Մենք մարդկությանը սովորեցրինք, որ աշխարհում կարելի է ուժի կիրառմամբ հարցեր լուծել. Պարույր Հայրիկյան
«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:
- Պարոն Հայրիկյան, չորս կողմից բղավում են, որ Արցախում հումանիտար աղետ է: Կասկածներ կան նաև, որ Արցախի այն փոքրիկ հատվածը, որը մեր տիրապետության տակ է այժմ, կարող է թշնամու վերահսկողության տակ հայտնվել: Մեկ նախադասությամբ եթե ասենք` Արցախը վտանգվա՞ծ է: Դուք Արցախի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:
- Հարցին նախ անդրադառնամ միջազգային տեսանկյունից: Այն պահից, երբ մենք Արցախը առանձնացրինք Հայաստանից, այդ պահին մենք կանխորոշեցինք անհեռանկար զարգացման հնարավորությունը: Եվրոպական միությունը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, մինչև Արցախի հանձնումը ներառյալ: Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պետականության մասին բացարձակ պատկերացում չունեն: Արցախի վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի է նույնիսկ պատկերացնել: Մենք` հայերս, սովորաբար ավելի շատ խոսում ենք մեզ հասանելի խնդիրների մասին, բայց աշխարհն այսօր կանգնած է շատ լուրջ փորձության առաջ: Ցավոք, փորձությունը սկսեց մեզանից: Ի՞նչ կատարվեց: Ոչ միայն ինչ-որ տարածքներ կորցրինք, զոհեր ունեցանք, այլև մարդկությանը սովորեցրինք, որ աշխարհում կարելի է ուժի կիրառմամբ հարցեր լուծել: Այսինքն` Արցախյան պատերազմով աշխարհը հասկացավ, որ կարող է ուժի կիրառմամբ հարցեր լուծել, այլ ոչ թե առողջ բանականությամբ, կամ բանակցություններով: Ռուսաստանը որպես մեր դաշնակից պետք է պատերազմը կանխեր, անկախ նրանից, թե ով էր այն սկսել:
- Արցախի ապագան ո՞ր ուղղությամբ եք տեսնում. Արևմո՞ւտք, թե՞ ՌԴ:
- Ինձ համար չկա էսպիսի հարց: Կա արցախցու ինքնորոշման իրավունք: Եթե արցախցին ինչ-որ բան է որոշում, կարևորագույնը դա է:
- Իսկ միայն որոշելը բավարա՞ր է: Բանակն ի վիճակի՞ է արցախցու ցանկությունները կատարել:
- Հիմա բանակը չունի հնարավորություն, բայց ես հարցին պատասխանում եմ սկզբունքային կերպով: Աշխարհը ծայրաստիճան փոխվել է: Փոխվել է դեպի վատը: Այսինքն`աշխարհում հիմա ուժն է ծնում իրավունք:
- ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերջերս հանդիպում ունեցավ: Կարծես, երկու կողմն էլ հրաշալի տպավորություններ ունեն: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից:
- Դուք խոսում եք գուցե կարևոր երևույթների մասին, սակայն ես Ձեզ հետ զրույցում արդեն նշեցի ամենակարևորի մասին: Հենց այդ ամենակարևորի ոչնչացման պայմաններում, նույնիսկ խաղաղության պայմանագիրը, որ կարող է վաղը կնքվել, հինգ րոպեի ընթացքում կխախտվի, որովհետև խաղաղության պայմանագիրն իրավունքի ոլորտից է: Աշխարհն այսօր ապացուցել է, որ կարող է ուժով հարցեր լուծել ու անպատիժ մնալ:
- Իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին: Նրանք այս պարզ ճշմարտությունը չե՞ն հասկանում:
- Կներեք, նրանցից ի՞նչ իշխանություն: Նրանք ոչ մի պատասխանատվության զգացում չունեն: Այս իշխանություններին լուրջ ընկալել չի կարելի: 20 թվականին Սահմանադրության բարեփոխումների ժամկետ էին նշանակել, չկատարվեց, հետո նոր հանձնաժողով ստեղծվեց` հինը հուղարկավորելու համար: Այս իշխանությունների մասին խոսելն արդեն վաղուց լուրջ չէ:
- Ի վերջո, ռուս-ուկրաինական պատերազմն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա:
- Ռուսաստանի և հաղթանակը, և պարտությունը Հայաստանի համար կարող է շատ վատ լինել: Քաղաքակրթության համար կարող է շատ վատ լինել:
Կարծիքներ