Ո՞ր բուհերում ուսման վարձերը կթանկանան

Ո՞ր բուհերում ուսման վարձերը կթանկանան

Մենք արդեն գրել ենք, որ ամիսներ առաջ Երեւանի պետական համալսարանի ռեկտորն իր, պրոռեկտորների, աշխատակազմի ղեկավարի աշխատավարձերը կրկնակի եւ ավելի բարձրացրել է, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը կբարձրանան միայն 10 տոկոսով, այն էլ՝ սեպտեմբերից։ Բայց աշխատավարձերը բարձրացնելու համար ԵՊՀ-ն որոշել է նաեւ մի շարք ֆակուլտետներում ուսման վարձերը բարձրացնել։ Ուսման վարձերի բարձրացումները տարբեր ֆակուլտետներում տարբեր են լինելու՝ 25-120 հազարի սահմանում։ Նոր «սակագինը» գործելու է սեպտեմբերի 1-ից եւ տարածվելու է այս տարի միայն առաջին կուրսեցիների եւ հաջորդ տարիներին ընդունվածների վրա։ Ակնհայտ է, որ ուսման վարձերը բարձրացնելուն զուգահեռ, կավելանա նաեւ սոցիալական լարվածությունը, քանի որ այնպես չէ, թե ուսանողների ծնողները վճարունակ են։ Ի դեպ, ԵՊՀ ռեկտորը նկատել էր, որ վարչական մասի (ռեկտոր, պրոռեկտոր) աշխատավարձը բարձրացրել է բուհի խնայողությունների եւ կրճատումների հաշվին։

Փորձեցինք հասկանալ, թե էլ որ բուհերում են նոր ուսումնական տարուց բարձրանալու ուսման վարձերը։ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նախ նշեց, որ ուսման վարձերի հարցում վերանայումներ չեն եղել, ապա հավելեց՝ ընդամենը 20 հազար դրամ է ավելացել, որն էլ կապված է կումունալ ծախսերի եւ որոշ թանկացումների հետ։ «Այսինքն՝ համալսարանի կենսապահովման ծախսերը երբ հաշվարկել ենք, ընդամենը նվազագույնն ենք արել․ 10 հազար դրամ՝ կիսամյակը, իսկ ողջ տարվա համար՝ 20 հազար դրամ։ Ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես՝ զրո լումա փոփոխություն, այսինքն՝ այնպես չէ, որ ամբողջությամբ թանկացել է։ Բոլորովին։ Ուղղակի մի քանի մասնագիտությամբ 20 հազար դրամ է թանկացել, այն էլ՝ տարեկան,- ասում է ռեկտորն ու նկատում։- Այնտեղ, որտեղ համարել ենք, որ այդքանն էլ բավարար է, չենք բարձրացրել։ Գավառի պետական համալսարանը սոցիալական ուղղվածության բուհ է, եւ մենք սոցիալական խնդիր ենք լուծում՝ չունենալով բազային ֆինանսավորում եւ աշխատելով ամբողջովին համալսարանի ինքնաֆինանսավորման սկզբունքով, ունենք նաեւ անվճար տեղեր»։
Ռ․ Հակոբյանն ասում է՝ թեպետ 20 հազարով բարձրացրել են ուսվարձը, բայց նաեւ մեծ չափով զեղչեր են կիրառում․ «Պատերազմին մասնակից բոլոր տղաները եթե ոչ պետական բյուջեի, ապա համալսարանի միջոցների հաշվին ստանում են զեղչեր»։

Քանի որ համալսարանի 2022-2023թթ․ բյուջեն արդեն հաստատված է, ապա գոնե այս տարի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացում չի սպասվում։ Ռեկտորը նկատում է՝ թեպետ բյուջեով աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, բայց եթե դասախոսը մասնակից է եվրոպական որեւէ ծրագրի, ապա այդ ծրագրի միջոցների հաշվին կարողանում են նաեւ աշխատավարձի հավելավճար ապահովել։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց բուհում նոր ուստարում վարձերի վերանայում նախատեսված չէ․ «Ոչ, ամեն ինչ մնում է նույնը, դա ո՛չ հաց է, ո՛չ կարագ, ո՛չ էլ ձեթ, որ թանկացնեմ․․․։ Ես նման բաներ չեմ արել եւ կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում, երբ ամբողջ հանրապետությունում այսպիսի թանկացումներ են, մարդկային չէ վարձ բարձրացնելը։ Չեմ արել եւ չեմ անելու։ Իհարկե, մեր բուհում դասախոսները նվիրյալ հերոսներ են, որ այս աշխատավարձով աշխատում են, բայց մեր կոնտինգենտը հարուստ կոնտինգենտ չէ»։

Իսկ նախատեսվա՞ծ է դասախոսների աշխատավարձերի բարձրացում։ «Ցանկություն ունեմ, բայց այսօրվա դրությամբ դեռ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ դա էլ կախված է նրանից, թե վարձերը կհավաքենք-չենք հավաքի։ Ինչքան կլինի ընդունելությունը, ըստ այդմ կտեսնենք։ Հետո՝ արվեստի բուհերը որեւէ ուրիշ բուհերի հետ համեմատելը շատ սխալ է, որովհետեւ այս բուհն իր սպեցիֆիկան ունի՝ իր մանր ու բազմաթիվ հարցերով, այստեղի ծախսերն ավելի շատ են, հավելյալ ծախսեր շատ կան, դրա համար դժվար է բարձրացնել, օրինակ՝ ավարտական քննություններին բեմադրական ծախսերը, տեխնիկայի վարձակալումը՝ ֆիլմերի համար, որը լրացուցիչ հոգս է ինստիտուտի համար, հատկապես՝ քիչ ուսանողների դեպքում»։      

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ մեզ հայտնեցին, որ ՀՊՏՀ-ում ուսման վարձերի բարձրացում այս պահին նախատեսված չէ: Ինչ վերաբերում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերին, ապա բարձրացում նախատեսվում է ՀՊՏՀ բյուջեի տնտեսումների հաշվին: