Ատելության խոսքի առումով ես գտնվում եմ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները․ Փաշինյան (տեսանյութ)

Ատելության խոսքի առումով ես գտնվում եմ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տարեվերջյան ավանդական ընդունելության, որտեղ էլ հանդես եկավ մամուլի դերի ու նշանակության, մամուլի ազատության վերաբերյալ ելույթով։ 

Նա նշեց, որ ինքը մի քանի անգամ առիթ ունեցել է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ։

«Իհարկե դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ է դրվել այդ հայտարարությւոնը և պնդումը, և դրանից հետո էսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ, երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, և ես միշտ խոսակցությունն սկսում եմ այդ հարցով, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այդ նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել»-ասաց Փաշինյանը, ում իշխանության մեկ տարվա ընթացքում երևի այդքան շատ հարձակում և հարուցված գործ լրատվամիջոցների նկատմամբ չէր եղել, որքան նախորդ տասը տարիների ընթացքում։

Բայց նա այդ թեմային էլ անդրադարձավ՝ թերևս կանխազգալով, որ այդ հարցադրումը կհնչի, գոնե լրագրողների մտքում։

«Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և ես՝ անձամբ, գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները»,-ասաց Փաշինյանը՝ հրավիրելով համատեղ զբաղվել այդ հարցով։ Մինչդեռ ակնհայտ է, որ երբ երկրի վարչապետը թաթիկներ կտրելու, ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու լեքսիկոն է կիրառում, նրա համակիրներն ու հանրության ցածր խավերն էլ պետք է ատելության ու հայհոյանքի ավելի մեծ չափաբաժին կիրառեն իրենց խոսքում։

Մյուս խնդիրը, որ մատնանշեց վարչապետը, լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումները կամ լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտող դեպքերն են։ 

«Ցավոք սրտի, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել, և ընթանում է հետաքննություն, քննություն, և ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Կարող եմ ընդամենը մի բան ասել, հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ  այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից։ Եվ ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել և բացառվում է ՀՀ-ում այդպիսի որևէ դրսևորում»,-ասաց պարոն Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։