Նվագախումբը բոյկոտում է․ Օրբելյանը շահարկել է նաև Աննա Հակոբյանի հիմնադրամի անու՞նը

Նվագախումբը բոյկոտում է․ Օրբելյանը շահարկել է նաև Աննա Հակոբյանի հիմնադրամի անու՞նը

Մենք տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի արտիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում թատրոնի տնօրինության դեմ: Երաժիշտ, Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի խոսքով՝ պատճառը դեռ նախորդ տարվանից տնօրինության կողմից խոստացված հոնորարն է, որը նախատեսված է եղել «Բյուրեղապակյա դղյակը» կոմերցիոն բալետային ներկայացման համար, սակայն, ըստ Գրիգորյանի,  տարատեսակ պատճառաբանություններով այդպես էլ չի վճարվել խոստացված հոնորարը արտիստներին: Երեք օր ընթացող բողոքի ակցիաների շրջանակում երաժիշտները միահամուռ ներկայացրել են իրենց պահանջը, որ սիրով կաշխատեն, կմասնակցեն թատրոնի բոլոր փորձերին, ներկայացումներին, բացառությամբ վերոնշյալ ներկայացումից: Գրիգորյանը պնդեց, որ թատրոնի տնօրենի պաշտոնում վերանշանակված տնօրեն մաեստրո Կ. Օրբելյանը տարբեր պատճառաբանություններով խուսափում է վճարել արտիստներին:  Մեզ հայտնեցին նաև, որ Օրբելյանը անզորությունից դրդված   ժողովներից մեկի  ժամանակ փորձել է նույնիսկ  շահարկել առաջին տիկին Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած հիմնադրամի անունը, ասելով, որ  «Բյուրեղապակյա դղյակը» ներկայացումը կրելու է բարեգործական բնույթ և ողջ հասույթը տրամադրվելու է հիմնադրամին: Երաժիշտներն էլ հայտնել են, որ բարեգործական նպատակով սիրով կմասնակցեն թատրոնի խաղացանկային ցանկացած ներկայացման, բացի «Բյուրեղապակյա դղյակը» բալետային բեմադրությունից: 

«Չորս օր առաջ մենք Օրբելյանի հետ հանդիպում չենք ունեցել, հանդիպել ենք ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կրկակոսյանի հետ։ Հարց բարցացվեց, թե ինչու է արտիստների մի մասը վճարվել, մյուս մասը ոչ, Կիրակոսյանը փորձեց բացատրել, որ իրենց բացթողումն է, միջոցներ կձեռնարկեն, որ նվագախմբի անդամներն էլ վճարվեն։ Նվագախումբն էլ ասեց՝ քանի որ այսքան ժամանակ չեք վճարել, վճարեք, հետո նոր արդեն ներկայացումներին կսկսենք մասնակցել։ Փորձ արվեց համոզել նվագախմբին, որ գումարը մաս-մաս վճարվի, բայց նվագախումբն իհարկե չհամաձայնվեց։ Սրանից հետո արդեն, երբ նվագախումբը չհամաձայնվեց մաս-մասի տարբերակին, Օրբելյանը փորձ արեց նույն Կիրակոսյանի ներկայությամբ շահարկել Աննա Հակոբյանի անունը, ես այդ պահին այնտեղ չեմ եղել, բայց աշխատակիցներից եղել են մարդիկ, որ ներկա են եղել այդ խոսակցությանը, ինձ էլ անմիջապես տեղյակ պահեցին, որ Օրբելյանը սենց-սենց հայտարարություն է անում։ Ես անձամբ չեմ կապվել հիմնադրամի ներկայացուցիչների հետ, բայց որոշակի տեղեկություններ ունեմ, որ նման պայմանավորվածություն իհարկե չի եղել։ Ենթադրում ենք, որ Օրբելյանը ստում է»,-պատմեց Գրիգորյանը։

«Հրապարակի» հետ զրույցում Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը նշեց նաև, որ երեկ նորից ժողով է եղել, և, կարծես թե, Օրբելյանն ու իրենք կոմպրոմիսային համաձայնության են հասել։

«Կոմպրոմիսային տարբերակը եղավ հետևյալը։ Ինքը ասեց նորից, որ մաս-մաս կվճարենք, ես իմ աշխատավարձից կհավաքեմ կվճարեմ, ես էլ ասեցի, որ պետք չէ մաս-մաս վճարել, ես էլ պատրաստ եմ իմ աշխատավարձից վճարել, միայն հիմա վճարեք։ Ինքն էլ ասեց՝ լավ, դե որ տենց է, ես մարտի սկզբին կվճարեմ։ Ես պահանջեցի գրավոր պայմանագիր դրա վերաբերյալ, որ իրենք պատրաստ են մարտի սկզբին վճարեն, բայց նա ասեց, որ դա հնարավոր չէ, փոխարենը նշեց, որ թող նվագախմբի տնօրենը զեկուցագիր գրի, ինքը կմակագրի, որ պատրաստ է վճարել ու կվճարի։ Մենք համաձայնվեցինք և փորձերը սկսեցինք շարունակել, բայց նաև 20 րոպե սպասեցինք, որ ինքը գրությունը բերի, որով խոստանում է, որ կվճարի։ Սակայն մեզ բերեցին նվագախմբի մեներգիչների ատեստատավորում, այսինքն՝  այլ բան էինք սպասում, այլ բան բերեցին, ինչից հետո նվագախմբի փորձերը կանգ առան, քանի որ մենք այդ պատասխանին չէինք սպասում։ Մի խոսքով, բանավոր խոսք է եղել, որ կվճարեն, բայց գրավոր որևէ արձանագրություն չի եղել»,ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը նշում է, որ   նվագախմբում կա 110 հաստիք և վերոնշյալ ներկայացման համար նվագախմբի անդամներից յուրաքանչյուրին պետք է վճարվի 80 հազար դրամ։ 

«Ինքը ներկայացնում էր որպես խաղացանկային ներկայացում, հիմա մենք չենք հասկանում՝ եթե դրա համար գումար նախատեսված չի եղել, ինչի են մի մասին վճարել, մի մասին՝ ոչ, բալետի արտիստներին վճարվել է, նվագախմբին՝ ոչ։ Տոմսերի հասույթի գումարը չէր բավականացնի վճարել բոլորին, բայց իրենք չեն ասում՝ տոմսերի գումարից պետք է վճարել»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ Օրբելյանը հայտարարել է, որ եթե նվագախումբը չնվագի ներկայացմանը, ձայնագրություն է միացվելու, այսինքն՝ կենդանի երաժշտություն չի լինելու։

«Նվագախումբի մի մասն էլ ասեց՝ դե թող ձայնագրությունով լինի, մենք չենք նվագում։Հիմա վաղը հաջորդ ներկայացնումն է և, ամենայն հավանականությամբ, ձայնագրություն է լինելու»,-ասաց Գրիգորյանը։

Մենք նաև փորձեցին կապվել Օրբելյանի հետ, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։ Կապվեցինք Կարինե Կիրակոսյանի հետ, նա նշեց, որ հարցերի համար պետք է դիմել  Օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության պատասխանատու Վահագն Զաքարյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հարցերի համար պետք է դիմենք գրավոր տարբերակով, հնարավորինս արագ կպատասխանեն, սակայն դեռևս պատասխան չկա։