Արցախը ճանաչում ենք առանց սահմանների՞ 

Արցախը ճանաչում ենք առանց սահմանների՞ 

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմին զուգահեռ, հաճախացել են խոսակցությունները Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Անգամ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն այդ թեմայով արտահայտվեց, նախկին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հոդված հրապարակեց: Չգիտես ինչու ե՛ւ հիշատակված դեպքերում, ե՛ւ մնացյալ խոսակցություններում առանձնակի կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ հիմնավորմամբ պետք է աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը․ որովհետեւ Արցախին ցեղասպանություն է սպառնում, որովհետեւ ագրեսիայի է ենթարկվում եւ այլն: 

Հիմնավորումների շուրջ այդքան ծանրանալու իմաստն ինքս չեմ հասկանում: Եթե հաշվարկն այն է, որ Հայաստանից հետո եւս մեկ-երկու կղզի-պետություն, ենթադրենք՝ Տրինիդադը եւ Տոբակոն կամ Սողոմոնյան կղզիները, կամ Ֆիջին ճանաչեն Արցախի անկախությունը, այդ դեպքում միջազգային իրավունքի խորխորատներին կամ բարձունքներին հասնելու հարկ չկա: Հարեւան Թուրքիայի օրինակից կարելի է դաս քաղել: Չեմ հիշում, թե որ թվականին էր՝ Թուրքիան պայքարում էր երկու տարով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու համար, ընտրվելուց հետո թուրքական մամուլում հետաքրքիր հրապարակումներ եղան, թե Անկարան ինչպես էր որոշ երկրների «կողմ» ձայներն ապահովել քվեարկությունում: Կոնկրետ մի կղզի-պետության ձայնը Թուրքան գնել էր նրանով, որ տեղի դպրոցներին ֆուտբոլային մարզաշապիկ ու գնդակ էր բաժանել: Կղզի-պետություններում երբեմն նման մեթոդներն ավելի արդյունավետ են, քան միջազգային իրավունքի նվաճումները:

Իսկ եթե մտահոգությունները այն բանի շուրջ են, որ Հայաստանից բացի գտնվեն ազդեցիկ, ծանրակշիռ երկրներ, որոնք ճանաչեն Արցախի անկախությունը, ապա Արցախն արդեն քանի տասնամյակ դիվանագիտական շրջանակներում հոլովվող թեմա է, որի շուրջ ամենից տարածված մոտեցումը Մինսկի խմբի համանախագահներին աջակցելն է: Հետեւաբար, դժվար է պատկերացնել, որ, դիցուք, G7-ի կամ G-20-ի, կամ, առհասարակ, ԵԽ անդամ որեւէ երկիր շտապի ճանաչել Արցախի անկախությունը` չսպասելով, որ դա անեն նախ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային, ինչ-որ բան բացատրելու կարիք կա՞: Կամ՝ մի քիչ ցինիկ լինելու դեպքում` նման հնարավորություն կա՞: Այդ երկրներն ավելի տեղեկացված ու ներգրավված են ղարաբաղյան խնդրում, թեկուզ այս օրերի զինադադարի հաստատման, բանակցությունների վերսկսման հարցերում, քան Հայաստանը՝ ինքը: 
Այդքանով էլ, ըստ իս, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ փոխադարձ համաձայնությամբ նրանցից մեկ- երկուսը ճանաչեն Արցախի անկախությունը, դրանից հետո միայն նոր երկրների ճանաչման ժամանակ հիմնավորումները կարող են դեր կատարել: 

Մինչդեռ ներկա պահին կանգնած է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը, եւ այդտեղ այնպիսի բարդություն կա, որ մյուս երկրների ճանաչել-չճանաչելու թեմատիկան դրա մոտ խամրում է: Երբ հայերով ասում ենք՝ ճանաչել Արցախի անկախությունը, դա գրեթե գեղարվեստական գրականության հարթություն է: Իսկ երբ տեղափոխվում ենք պատշաճ իրավաքաղաքական դաշտ, կանգնում է գիտակցական խնդիր` ի՞նչ պետականատիպ կազմավորման անկախություն ենք ճանաչում եւ ի՞նչ սահմաններում: Ի՞նչ սահմաններում․ սա է հարցերի հարցը, որին եթե խորը նայենք` ընդունելի պատասխան գոյություն չունի: 
Դրանից ելնելով էլ՝ ԼՂՀ անկախության ճանաչումը՝ որոշակի պետական սահմաններով, անհնար է նույնիսկ Հայաստանի համար: Այլ հարց է, եթե Հայաստանը ձեւակերպի, թե, դիցուք, ճանաչում է ԼՂՀ ժողովրդի` պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքը, նրա ստեղծած պետականությունը՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այդ հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակը` հանրապետության սահմանների ամրագրումը թողնելով ապագա բանակցություններին: Այսինքն՝ մոտավորապես այն, ինչ Պաղեստինի դեպքում է աստիճանաբար արվել՝ 1974-2012թթ․: ԼՂՀ անկախության ճանաչումը` առանց քարտեզի վրա նրա ինքնիշխանության սահմանների ամրագրման եթե հնարավոր լինի, դա կարող է հեռահար քայլ լինել, հաջորդ փուլում պայքարելով՝ ԼՂՀ-ն դառնա ՄԱԿ-ի անդամ` non-member observer state (ոչ անդամ դիտորդ պետություն) կարգավիճակով, եւ հետզհետե Ադրբեջանի հետ բանակցություններով սահմաններ որոշելու հարցը քաղաքականից վերածվի տեխնիկականի: Սահմանների թեման շրջանցելու նման ճանապարհը կարող է նույնիսկ այլ երկրների համար ԼՂՀ ճանաչումը դյուրացնել:

