով ստանձնած պարտավորությունների կատարումը կամ չկատարումը կախված կլինի ապագա քաղաքական առաջնորդների որոշումներից։ 

Եթե ​​Եվրոպային հաջողվի կապ հաստատել Սպիտակ տան հետ, այն կարող է համոզել ԱՄՆ-ին պահպանել Ուկրաինային աջակցությունը, մինչ ԵՄ երկրները զարգացնեն իրենց սեփական կարողություններն այդ ուղղությամբ:
Լավագույն (և իդեալական Կիևի համար) սցենարը. ԱՄՆ-ն և եվրոպական երկրները խոստանում են միջամտել, եթե Ռուսաստանը խախտի խաղաղության պայմանագրի պայմանները։ Բայց Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության սպառնալիքը անհանգստություն է առաջացնում նույնիսկ Ուկրաինայի ամենամոլի կողմնակիցների շրջանում, նշում է Bloomberg-ը։ Փոխարենը, Կիևի դաշնակիցները կարող են խոստանալ մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, վերսկսել կամ ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, աջակցել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը և բարեփոխել Ուկրաինայի զինված ուժերը՝ դրանք դարձնելով Ռուսաստանի համար հիմնական զսպող գործոնը: Այս սցենարը կարող է նաև ճանապարհ հարթել Ուկրաինայի համար 10 տարվա ընթացքում Եվրամիությանն անդամակցելու համար, ինչն իր հերթին կամրապնդի ԵՄ-ի արևելյան թեւը:

Ամենավատ (և «մղձավանջային» Կիևի համար) սցենարը. Թրամփը կարող է կորցնել հետաքրքրությունը Ուկրաինայի ապագայի նկատմամբ՝ նախքան որևէ գործարքի հասնելը, դադարեցնելով ռազմական և ֆինանսական օգնությունը՝ Եվրոպային թողնելով ինքնուրույն լուծել բոլոր խնդիրները։

ԱՄՆ-ն, հիշեցնենք, դեռևս չի ներկայացրել հակամարտության հնարավոր ավարտի պաշտոնական ծրագիր՝ չնայած Թրամփի համապատասխան խոստումներին և հայտարարություններին: