Մոսկվայում և Թեհրանում լուրջ անվստահություն է ձևավորվել Հայաստանի հանդեպ

Մոսկվայում և Թեհրանում լուրջ անվստահություն է ձևավորվել Հայաստանի հանդեպ

2020 թվականը, ակնհայտորեն, լինելու է խիստ բարդ տարի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ տարածաշրջանի համար։ Իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունն Իրաքում եւ դրան հետեւած դրամատիկ իրադարձությունները ստեղծել են բոլորովին նոր իրադրություն ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ հարակից տարածաշրջաններում` ներառյալ Հարավային Կովկասը:

Ըստ այդմ, Հայաստանը եւս զերծ չի մնալու Իրանի շուրջ եւ նրա մասնակցությամբ հնարավոր զարգացումների ազդեցությունից։ Իրանա-ամերիկյան հակամարտության առավել սրված այս փուլում, շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոններն արդեն իսկ հետեւություններ են անում եւ դիրքավորվում իրենց շահերին համապատասխան։ Եթե առանձին դիտարկենք, ապա Եվրոպան, դատելով հատկապես Մերկելի եւ Մակրոնի հայտարարություններից, փորձում է լիցքաթափել իրավիճակը եւ վերականգնել մինչեւ հունվարի 3-ը առկա իրադրությունը։ Եվրամիությանը հատկապես մտահոգում է այն, որ նոր իրավիճակում պատին սեղմված Իրանը կարող է վերջնականապես չեղարկել 2016-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը եւ վերադառնալ ուրանի 20 եւ ավելի տոկոս հարստացման նախկին ծրագրին, ինչը միանգամայն իրատեսական է դարձնում միջուկային զենքի ստեղծումը։ Եվրոպան նախընտրում է Իրանի հետ ունենալ թեկուզ մասամբ գործող եւ հետագա բանակցությունների հնարավորություն թողնող փաստաթուղթ, քան ընդհանրապես ոչինչ չունենալ։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ ՆԱՏO-ի գծով ԱՄՆ-ի գրեթե բոլոր եվրոպական դաշնակիցները` բացառությամբ Լեհաստանի, միանգամայն թափանցիկ հասկացրին, որ Թրամփի նախաձեռնած հակաիրանական-նախընտրական արշավին մասնակից դառնալու մտադրություն չունեն եւ արդեն իսկ սկսել են իրենց ռազմական հրահանգիչների դուրսբերումն Իրաքից։  

Ռուսաստանի համար Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակը մոսկովյան փորձագետների մեծամասնությունը գնահատում է իբրեւ զուգահեռ ռիսկերի եւ նոր հնարավորությունների իրադրություն։ Խնդիրը տվյալ դեպքում դիտարկվում է ոչ միայն Սիրիայի հարցում ռուս-իրանական փաստացի առկա դաշինքն ամրապնդելու տեսանկյունից, այլեւ ավելի խորը համագործակցության հաստատման`Թեհրանին ՀԱՊԿ-ում իբրեւ դիտորդ պետություն ներգրավելու տարբերակով։ Մանավանդ որ Իրանն արդեն իսկ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել։ ԱՄՆ-ի նոր արկածախնդրությունը Մոսկվայի եւ Պեկինի համար առավել քան դրական ֆոն է ստեղծում նաեւ Իրանի հետ ռազմական համագործակցության խթանման առումով, քանզի Ռուսաստանը եւ Չինաստանը Թեհրանի հիմնական մատակարարներն են սպառազինությունների ոլորտում։

Ըստ այդմ, միանգամայն իրատեսական են կանխատեսումները, որ Իրանը կսկսի ավելի մեծ միջոցներ ծախսել արդիական զինատեսակների ձեռքբերման համար` մեծացնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի եկամուտները։
Միաժամանակ Մոսկվայում արդեն ավելի բարձր են սկսում հնչել առայժմ փորձագիտական կանխատեսում-պահանջները, որ Ռուսաստանն Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակում պարտավոր է կենտրոնանալ ԱՊՀ եւ հատկապես ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքականության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` ձգել պնդօղակները։ Դրան զուգահեռ, ուշադրության է արժանի Իրանի հոգեւոր առաջնորդի վերջին ելույթի այն հատվածը, որ ԱՄՆ-ին հասցված ապտակները բավարար չեն, եւ Թեհրանի նպատակը պետք է լինի տարածաշրջանից ամերիկյան ազդեցության վերացումը։ Խոսքի ենթատեքստը կարծես վերաբերում էր Մերձավոր Արեւելքին, բայց Հարավային Կովկասը նույնպես անմիջական հարեւան տարածաշրջան է, ու այս դեպքում միանգամայն տեղին է «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» արեւելյան հայտնի առածը։
Հայաստանի ներկա վարչախումբը վերջին 1,5 տարում բավականաչափ սխալներ է արել արտաքին քաղաքականության մեջ` Մոսկվայում եւ Թեհրանում իր նկատմամբ ձեւավորելով լուրջ անվստահություն: Հակառուսական եւ հակաիրանական ենթատեքստ պարունակող այդ քայլերի թվարկումը միայն առանձին հոդվածի նյութ է: Եվ բնավ էական չէ` դրանք հետեւանք են եղել անհիմն ինքնավստահությա՞ն, թե՞ Արեւմուտքում ավելի ընկալված լինելու ցանկության:

Մանավանդ որ վերջին դրամատիկ իրադարձություններին ցուցաբերված Հայաստանի պաշտոնական արձագանքը եւս համարժեք չէր: Փաշինյանի բացարձակապես դատարկ ելույթը սարի վրայից իրավիճակին որեւէ գնահատական տալուց խուսափելու փորձ էր միայն, ինչն ավելի խորացրեց անհամարժեքության իրողությունը: Իրանի դեսպանություն էլ ցավակցելու այցելեց ընդամենը տարածքային կառավարման նախարարը, որից հետո իրանական կողմը միջնորդավորված հասկացրեց, որ իրենք ավելի ջերմ արձագանք էին ակնկալում: Պատասխանի առիթը Թեհրանը բաց չի թողնի, նաեւ Հայաստանում հնարավոր ներքաղաքական զարգացումների կոնտեքստում:


Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