Բտում եք պետական պաշտոնյաներին, որ ի՞նչ․․․

Բտում եք պետական պաշտոնյաներին, որ ի՞նչ․․․

Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանի ելույթից ընդամենը մի նախադասություն․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

30 May 2018 ·

Մենք պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նա կանգնի, ամուր կանգնի մեզ վրա ու բարձրանա, ու հզորանա։

Ո՞վ է մենքը։ Բնական է, իշխանությունը։ Եթե իշխանությունը հող է  դառնում ժողովրդի ոտքերի տակ, ուրեմն իրենից ամեն ինչ պիտի կտրի ու առաջին հերթին անի ժողովրդի համար։ Հող դառնալը ինքնազոհության ամենավերջին աստիճանն է։

Փաշինյանի ստատուսի տակ հարյուրավոր հուզիչ գրառումները երբ կարդում էի 2018 թվականի մայիսի 30-ին, այլ զգացում էի ապրում։ Իսկ երբ կարդում եմ այսօր՝ արդեն տարիուկես անց, մի տեսակ խղճահարություն եմ զգում մարդկանց հանդեպ, ովքեր  հավատում էին։  Գուցե Նիկոլ Փաշինյանը կարդար իր ստատուսի տակ մեկ ու կես տարի առաջ գրված գրառումներն ու խորհեր, թե ինչ «սև կատու է անցել» իր ու ժողովրդի միջև, որ չկա առաջվա ոգևորությունը, ուրախությունը, վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը, ամենակարևորը՝ հավատը։

Հավատը սարեր է շրջում, նրա առաջ անհաղթահարելի ուժ չկա։ Փաշինյանը կարող էր այդ զենքով Հայաստանը դարձնել ծաղկուն մի հովիտ, որտեղ կտիրեր, ինչպես ինքն էր խոստանում, սեր ու հանդուրժողականություն։ Բայց նա այլ ճանապարհ ընտրեց ու այսօր տեսնում ենք, որ ժողովուրդն է հող դարձել իշխանության ոտքերի տակ, ու իշխանությունը կանգնել, ամուր կանգնել է այդ հողի վրա, որ նա բարձրանա, հզորանա, ծաղկի, բարգավաճի։ Իսկ հողը, որ բազում իշխանությունների է բարձրացրել, արդեն անուժ կփշրվի այս իշխանության ոտքերի տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացման հարցն է օրվա թեման։ Դա արվել է գաղտնի։ Առանց մեկնաբանելու թեման, ուզում եմ հասկանալ՝  այդ ո՞նց են հող դառնում ժողովրդի ոտքերի տակ։ Եթե հող են դառնում, ժողովուրդը պիտի սնվի նրանցից, այլ ոչ թե իրենք ժողովրդի հարկերի հաշվին պարարտանան։ Երբ հարցը որևէ խոցելի խմբի աշխատավարձի մի քանի տոկոս բարձրացմանն է վերաբերվում, ասում են՝ չկա՜, դատարկ է բյուջեն, երբ իրենց  է վերաբերվում փողի քսակը լրիվ բացում են։ Հարկերի համահարթեցումն  էլ, որին այդքան դեմ էին միջազգային կազմակերպությունները, «սղղալով անցկացրին», որպեսզի միլիոններ ստացողները հարկվեն կոպեկներ ստացողներին հավասար։ Սա նշանակում է, որ պաշտոնյաների  աշխատավարձերի այդ չափի բարձրացումը նախատեսել էին շատ առաջ։

Բտում եք պաշտոնյաներին, որ ի՞նչ, երբ ժողովուրդը քաղցած է։ Այդպե՞ս եք հող դառնում։