Ռուսաստանն ունի երկու ճանապարհ՝ դիվանագիտական եւ ագրեսիայի․ Թոնի Բլինկեն

Ռուսաստանն ունի երկու ճանապարհ՝ դիվանագիտական եւ ագրեսիայի․ Թոնի Բլինկեն

Ռուսաստանն ունի երկու ճանապարհ՝ դիվանագիտական ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն եւ անվտանգություն, եւ ագրեսիայի ճանապարհը, որը տանում է դեպի հակամարտություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը, Բեռլինում։

Նա մեղադրել է Մոսկվային Եվրոպայում ճգնաժամի հրահրման, ընդդեմ Ուկրաինայի ագրեսիայի եւ սեփական հանձնառությունները խախտելու մեջ։ Սակայն Կիեւին սպառազինությունների մատակարարման եւ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմանների մոտ բազմաթիվ զորախաղերի մասին Բլինկենը նախընտրել է լռել։ Բլինկենը ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել իր սպառնալիքներն ուղղված Ուկրաինային, եւ հռետորաբանությունը կոշտացնելով, եւ ուկրաինական սահմանների մոտ զորքերի կուտակումներ ստեղծելով, ներառյալ՝ Բելառուսի տարածքում։

Բլինկենը նշել է, որ երկու աշխարհամարտերից եւ սառը պատերազմից հետո ձեւավորված սկզբունքները մերժում են մի պետության կողմից մյուս պետության սահմանները ուժով փոխելու փորձերը կամ թելադրանքը մի պետության կողմից, ուղղված մյուսին, թե վերջինս ինչ քաղաքականություն պետք է վարի, ինչ որոշումներ կայացնի, ում հետ դաշինք կազմի։ Մերժվում է նաեւ ազդեցության գոտիների պարտադրումը, որը ենթադրում է հարեւան սուվերեն երկրի ենթարկեցում։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ասել է, որ եթե թույլ տան Մոսկվային այդ ամենն անել անպատիժ կերպով, ապա աշխարհը հետ կգնա ավելի անկայուն եւ վտանգավոր ժամանակներ։

Բլինկենը բավական ընդարձակ կերպով ներկայացրել է Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների սրացման ներկայիս փուլը, անդրադարձել նախապատմությանը եւ հնարավոր այն հետեւանքներին, որոնք կարող են իրականություն դառնալ, եթե Ռուսաստանը «խոսքից անցնի գործի» ագրեսիվ իր քաղաքական գծում։