Աղքատներն ամսական իրենց 400 դրամը տալու են պետությանը

Աղքատներն ամսական իրենց 400 դրամը տալու են պետությանը

Գույքահարկի մասին նոր օրենքի քարոզիչների հիմնական կռվանն այն է, որ դրա բեռն ընկնելու է հարուստների վրա, որոնք շատ չեն։ «Հայաստանում կա ընդամենը 9 հազար 500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների մոտ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու»։ Սա խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքից է։ Իսկ էժան բնակարանների տերերը չեն տուժելու, քանի որ վճարման ենթակա գումարների տարեկան չափը շատ մեծ չի լինելու։

Համոզվելու համար, որ իշխող քաղաքական ուժը՝ պատգամավորներով, պաշտոնյաներով, ստում է, խորանանք թվերի մեջ, համադրելով դրանք Երեւանի աղքատության քարտեզի հետ։ Ամենաէժան՝ 10 մլն դրամանոց գույքի համար, որը թերեւս միայն ծայրամասերի նախկին հանրակացարանային շենքերում է, տարեկան պետք է վճարել մոտ 5 հազար դրամ։ Այդ շենքերում ապրող ամենաաղքատ բնակիչների համար հեռախոս լիցքավորելը խնդիր է։ 400 դրամի հեռախոս լիցքավորելով, նրանք կարողանում են կես ամիս խոսել, կես ամիս էլ «ծնգացնել», կարող են 4 օր հաց առնել կամ 8 հատ ձու գնել, որը նրանք կուտեն մոտ մեկ շաբաթ։ Գույքահարկի ավելացման դեպքում նրանք իրենց հացի, ձվի կամ «ծնգացնելու» 400 դրամը ստիպված են լինելու տալ համայնքին։

15 միլիոնանոց բնակարանի համար, որն ամենահեռու ծայրամասում մեկ սենյականոցի գինն է, տարեկան 7000-8000 դրամ են վճարելու, 20 մլն-անոցի տերը, որն ապրում է կիսաքանդ, չվերանորոգված տան մեջ, տարեկան տալու է 11000-15000 դրամ եւ ավելի, իսկ 35-40 մլն, այսինքն, մոտավորապես 70-82 հազար դոլարանոց բնակարանների տերերը տարեկան մուծելու են մոտ 34 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 3000 դրամ կամ մի քիչ ավելի։ Այս գումարով նրանք կարող են մի ամբողջ ամիս անսահմանափակ ինտերնետ կամ կաբելային հեռուստացույց ունենալ, իսկ միայնակ ապրողների համար դա մեկ ամսվա հացի փող է, եթե հաշվենք, որ միայնակ ապրող միջին վիճակագրական քաղաքացին օրական 100 գրամանոց մեկ հաց է գնում։