Անգամ ծիծաղելի է այդ մասին խոսելը, ՔՊ-ի գնահատականներն առաջնային չեն

Անգամ ծիծաղելի է այդ մասին խոսելը, ՔՊ-ի գնահատականներն առաջնային չեն

Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ՔՊ-ն նորից թիրախավորել են լրատվամիջոցներին, այս անգամ` «Հրապարակ» օրաթերթին: ՔՊ-ական ուսապարկերից մեկը Ֆեյսբուքում գրել էր, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացվել է «Հրապարակ» օրաթերթին տեղեկություններ փոխանցելու` «պետական գաղտնիքներ» տրամադրելու համար: «Օդում կախված լուրերի» եւ «Չար լեզուներն ասում են» ձեւակերպումների սիրահար Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է համարում հանրությանը վերաբերող թեմաների մասին լրատվամիջոցներին ինֆորմացիա փոխանցելը, հասարակությանն իրազեկելը: Մինչդեռ ժամանակին իշխանության եկավ ամեն ինչի մասին հանրությանը տեղեկացնելու բարձրագոչ խոստումներով: Անգամ ասում էր` չի կարող լինել մի պահ, որ դուք արթնանաք ու իմանաք, որ Արցախի հետ կապված որոշում եմ կայացրել` առանց ձեզ տեղեկացնելու, առանց ձեզ հետ խորհրդակցելու: Եվ դա ասում էր Հանրապետության հրապարակում` հազարավոր մարդկանց առաջ:

Փաշինյանը նաեւ մոռանում է, թե տարիներ շարունակ ինչ էր հրապարակում իր խմբագրած «Հայկական ժամանակում» եւ անգամ ազատազրկման էր դատապարտվում ինչ-որ լուրեր հրապարակելու համար, քանի որ դատարանում չէր կարողանում ապացուցել դրանց ճշմարտացիությունը կամ որեւէ ապացույց չէր կարողանում ներկայացնել դատարանին, որովհետեւ դրանք սեփական աղբյուրներից հայթայթված տեղեկություններ էին: Նա հրապարակումներ էր անում, որոնք սկսվում էին` «հացի հերթում լսեցի», կամ` տարբեր համակարգերում ինֆորմատորներ ուներ, որոնց փոխանցած տեղեկատվությունն էր հրապարակում, օրինակ, որ մաքսայինում Արտաշես Գեղամյանի կնոջ ներքնաշորերում ոսկե զարդեր են հայտնաբերվել եւ առգրավվել: Սակայն ոչ մեկը նրան չէր մեղադրում արգելված տեղեկատվություն ստանալու մեջ, եւ նրա ինֆորմատորներին էլ ո՛չ կուսակցություններից, ո՛չ պետական մարմիններից չէին հայտնաբերում ու հեռացնում` մեղադրելով արտահոսքի կամ պետական դավաճանության մեջ:

Մենք զրուցել ենք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանի հետ:

Նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Ցանկացած տեղեկություն, որն արգելված չէ օրենքով, ոչ միայն լրատվամիջոցներն ու լրագրողները կարող են փնտրել ու ստանալ, այլեւ բոլոր քաղաքացիները: ՀՀ սահմանադրության 42-րդ, 51-րդ կետերում այդ մասին գրված է պարզ հայերենով: Ցանկացած տեղեկություն, այդ թվում` պատգամավորների հետ շփման արդյունքում լրագրողներին փոխանցված տեղեկությունները, այլ պաշտոնյաների հետ շփման արդյունքում ձեռք բերված ինֆորմացիան, կարող են օգտագործել եւ կիրառել գործնականում: Լրագրողի աշխատանքի մի մասն է դա: Աբսուրդ է այդ ամենը դավաճանություն համարելը: Մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ցանկացած ոք, այդ թվում՝ լրագրողները, ունեն իրավունք` օրենքով սահմանված կարգով, չարգելված միջոցներով փնտրել եւ ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Անգամ եթե ինֆորմացիան գաղտնիք է, արտահոսք է տեղի ունենում, դրանում ոչ մի մեղավորություն չունի լրագրողը: Լրագրողը բարեխղճորեն վերարտադրում է այդ տեղեկությունները, գաղտնիք հրապարակողն է այդ դեպքում պատասխանատվություն կրողը: Բայց այստեղ չկա ոչ մի գաղտնիք: Լրագրության գործունեության հիմքում նաեւ անձնական կապերն են, ոչ պաշտոնական ու պաշտոնական կապերով ինֆորմացիա ստանալն է: Այստեղ ապացուցելու անհրաժեշտություն էլ չկա, եւ անգամ ծիծաղելի է այս մասին խոսելը: Լրագրողը ոչ միայն պաշտոնական լրահոսից է օգտվում, այլեւ տարբեր զրույցներից, միջոցառումներից, իրադարձություններից, մարդկանց հարցուփորձ անելու միջոցով, ցանկացած ժամի լրագրողը կարող է զանգահարել ցանկացած մեկին եւ կատարել իր մասնագիտական աշխատանքը: Պետք է հասարակությանը բացատրել իրականությունը, ՔՊ-ի գնահատականներն այստեղ առաջնային չեն: Արցախն էլ Հայաստան էր, հետո՞ ինչ…»: