Հակահարված տանք Ռուսաստանին

Հակահարված տանք Ռուսաստանին

Կարծում եմ, որ կարելի է վերջնականապես փակված համարել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքի խոսակցությունները: Կոնգրեսում այդ հարցի առթիվ քննարկումներում այնպիսի պայմաններ են առաջադրվել, որոնք ինքնասպանությունից ոչնչով չեն տարբերվում: Հայկական արմատներ ունեցող, հայամետ կոնգրեսական Ջեքի Սփեյերը, ով Երեւան էր այցելել Նենսի Փելոսիի պատվիրակության կազմում, հայտարարել է, օրինակ, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Բայց, հստակեցրել է տիկին Սփեյերը, իրենք չեն կարող զենք տրամադրել, որը կհայտնվի Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, ինչ-որ իմաստով, իրենց ձեռքերը կապված են։ Եվ ինքը հուսով է, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով եւ «հակահարված կտա Ռուսաստանին»։ 

Չիմացա՝ գոնե հայկական արմատներով հայամետ տիկինը չի՞ գիտակցել, թե ինչ ճակատագիր է ինքը ցանկանում իր նախնիների հայրենիքի համար: Հայաստանն ինչպե՞ս կարող է հակահարված տալ Ռուսաստանին: Բայց քանի որ դա է պայմանը՝ Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու առումով, ապա մենք պետք է խելագար լինենք՝ տիկնոջ խորհրդին հետեւելու համար: Չնայած այսօր էլ մեր երկրում խելագարի պակաս չկա, սակայն հուսով եմ, որ այդ աստիճանի դեռեւս չի հասել թե՛ ժողովուրդը եւ թե՛ գործող իշխանությունը: Ինչ մնում է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ապա բազմիցս է ասվել, որ դա հաստատ մեկ օրվա գործընթաց չէ: 2012 թվականին, օրինակ, Ուզբեկստանից պահանջվեց շուրջ 6 ամիս՝ ողջ այդ գործընթացն անցնելու համար: Իսկ այդ ընթացքում ինչ կմնա Հայաստանից՝ տիկին Սփեյերը երեւի չի պատկերացնում:

Մեկ այլ հայամետ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միացյալ Նահանգները պետք է ուժեղ եւ բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Մենք պետք է ընդմիշտ դադարեցնենք ցանկացած օգնություն Ալիեւի ռեժիմին, պահանջենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ուսումնասիրենք պատժամիջոցները եւ հետապնդենք պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար»: Խոստացել է, որ իր գործընկերների հետ կշարունակի հետամուտ լինել Կոնգրեսում այդ նպատակներին հասնելուն: Կարծում եմ, որ հարգելի կոնգրեսականն իսկապես կարող է հասնել այն բանին, որ Ալիեւի ռեժիմն այլեւս օգնություն չստանա ԱՄՆ-ից: Բայց այդ օգնությունը կոպեկների կարգի է՝ համեմատած Ադրբեջանի պետական բյուջեի հետ, եւ ներառում է այնպիսի ոլորտներ (ուսուցում, ականազերծում եւ այլն), որոնք առանց այդ օգնության էլ իրենց վատ չեն զգա: Հատկապես ՆԱՏՕ-ական Թուրքիայի աջակցության պայմաններում:

Այսպիսին է այսօր ամերիկյան ռազմական օգնություն ստանալու բանաձեւը. թուրքական երկու թշնամական երկրների շարքին առաջարկվում է ավելացնել Ռուսաստանի անունը: Զենք տրամադրելու հարցից անցնենք դիվանագիտությանը: Պարզենք, թե ինչ ազդեցություն են ունենում ամերիկյան ջանքերը խաղաղության պահպանման առումով: ԱԽՔ Գրիգորյան Արմենը մեկ-երկու օր առաջ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հովանավորությամբ հանդիպում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ եւ խոսում խաղաղությունից, իսկ դրա հաջորդ օրը Ջերմուկի շրջանում Հայաստանի բուն տարածքը զավթած ադրբեջանցի զինվորները կրակում եւ սպանում էին բահով սահման կահավորող մեր զինվորներին: Էլ չասած այն մասին, որ իբրեւ թե  ամերիկյան ջանքերով կանգնեցված սեպտեմբերի 13-ի երկօրյա ագրեսիայից երկու շաբաթ անց կրկին զոհեր ունեցանք սահմանի վրա:

Նման պայմաններում խաղաղասիրական ակնկալիքներ ունենալու համար նույնիսկ Փաշինյանի «լավատեսությունը» բավարար չէ: Իսկ որ ինքն անսահման «լավատես» է՝ դրանում կասկած լինել չի կարող: Ադրբեջանական զինվորները ՀՀ սուվերեն տարածքից գնդակոծում են մեր սահմանային դիրքերը, բայց անպաշտպան խաղաղությունը շարունակում է մնալ Փաշինյանի կառավարության գործունեության առաջնահերթությունը: 

Այնուամենայնիվ, Փաշինյանն արդեն հասկացել է, որ իր լավատեսությունն այնքան էլ հիմնավորված չէ՝ հատկապես այսօրվա փոփոխական աշխարհում: Եվ որոշում է այս անգամ իր ակնկալիքների չիրականացման մեղավոր դասել օբյեկտիվ հանգամանքները: Աշխարհը, ըստ նրա, փլուզվում է, եւ եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ իր բաժին հարվածը չստանա: Եվ այս փոթորիկի միջով անվնաս անցնելու համար իրենք (վաղուց արդեն Փաշինյանի «մենք»-ը հայաստանյան «մենք»-ը չէ) «պետք է լինեն կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական», իսկ դրա համար իրենց «պետք են հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետեւողականություն»: Թե որքան ճկուն, ինտելեկտուալ եւ դիմադրողական է Փաշինյանի իշխանությունը, մենք դա զգում ենք մեր կյանքի վրա՝ սկսած 2018 թվականի մայիսից: Իսկ թե ինչպիսի կամք, իմաստնություն, աշխատասիրություն ու հետեւողականություն են ցուցաբերել Փաշինյան Նիկոլն ու իր խամաճիկները, երեւում է նրա չորսուկեսամյա վարչապետության, հատկապես՝ 44-օրյա պատերազմի, դրան հետեւած ադրբեջանական ագրեսիաների տարեգրությունից: Ինչպես նաեւ իրենց կողմից իրենց հատկացվող աշխատավարձերի ու պարգեւատրումների չափաքանակից: