Ստեղծվելու է մի իրավիճակ, որտեղ կոնֆլիկտներն անխուսափելի են դառնալու

Ստեղծվելու է մի իրավիճակ, որտեղ կոնֆլիկտներն անխուսափելի են դառնալու

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, hամաձայն որի, առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային եւ վարչատնտեսական գործառույթները: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային եւ վարչատնտեսական: Օրինագծում կան նաեւ մի շարք այլ նորույթներ՝ ուսուցչի մասնագիտական չափորոշիչի սահմանում, կփոխվեն տարակարգերի շնորհման եւ ատեստավորման կարգերը, տնօրենը կնշանակվի եւ կատեստավորվի, կընդլայնվի ներառականությունը։ Եվ ինչպես վստահեցնում են օրենքի հեղինակները, հանրակրթության օրենքի փոփոխությամբ՝ ոլորտում տեսանելի փոփոխություններ կունենանք։  

Օրենքը տեսանելի ի՞նչ փոփոխություններ կապահովի հանրակրթության ոլորտի համար։ «Եթե նայում ենք տարակարգերի, ատեստացիայի մասերը, այդտեղ որեւէ խնդիր չկա, հատկապես տարակարգերի մասը բավականին բարելավված է, հաշվի են առնվել այս ընթացքում կուտակված խնդիրները եւ դիտողությունները։ Այսինքն՝ որոշակի փորձի հիման վրա փորձում է ավելի բարելավել իրավիճակը։ Ներառականի, հեռավարի բլոկն էլ է նորմալ, այդ օրենքում հիմնական վիճելի, անորոշ կետը վերաբերում է դպրոցների կառավարման համակարգին»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Ըստ նրա, հիմա ներդրվում է մի բան, որն իր ողջ ճանապարհային քարտեզով պետք է արդեն հասկանալի լիներ, մինչդեռ այդպես չէ․ «Օրինակ ասվում է, որ դպրոցն ունենալու է 2 ղեկավար՝ ուսումնական տնօրեն եւ վարչատնտեսական ղեկավար։ Այստեղ պետք է հասկանալ, թե սա ուր է մեզ տանում, ճանապարհային քարտեզով սա արդեն պարզ պետք է լիներ, ոչ թե ասեինք՝ եկեք սա ընդունենք, հետո կորոշենք, թե մնացած հարցերը ոնց ենք լուծում։ Այստեղ միանգամից պետք է բացել քարտերը, որովհետեւ մի շարք հարցեր կան․ օրինակ՝ եթե օրենքն ընդունվի, դպրոցի ուսմասվարները մնո՞ւմ են, թե՞ ոչ։ Թե՞ կարող է նաեւ ասեն՝ քանի որ տնօրենն արդեն բովանդակային հարցերով է զբաղվում, էլ մեզ պետք չէ փոխտնօրեն»։

Ս․ Խաչատրյանն ասում է՝ գուցե շատ լավ բան են մտածել, հատկապես որ խաղաքարտերը լրիվ բացված չեն, բայց քանի որ հետեւում է համակարգի զարգացումներին, կարող է որոշ ենթադրություններ անել․ «Նախարարությունը վերջին շրջանում անընդհատ փորձում է տարբեր ձեւերով կրճատել դպրոցի վարչական կազմը, սա խնդիր է։ Ժամանակին բերեցին մի կարգ, որով ուսմասվարների, այլ վարչական աշխատողների ծանրաբեռնվածությունը կրճատվում էր, որոշ հարցերի հետ կապված էլի որոշ ընդդիմություն եղավ, հիմա ենթադրում եմ, որ նույնը այս ճանապարհով է փորձ արվելու, որովհետեւ սա ընդունվեց, իրենք հանգիստ կարող են ասել՝ դպրոցում կա 9 կամ 12 հատ դասարան, դրա համար մենք մի հոգի կունենանք ուսումնական գծով տնօրեն, եւ ինքը մենակով կկարողանա 9 դասարանի հարցերը կարգավորել, էլ ի՞նչ ուսմասվար։ Այ, սա է պետք բացել․․․»։  

ԿԳՄՍ նախարարությունը հիմնավորում է, որ օրինագիծը հիմնված է միջազգային փորձի վրա, բայց փորձագետի համար սա համոզիչ չէ, որովհետեւ «Հայաստանում վերջին տարիներին ինչ արվել է, բոլորն էլ միջազգային փորձից են բխում, բայց կարելի է միշտ հակառակ փորձը բերել, մենք էլ կարող ենք օրինակ բերել, որ տեղեր էլ կան, որտեղ տնօրենը զբաղվում է ֆինանսական ու վարչական հարցերով։ Հիմա ո՞նց ենք որոշել, որ հենց այս մոդելն է Հայաստանի համար լավ։ Մյուս փաստարկը, որ բերվում է, այն է, որ այսօր տնօրենները զբաղվում են շինարարական, վարչական հարցերով, իսկ բովանդակությունը տուժում է։ Դա էլ համոզիչ չէ, գուցե դա նորմալ է, ես նաեւ չեմ համարում, որ իսկապես տնօրենները միայն վարչական հարցերով են զբաղվում, բովանդակայինով էլ են զբաղվում, դա ճիշտ գնահատական չէ։ Եթե հիմնարկի ղեկավար ես, պետք  է ե՛ւ բովանդակայինով զբաղվես, ե՛ւ տնտեսականով, բոլոր հիմնարկների ղեկավարներն էլ զբաղվում են, դա նորմալ է։ Հիմա գուցե որոշ տնօրեններ շատ են զբաղվում, որոշներն էլ՝ քիչ, դա էլ արդեն անձի հարց է, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Տեսեք՝ նորից միջազգային փորձը, մեր դպրոցների շենքերի մեծ մասը խայտառակ վիճակում է, նույնիսկ այն դպրոցները, որոնք վերանորոգվել են վերջին 10-15 տարում, շատ հաճախ այնքան վատ է արվել վերանորոգումը, որ այդ դպրոցներն էլ խնդիրներ ունեն։ Մյուս կողմից՝ նախարարությունն ասում է՝ այդ վարչատնտեսական տնօրենը պետք է լինի մի քանի դպրոցի ղեկավար, այսինքն՝ կարող է 5 գյուղ վերցնեն, եւ այդ 5 գյուղի դպրոցն ունենա վարչատնտեսական մի ղեկավար, որ այդ 5 դպրոցը կառավարի։ Հիմա, ենթադրենք, դպրոցում խնդիր է առաջանում, մենք ի՞նչ պետք է անենք, պիտի զանգենք մյուս գյուղ, ասենք՝ եկեք, այստեղ վարչատնտեսական խնդի՞ր է առաջացել, բայց այդ շենքերում անընդհատ մի խնդիր է առաջանում՝ պատուհան է կոտրվում, խողովակ է պայթում․․․ ո՞վ պետք է այս պրոցեսներն անի»։

Ս․ Խաչատրյանն անդրադառնում է նաեւ դպրոցի տնօրենի ընտրության կարգին․ «Իմ ենթադրություններից մեկը նաեւ այն է, որ նախարարության ձեռքով փորձ է արվում այս ձեւով կենտրոնացնել դպրոցների ղեկավարությունը, որովհետեւ, ըստ էության, հանվում է ընտրելու տարբերակը, տնօրենին էլ չեն ընտրելու՝ նրան նշանակելու է նախարարությունը, ընդ որում՝ 2-ին էլ, ուղղակի մեկը պետք է պրոցեսներով անցնի, հավաստագիր ստանա, նոր իրեն կարող են նշանակել, իսկ մյուսը, ինչքան հասկանում եմ, պետք է փորձ ունենա, բարձրագույն կրթություն, ու վերջ՝ կարելի է նշանակել։ Ես այստեղ ռիսկ եմ տեսնում, որ սա կենտրոնացման է բերելու, իշխանությունը միշտ մտածում է, որ ինքը լավ իշխանություն է եւ ինքը լավերին կդնի տնօրեն։ Բայց դեմոկրատիայի դեպքում մենք միշտ վատը պետք է մտածենք։ Ենթադրենք՝ այս իշխանությունն այսօր լավն է, բա որ վաղը գա մի դիկտատոր, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու՝ ում ուզեն, դնելու են, ինչ ուզեն, անելու են, եւ արդեն երանի ենք տալու նախկին վիճակներին»։     

Ն․ Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում են դպրոցի տնօրենի աշխատանքը դարձնել չափելի։ Ի՞նչ է դա նշանակում։ «Ներդրվում է արդյունավետության չափման համակարգ, այսինքն՝ տնօրենը պետք է ծրագիր ներկայացնի, ու եթե ինքն այդ ծրագիրը չկատարի, կամ դպրոցն առաջընթաց չունենա, իրեն կարող են հանել։ Դա կլինի մանրուք, որպեսզի տնօրենների վրա իշխանությունը մեծացնեն։ Մի խոսքով, այստեղ ես տեսնում եմ այդ հակակշիռները՝ ինչու է այդ վարչական տնօրենը գալիս, որովհետեւ, ենթադրում եմ, նախարարությունը փորձում է նաեւ հակակշիռ ստեղծել։ Եթե դպրոցների քրեական քրոնիկոնը նայեք, կտեսնեք, որ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ դպրոցի տնօրենը մարդիկ է ընդունել աշխատանքի, որոնք գործի չեն եկել, բայց փողը ստացել են, հիմա այս քայլով նախարարությունը, ենթադրում եմ, հակակշիռ է ստեղծում։ Այսինքն՝ դպրոցի երկու ղեկավարները պետք է մեկը մյուսին կոնտրոլ անեն, որովհետեւ ուսումնական գծով տնօրենը կադրերի համար է պատասխանատու, եւ ինքն է այդ մարդկանց ընդունելու, բայց մյուս մասն էլ պատասխանատու է պայմանագրի, աշխատավարձերի համար, ստեղծվելու է մի իրավիճակ, որտեղ կոնֆլիկտներն անխուսափելի են դառնալու, բայց, իհարկե, քողարկված այս բաները նախարարությունը չի ասում»,- ասում է նա ու նկատում, որ, հավանաբար, այս անգամ եւս օրենքը քննարկումների բավարար աստիճան չի անցել։