«Աշխատանքային գործուղում»՝ պատերազմի թեժ օրերին

«Աշխատանքային գործուղում»՝ պատերազմի թեժ օրերին

Լրատվամիջոցներում հայտնվել է ԱԺ նախագահի ստորագրությամբ մի կարգադրություն (պատճեն), ըստ որի՝ 2020 թ. հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտ են գործուղվել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ թվով 10 հոգի (Արարատ Միրզոյան, Հրաչյա Հակոբյան, Սիսակ Գաբրիելյան, Շիրակ Թորոսյան, Արեն Մկրտչյան, Ռուստամ Բաքոյան, Վաղարշակ Հակոբյան, Գայանե Աբրահամյան, Լուսինե Բադալյան, Սերգեյ Ատոմյան)։ Կարգադրությունը ստորագրած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քանի որ գործուղվածների թվում է, իսկ խումբը փաստաթղթում ներկայացվում է որպես «պատվիրակություն», ուրեմն կարելի  է ասել, որ նա նաեւ պատվիրակության ղեկավարն է։ Հիմա փորձենք հասկանալ, թե այդ ի՛նչ պատվիրակություն է ղեկավարել ԱԺ նախագահը։

Գործուղման բնույթը, ինչպես նշված է կարգադրությունում, աշխատանքային է, ուրեմն պատվիրակությունը պատերազմի ամենաթեժ, ճակատագրական օրերին Ստեփանակերտում եղել է «աշխատանքային» նպատակներով։ Սա թերեւս կարելի լիներ հասկանալ եւ համարել բնական, եթե զարմանքի առիթ չտար պատվիրակության կազմը․ նրանք բոլորն իմքայլականներ են՝ վերից վար․ ո՛չ մի «օտար» մարդ, ո՛չ մի «օտար» աչք։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Պատվիրակությունն ինչի՞ էր պատրաստվում ականատես լինել Ստեփանակերտում, որ չպիտի տեսնեին «օտարները»՝ որեւէ ԲՀԿ-ական կամ ԼՀԿ-ական։ Պատվիրակությունն ի՞նչ հանդիպումներ էր նախատեսում անցկացնել Ստեփանակերտում, ո՞ւմ հետ, որոնց չպիտի մասնակցեին ընդդիմության ներկայացուցիչները։ Այդ երբվանի՞ց են աշխատանքային գործուղումների մեկնելիս ԱԺ պատգամավորական պատվիրակությունները կազմավորվում այս տարօրինակ ձեւաչափով՝ միայն իշխող ուժի ներկայացուցիչներից։ 

Կարելի էր, անշուշտ, մեծ երեւակայություն ունենալ եւ կարծել, թե այդ պատվիրակությունը առաջնագիծ մեկնած ՔՊ ջոկատի պատգամավորական «ռեզերվն» է եղել, բայց նման ընկալմանը խանգարում է չնչին մանրուք․ պատվիրակության անդամները ԱԺ բյուջեից գումարներ են ստացել՝ ճանապարհի, կեցության, օրապահիկի եւ ներկայացուցչական ծախսերի համար՝ «ըստ կարգի», ինչպես նշված է փաստաթղթում։ Հետեւաբար, սա ռեզերվ չի եղել, այլ մեկ ուրիշ խումբ, որը պատերազմող Արցախ է մեկնել գործուղման «ռեժիմով» եւ ստացել համապատասխան ֆինանսական փոխհատուցում (չնայած պատգամավորների այդ խմբից հիանալի «ռեզերվացու» կարող էր լինել, օրինակ, Սիսակ Գաբրիելյանը, որը ռազմիկի իր մարտաշունչ բնույթը, ափսոս, պիտի ցույց տար շատ հետո՝ ԱԺ շենքի մատույցներում)։  

Սույն պատվիրակության անդամները չեն վարանել ԱԺ բյուջեից գումարներ ստանալ, ընդսմին՝ անհայտ է ինչի՛ համար, եւ դա այն դեպքում, երբ նույն օրերին աշխարհի ողջ հայությունը լումա-լումա միջոցներ էր հավաքում՝ պատերազմից արյունաքամվող մեր երկրին սատարելու համար։