Ցավակցում եմ

Ցավակցում եմ

Որպես 100 տարի առաջ թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված հայության զավակ՝ ես չեմ կարող նրանց թշնամի չհամարել ու չատել նրանց: Համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ թե՛ պաշտոնական մակարդակում եւ թե՛ լայն զանգվածների առումով գոնե մեղա չգան: Բայց որպես քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչ՝ ես չեմ կարող ուրախանալ նրանց պատուհասած դժբախտության վրա: Որպես մարդ արարած, որ օժտված է հիշողությամբ, ես չեմ կարող նաեւ մոռանալ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կապակցությամբ «շնորհավորանքները»՝ հղված մեզ հարեւան Արեւելքից թուրքերի կողմից: Սակայն որպես տարիքս առած ու գրագետ անձնավորություն՝ ես չեմ կարող նույնը փոխադարձել նրանց արեւմտյան եղբայրակիցներին: Դժբախտաբար, հենց այդպիսին է հայը՝ արդեն շուրջ երկու հազար տարի: Ու այդ պատճառով էլ նրա տարածքը 300 հազար քառակուսի կիլոմետրից նվազել է մինչեւ դրա տասը տոկոսը: Եվ դեռեւս շարունակում է նվազել: Եվ եթե երկու հազար տարի առաջ մի քանի միլիոն մարդ էր ապրում այդ տարածքում, ապա այժմ էլ է ապրում այդքան՝ փոխանակ ավելանար առնվազն 100 անգամ:

Բայց նույնիսկ այսօր ես վստահ չեմ, թե գիտե՞մ արդյոք, թե որ կողմն է իրավացի՝ մեր պատմությո՞ւնը, թե՞ իմ տեսակը: «Իմ» ասելով՝ նկատի ունեմ հենց ինձ նման բազմաթիվ հայերի տեսակը: Բայց ես սովոր եմ գրել իմ անունից եւ ոչ թե թաքնվել բազմության հետեւում, ու այդ պատճառով եմ նշում՝ հենց իմ տեսակը: Եթե ազգովի եւ այդ թվում՝ իմ ուղղակի եւ անուղղակի մասնակցությամբ, վարչապետ կարգված անձի ջանքերով մենք զրկվենք պետականությունից, ուրեմն իրավացի կլինի թե՛ մեր պատմությունը եւ թե՛ թուրքի տեսակը: Այն թուրքի, որն իշխանություն ստանալուց հետո գլխատել էր տալիս իր հարազատ եղբայրներին, որպեսզի ապահովագրի իրեն դավադրություններից: Եվ առանց դույզն ինչ ամաչելու՝ դա հրամանագրում եւ ժառանգություն էր թողնում ապագա սերունդներին: 

Բայց ես հույս ունեմ ու նույնիսկ վստահ եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլի պատճառով մենք չենք զրկվելու պետականությունից: Ես նույնիսկ վստահ եմ, որ նրա վարչապետությունը մեզ մեծ դաս է լինելու ապագայի առումով, որպեսզի այլեւս երբեք մեր ժողովուրդը չանի նման ճակատագրական սխալ, ինչպես արեց 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ եթե մեր ժողովրդի պատմության ու իմ միջեւ բանավեճում ճիշտ դուրս գամ ես, ապա դա կլինի այն բանի վկայությունը, որ ճիշտը ոչ թե քրիստոնյա մնալով թուրքի մտածողություն ձեռք բերելն է, այլ քրիստոնյայի մտածողությամբ ապրել շարունակելը: Եվ որպես քրիստոնյա ու հայ՝ ես ցավակցում եմ երկրաշարժից տուժած թե՛ մեր բախտակից սիրիացիներին եւ թե՛ մեզ թշնամի թուրքերին: Ցավակցում եմ նույնիսկ այն դեպքում, երբ, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի թուրք պատգամավոր Յունիս Քըլըչն ասում է, թե «արեւմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պապենական հողերը»: Նկատի ունենալով, բնականաբար, մեր պատմական տարածքները: Եվ այդ առումով առաջարկում է Թուրքիայի օգնությունը միջազգային մակարդակով: