Կան երեխաներ, որ փոքր տարիքից սեռական բռնության են ենթարկվում

Կան երեխաներ, որ փոքր տարիքից սեռական բռնության են ենթարկվում

Օրեր առաջ ԱԺ-ն վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան, որը հասարակական տարբեր շրջանակներում մեծ աղմուկ հանեց, որովհետեւ առնչվում է սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության հարցերին։ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նախընտրում է խոսել ոչ թե բուն կոնվենցիայից, այլ սեռական դաստիարակության խնդիրներից, որոնց անգամ իրեն է դժվար որոշակի կոնկրետ պատասխաններ տալ․

«Լինելով 5 երեխաների մայր, աշխատելով այսքան փոքրիկների հետ՝ նույնիսկ ես իրավունք չեմ վերապահի ինձ ասելու, որ գիտեմ, թե որ տարիքում է ճիշտ երեխաներին սեռական դաստիարակություն ուսուցանել։ Պետք է արձանագրել, որ կա խնդիր եւ խնդիրը շատ լուրջ է։ Մենք ունենք երեխաներ «Օրրանում», որոնք բռնաբարվել են, սեռական հալածանքների են ենթարկվել։ Ես շնորհակալ եմ մեր ուսուցիչներին եւ հոգեբաններին, որ կարողացել են այդ ինֆորմացիան «պեղել» երեխաներից, ինչը շատ դժվար է նրանցից կորզելը։ Եթե կա հարց, մենք այդ հարցին պետք է լուծում տանք, բայց ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես պետք է լուծում տանք եւ ինչպես ճիշտ վարվենք։ Աշխարհում այնքան երկրներ կան, որ նման են մեզ իրենց ավանդույթներով, պետք է ուսումնասիրել, թե ինչ են արել իրենք, ինչ դասեր են քաղել, ինչ են ասում հոգեբանները, սոցիալական աշխատողները։ Առանց որեւիցե հանրային եւ մասնագիտական քննարկման այսպիսի օրենք ընդունել եւ հետո խոսել՝ ճիշտ էր ընդունելը, թե ոչ, սխալ է։ Ուզում եմ ընդգծել, որ ցանկացած դեպքում օրենք պետք էր ընդունել, բայց օրենքը հսկայական վերլուծություն է պահանջում, որպեսզի հասկանաս, թե որ տարիքից երեխան պետք է ստանա սեռական կրթություն։ Բայց այն, որ պետք է ստանա ինչ-որ կրթություն՝ անշուշտ, որովհետեւ կան երեխաներ, որոնք փոքր տարիքից սեռական բռնության են ենթարկվում։ Ու հիմա քանի որ կոնվենցիան ընդունվել է, եկեք մտածենք, թե ինչպես կիրառենք այն, որ երեխաներին ոչ թե վնաս բերի, այլ՝ օգուտ, եւ դպրոցում ուսուցիչներն էլ ոչ թե ծնողներին անհանգիստ վիճակում պահեն, այլ կարողանան նրանց հետ միասին աշխատել։ Սա բարդ հարց է, որի պատասխանը պետք է տան լուրջ վերլուծությունները»։

Այն, որ հասարակության մի ստվար զանգված կարծում է, որ հայ ընտանիքներում բռնությունը տեղ չունի, Արմինե Հովհաննիսյանը ժպիտով է արձագանքում․ «Անշուշտ, բռնությունը տեղ ունի, որովհետեւ մենք մարդ ենք եւ չենք տարբերվում մոլորակի այլ մարդկանցից․ բռնություն կա նաեւ կանանց, մեծահասակների, հարսների հանդեպ։ Նախօրեին ՄԻՊ-ն ասում էր, որ տղամարդկանց հանդեպ եւս կա բռնություն, եւ մեր աչքերը փակել եւ ասել, որ բռնություն չկա՝ շատ սխալ է։ Ուղղակի կարծում եմ, որ մեզ մոտ ավելի քիչ է, քան այլ երկրներում։ Փառք մեզ, մեր ընտանիքներին ու ավանդույթներին, բայց եկեք այնպես անենք, որ չաճեն այդ թվերը, այլ՝ նվազեն։ Եվ եթե նույնիսկ կա մի երեխա, մի կին, մի մայր, մի տղամարդ, որ բռնության է ենթարկվում, ուրեմն սա հանրային հարց է եւ պետք է քննարկել»։

Ամիսներ առաջ փակվեցին խնամքի հաստատությունները, գիշերօթիկները, որոնց շահառու սաները վերադարձան իրենց տները։ Որքանո՞վ է պետության այս քաղաքականությունը ճիշտ։ «Ես կողմնակից եմ, որ երեխան մեծանա իր ընտանիքում, եւ «Օրրանի» ամբողջ փիլիսոփայությունը հենց դրա վրա է կառուցվել։ Մենք այնպես ենք արել, որ երեխաներն ամեն ինչ ստանում են «Օրրանում», բայց երեկոյան 6-ից հետո գնում են իրենց ընտանիքները եւ քնում են իրենց ծնողների տանիքի ներքո, որովհետեւ ընտանիքի կորիզը շատ կարեւոր է, եւ երեխաները պետք է միշտ այդ ընտանիքի ջերմությունը զգան։ Հետաքրքիր է, որ իրենք եւս նախընտրում են այդ աղքատ վիճակում մնալ իրենց ընտանիքների հետ, քան գնալ գիշերօթիկ դպրոց։ Բայց կան ընտանիքներ, որտեղ հայր չկա, մայրը հոգեկան խնդիրներ ունի, եւ առկա են շատ լուրջ հարցեր, ու այս պայմաններում իսկապես վնաս է երեխային՝ մնալ այդ միջավայրում։ Այդուհանդերձ, վերադարձնելով երեխային տուն՝ արդյոք հապճեպ որոշումներ չե՞նք ընդունում, արդյոք ճի՞շտ գնահատեցինք իրավիճակը, եւ յուրաքանչյուր ընտանիք, ծնող կարո՞ղ են երեխայի մասին հոգ տանել, արդյոք այդ երեխայի շահերը պաշտպանվա՞ծ են այդ ընտանիքում։ Երբեմն ինձ թվում է, որ մենք Հայաստանում շատ բաներ անում ենք սրտով, ոչ թե մտքով, բայց երբ գալիս կանգնում ենք հանրային նման մեծ հարցերի առաջ, պետք է մտածենք խելքով, ուսումնասիրենք փորձը, մենք ունե՞նք այդ ռեսուրսները, որպեսզի հետեւենք, թե այդ երեխաներն իրենց ընտանիքում ճիշտ հոգատարություն ստանո՞ւմ են, թե՞ բռնության են ենթարկվում»։