«Հրապարակ». Տարածքները հանձնելուց հետո որոշել են տարածքային վեճի մեջ չմտնել

«Հրապարակ». Տարածքները հանձնելուց հետո որոշել են տարածքային վեճի մեջ չմտնել

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից վերադարձած մի խումբ ՔՊ-ականների երեկվա ասուլիսը սկսվեց դեկլարատիվ հայտարարություններով ու ավարտվեց արցախյան հարցի շուրջ «փիլիսոփայական» բանավեճով։ ՔՊ-ականները համառորեն ուզում էին համոզել, որ արցախյան հարցը տարածքային վեճ չէ, այլ ազգերի ինքնորոշման համար պայքար։ Եվ Ադրբեջանը հարձակվել է Արցախի ժողովրդի եւ ոչ թե տարածքի վրա։ Ու հիմա պետք է Արցախի ժողովրդին ինքնորոշել եւ օժտել ինչ-ինչ իրավունքներով, որ ապահովենք նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Մեր փորձերը՝ հասկանալու, թե այդ մարդիկ որտեղի քաղաքացիներ են, որ տարածքում պետք է ինքնորոշվեն, ինչի համար էր, այդ դեպքում, պատերազմը, եթե խնդիրը տարածքային չէր, Ադրբեջանն էլ մեզնից տարածք չէր ուզում, ՔՊ-ականներն այս պարզ հարցերին չկարողացան պատասխանել։

«Հարցի էությունը, ինչպեսեւ ի սկզբանե Հայաստանի դիրքորոշումն է եղել, ժողովուրդների իրավունքների եւ, տվյալ պարագայում, արցախցիների ինքնորոշման իրավունքի շրջանակում է եղել, եւ փորձում ենք հենց փաստերի եւ փաստարկների լեզվով հնարավորինս ապացուցողական տվյալներ ներկայացնել այն մասին, թե ինչու է այս պահի դրությամբ արցախցիների հենց գոյութենական խնդրի վերհանումը եւ դրա մասին մեր գործընկերներին ներկայացումը։ Սա, կարծում եմ, ամենաանկյունաքարային խնդիրն է եւ թեման, որի հետ կապված բոլոր մեր գործընկերները պետք է քննարկեն մեր արտասահմանցի գործընկերների հետ»,- այսպես ներկայացրեց արցախյան խնդրի իր պատկերացումներն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Ապա խոսեց հայ-թուրքական բարեկամության ջատագով Մարիա Կարապետյանը։ Անդրադառնալով մեր հարցին, թե ինչպես կարձագանքի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը, Պրահայում հաստատելով իր հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, դրանով արդեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահման կա, եւ Ամա-Աթայի հռչակագրին հղում կատարելով՝ այն վերահաստատելը որեւէ առնչություն չունի «Լեռնային Ղարաբաղի» հիմնախնդրի հետ։

«Հակառակ պարագայում կստացվեր, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը գոյություն ունի այնքանով, որքանով Հայաստանը վիճարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանը։ Սա համահայկական դիրքորոշում պետք է լինի»,- ասաց Մարիա Կարապետյանը՝ փաստացի սխալ հանելով Լավրովին, ապա ավելացրեց․ «Երեւակայեք՝ Հայաստանը մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդն էդ գործընթացով անցնելու էր, չէ՞։ Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ էս հակամարտության մեջ որեւէ դերակատարում է ունեցել 30 տարի շարունակ։ Սա տարածքային վեճ չէ»։

ՔՊ-ականներին երկու հարց ուղղեցինք։ Նախ՝ հետաքրքիր էր, թե իրենց համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը որտեղով է անցնում՝ 2020 թվականի պատերազմից հետո եւ առաջ։ Գորիս-Կապան մայրուղին կամ Սեւ լճի այն 30 տոկոսը, որ հիմա թշնամու տիրապետության տակ է, Հայաստանի՞ տարածքի մեջ են մտնում, թե՞ Ադրբեջանի։ Երկրորդ․ Արցախի ժողովուրդը ո՞ր տարածքում է ապրում, Ադրբեջանի՞, Հայաստանի՞, թե՞ որեւէ այլ երկրի՝ ըստ իրենց։ Եվ ո՞ր տարածքում պետք է Արցախի ժողովուրդն ինքնորոշվի։

«Արցախցիները պետք է ինքնորոշվեն միջազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, համապատասխան օրենքներից եւ միջազգային իրավունքներից ելնելով։ Անցնելով մյուս հարցին, թե որն է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանը, հղում անելով եւս մեկ անգամ Ալմա-Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 23-ի հռչակագրին, այն սահմաններն են, որոնք որ Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի միջեւ, որպես ադմինիստրատիվ սահմաններ, գոյություն են ունեցել»,- պատասխանեց Էդուարդ Աղաջանյանը։ Փորձեցինք կրկին ճշտել՝ Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի սահմանների մեջ մտնո՞ւմ է։ Ու մինչ Աղաջանյանը նոր «կռուտիտ» կմտածեր, նրան օգնության հասավ «դուխով սորոսական» Մարիա Կարապետյանը՝ հայտարարելով․ «Դրա մի հատվածը՝ ոչ, չի մտնում։ Մենք դա պարզաբանել ենք»։ Այսինքն՝ 30 տարի Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի մաս չի՞ կազմել, ու մենք Ադրբեջանի տարածքո՞վ ենք Կապան գնացել-եկել, այսինքն՝ իրենք Հայաստանը համարում են օկուպա՞նտ։

«Երեսուն տարի ինչի՞ մեջ էր մտնում․․․ Լավ, մենք պալեմիկայի մեջ հիմա չենք մտնելու։ Մեր դիրքորոշումը, կրկնում եմ, հետեւյալն է, եւ այս առումով ՀՀ որեւէ իշխանության դիրքորոշում փոփոխության չի ենթարկվել․ արցախյան հիմնախնդրի էությունը ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր է եղել, կա եւ շարունակում է մնալ, եւ երբեւէ մենք տարածքային վեճի մեջ չենք մտնելու»,- վրա տվեց Աղաջանյանը։

Գործընկերներին փորձեց օգնել Հռիփսիմե Գրիգորյանը՝ մեզ «բացատրելով», որ մենք հարցը տանելով տարածքային հարթություն՝ դրանով առաջ ենք տանում Ադրբեջանի նարատիվը, քանզի Ադրբեջանն է մեզնից տարածքներ պահանջում, ոչ թե մենք՝ Ադրբեջանից։ Նրան էլ հարցրինք՝ Արցախի ժողովուրդը որտե՞ղ է ապրում։

«Իրենց հայրենիքում»,- միաբերան պատասխանեցին Աղաջանյանն ու Գրիգորյանը։ Իսկ ո՞րն է իրենց հայրենիքը, եւ ո՞ր դրոշի ներքո է այն՝ Արցախի Հանրապետությա՞ն, թե՞ այլ երկրի։ Նորից պտտեցին հին «պլաստինկան», որ սա տարածքի հարց չէ, այլ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի։
Ասուլիսից հետո մի վերջին հույսով փորձեցինք այս հարցի շուրջ մի երկու պարզաբանում կորզել Էդուարդ Աղաջանյանից։

- Պարոն Աղաջանյան, երբ ասում եք՝ տարածքային վեճ չէ, այդ դեպքում Ադրբեջանը․․․

- Դուք կարծում եք՝ տարածքայի՞ն վեճ ա։

- Եթե տարածքային վեճ չէ, Շուշին, Հադրութը, Քարվաճառն ինչո՞ւ հանձնեցիք։ Եթե նպատակը տարածք գրավելը չէր, ապա այդ տարածքներն ինչո՞ւ գրավեցին, կամ մի մասն ինչո՞ւ հանձնեցինք, ավելի ճիշտ՝ հանձնեցիք։

- Մենք հանձնեցինք, դուք հանձնեցիք․․․

- Դե, առանց մեկ կրակոցի Քարվաճառը հանձնողը, օրինակ, ես չեմ եղել։

- Դուք ի՞նչ էիք առաջարկում, օրինակ՝ կարծում եք, որ շրջափակման մեջ ընկած զինծառայողներին, որոնք զրո շանս ունեին էդ իրավիճակից դուրս գալու, պետք է ի՞նչ որոշում կայացնեիք։ Դուք հիմա ինձ կամ մեր իշխանությանը մեղադրում եք ինչ-որ բան հանձնելու մեջ, հիմա Դուք դրանով վիրավորում եք էն հազարավոր զինծառայողներին, ովքեր, պաշտպանելով իրենց հայրենիքը, զոհվել են։

- Ոչ, ինձ մի վերագրեք բաներ, որոնք ես չեմ արել։ Այդ զինծառայողները ձեզնից են վիրավորված, որ դուք հանձնել եք իրենց պաշտպանած հողերը։

- Չէ, Դուք հիմա իրականությանը չհամապատասխանող պնդումներ եք անում․․․ Լավ, շնորհակալություն։