Իսկ եթե Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչվի որեւէ սահմաններով, ինչպես պետությունների միջազգային ճանաչման դեպքերի կատարյալ մեծամասնությունում է տեղի ունենում, ապա որ սահմաններով էլ լինի այդ ճանաչումը, առջեւում կատարյալ փակուղի կկանգնի` միայն խնդիր ու վտանգ ստեղծելով: Եթե ԼՂՀ անկախությունը ճանաչվի՝ հենվելով 1991-ի հանրաքվեի արդյունքների վրա եւ, բնականաբար, 1991-ի ԼՂԻՄ սահմաններով, դա կլինի ուղղակի վերադարձ ի շրջանս յուր, կվերականգնվի 1988թ. իրերի վիճակը: Ինչո՞ւ: Շատ պարզ. եթե ԼՂՀ անկախությունը ճանաչվում է ԼՂԻՄ-ի սահմաններում, ապա ինքնաբերաբար փակվում է ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող ադրբեջանական որեւէ շրջան ԼՂՀ կազմում ներառելու թեման, բոլոր նախկին ադրբեջանական շրջանները վերադառնում են ադրբեջանական ինքնիշխանության ներքո, Քարվաճառում եւ Լաչինում կանգնում են Ադրբեջանի պետությունը եւ բանակը, կտրվում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը եւ կապը: Արդյունքում Լեռնային Ղարաբաղը նորից հայտնվում է ադրբեջանական օղակի մեջ, ինչպես 1988-ին:

Դրանից հետո ԼՂ-ն` կուզի անկախ կոչվի, ինչ կուզի կոչվի, որքա՞ն կդիմանա… Նման սցենարը, ամենայն հավանականությամբ, կվերջանա նրանով, որ ԼՂԻՄ–ից տեղահանված ադրբեջանական համայնքին ետ վերադարձնելու Բաքվի ջանքերի արդյունքում կսկսվեն նոր հայ-ադրբեջանական բախումներ, ուրիշ ոչինչ: Սա ճանապարհ չէ, որով որեւէ խելամիտ մարդ շարժվի:
ԼՂՀ-ն որեւէ սահմաններով ճանաչելու երկրորդ եւ վերջին տարբերակն էլ ադրբեջանական 7 շրջանները ԼՂՀ-ի մաս եւ տարածք համարելով, ԼՂՀ-ն իր ներկա ռազմականացած սահմանագծերով ճանաչելն է: Բայց դա ավելի վտանգավոր է, համարյա ջրից դուրս գալ, ջրհեղեղի մեջ ընկնելուն հավասար: ԼՂԻՄ-ի շրջակա 7 շրջաններն Ադրբեջանական ԽՍՀ տարածք են` ԼՂԻՄ-ի հետ առնչություն չունեցող: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն իրենց ինքնապաշտպանությունը կազմակերպելու արդյունքում, անվտանգային նկատառումներից ելնելով, 1993-94թթ. գրավել են: Բնականաբար, հայկական զինուժին չհանդիպելու մտահոգությունից ելնելով՝ այդ տարածքներից ադրբեջանական բնակչությունն ամբողջովին եւ լիովին տարագրվել, հեռացել է Ադրբեջանի այլ շրջաններ: Որքան էլ այդ ամենը տեղի է ունեցել առանց բռնության, միեւնույն է՝ կատարվածի էությունն այն է, ինչ միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտում: Որքան էլ 90-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի սանձազերծողը եղել է Ադրբեջանը, 94-ի զինադադարի արդյունքով Լեռնային Ղարաբաղն է, որ տարածքներ է գրավել Ադրբեջանից, եւ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տեղահանվել են այդ տարածքներից: 

Դա այլ հարց է, որ քանի դեռ Ադրբեջանի հետ չկա խաղաղության համաձայնագիր, չկան ԼՂՀ անվտանգության երաշխիքներ, ԼՂՀ-ն իր անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ տարածքների հանդեպ վերահսկողություն պետք է պահպանի: Դա իրավիճակի թելադրանքն է` միջազգային հանրությանը հասկանալի: Բայց տարածքները, որոնք գրավված են, եւ որտեղից բնակչություն է տեղահանվել, ճանաչել ԼՂՀ-ի մաս, միջազգային իրավունքի հարթությունում նշանակում է սատարել անեքսիայի ակտին, որը ոչ մի երկիր չի անի: Եթե Հայաստանն էլ անի, քննադատության թիրախում կհայտնվի: Դրանով ԼՂՀ խնդիրը կարգավորելու տասնամյակների ջանքերը կզրոյացվեն, եւ հակազդեցությունը կարող է հենց Մինսկի խմբից լինել:   

Ամփոփելով՝ ասեմ․ ԼՂՀ-ն Կոսովոյի պես պարզ դեպք չէ, որ 50-60 տարի օրինականորեն գոյություն ունեցած սահմաններում անկախություն ճանաչես, ավարտես: ԼՂՀ-ի սահմանները միջազգային իրավունքի հարթությունում մի այնպիսի խառնաշփոթ են իրենցից ներկայացնում, որ այսքան տասնամյակ կարգավորել չի լինում: Դրա համար էլ Հայաստանը պետք է, թերեւս, ԼՂՀ-ի անկախության ճանաչման այնպիսի ուղի գտնի, որ նախ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, անկախությունը եւ ինքնիշխանությունը ճանաչվի, ԼՂՀ-ն դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ոչ անդամ պետության կարգավիճակով, ՄԱԿ-ում ներկայացվի, հետո արդեն սահմանների շուրջ ինքը Ադրբեջանի հետ բանակցի: