Նիկոլապետության ծաղրածուների կյանքից

Նիկոլապետության ծաղրածուների կյանքից

Մերձքաղաքական այս խավին շատ եմ սիրում: Նրանք զոմբի չեն, որովհետեւ նրանց քայլերն ու հայտարարությունները մանրակրկիտ մտածված են, հաճախ՝ ուղղորդված, երբեմն էլ՝ դիպուկ: Սրանց ուսապարկ էլ չես ասի: Ուսապարկը, ճիշտ է, ինչպես զոմբիները, խելք չունի, բայց պարտիական դիսցիպլինը հարգելու մեջ անգերազանցելի է: Իմ նշած մերձքաղաքական խավն ուսապարկերից տարբերվում է առաջին հերթին ներքին կարգապահությամբ, որ սրանց պարագայում իսպառ բացակայում է: Իսկ սա արդեն նշանակում է, որ մերձքաղաքական այդ խավին իշխանությունները եւ կամ ցանկացած փողային այլ կենտրոն կարող է ղեկավարել ինչպես ուզենա, երբ ուզենա, ում դեմ ուզենա, ում օգտին ուզենա:

Եվ ուրեմն՝ ի՞նչ ասել է մերձքաղաքական խավ: Ինձ թվում է՝ այնքան լավ անուն եմ դրել, որ լրացուցիչ բացատրության կարիք չի էլ զգացվում: Այդուհանդերձ մեկ-երկու ճշգրտում կատարեմ: Դա մարդկանց այն հավաքականությունն է, որ մի անգամ դուրս է շպրտվել քաղաքականությունից, բայց իր սրտաճմլիկ հիշողությունների հաշվին շարունակում է պտտվել քաղաքականության շուրջ: Իշխանությունը գնահատում է այս խավին, որովհետեւ ժամանակին, երբ սրանք քաղաքականության մեջ էին, անգնահատելի ծառայություններ են մատուցել իրեն:

Այսպես ասած՝ եղել են իշխանության գրպանի լաքեյը, որին պետք եղած ժամանակ թույլ էին տալիս քննադատել նույնիսկ իշխանությանը: Անգլիական արքունիքներում ծաղրածուն՝ շուտը, արքաների ամենասիրած էակն էր, որը կարող էր արքային ասել այն, ինչի համար ուրիշների գլուխները կթռչեին: Մի քանի ամիս առաջ մոտավորապես այս կարգավիճակում էին նաեւ Նիկոլի ծաղրածուները, որոնք հունիսի 20-ից սկսած՝ հրաժեշտ տվեցին քաղաքականությանն ու համալրեցին մերձքաղաքական խավը: Ո՞վ է Էդմոն Մարուքյանն այսօր: Նա այսօր մերձքաղաքական խավի կարկառուն ներկայացուցիչ է: Ո՞վ է Արման Բաբաջանյանը… մերձքաղաքական խավի ներկայացուցիչ: Ովքե՞ր են էդմոնականներն ու բաբաջանյանականները՝ մեծից փոքր… Մերձքաղաքական խավի ներկայացուցիչներ, այլ խոսքով՝ քաղաքական ծաղրածուներ: Սրանք մեկ անգամ արդեն եղել են քաղաքականության մեջ եւ հանկարծ դուրս են ընկել քաղաքականության ավտոբուսից, որովհետեւ կանգառներից մեկում Նիկոլն այդպես է կամեցել:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ նրանք Նիկոլի ինչի՞ն են պետք այսօր, երբ այլեւս դրսում են: Գիտե՞ք, այդպես մի ասեք: Լինել Էդմոն Մարուքյան, Արման Բաբաջանյան ու մի բանի պետք չգա՞լ: Հեչ որ չլինի՝ կարող են ձրի ռադիո աշխատել իշխանությունների համար: Էն Արման Բաբաջանյանը հազվադեպ է խոսում, ու ձայնն էլ այնպես է խռխռում, որ ասես Հայաստանում չէ: Բայց, ահա, Էդմոնին լռեցնել ուղղակի հնարավոր չէ: Էդմոնի գլխին Նիկոլն այնքան գործ է թափել, որ խեղճ մարդն այլեւս չի հասցնում, չգիտի՝ որ խմբագրությունից որը թռչի, որ տելեից որ տելեն, ու այդքանից հետո էլ դեռ անձնական ֆեյսբուքյան էջը պետք է համալրի նոր պոստով: Քննադատում է ընդդիմությանը, քննադատում՝ լավը չեք, վճռական չեք, ծայրահեղ չեք, բա իրենց ժամանակ ընդդիմությունն այսքան հարմարվողակա՞ն էր` Նիկոլի երեսին շպպացնում էին, ինչ ուզում էին: Ամբողջ հարցն էլ Նիկոլի հետ այդ մտերմության մեջ էր՝ Նիկոլն իրենց էր արտոնել իր դեմ խոսել: Հիշենք Սասունի հետ կռիվը: Էդմոնն այդ օրերին ընդդիմադիր էր աշխատում՝ իրեն չխնայելով. իշխանական թիմին, հասկանում ես, պետք էր մարզել՝ հաջորդ խորհրդարանում «քացի գցելու» համար:

Քաղաքականության ավտոբուսից Էդմոնի ու նրա «Լուսավոր Հայաստանի» դուրս ընկնելու պատմությանը չեմ անդրադառնա: Նախորդ հրապարակումներիս մեջ երկար եմ խոսել այդ մասին: Այսօր կխոսեմ մերձքաղաքական խավից մի շատ լուսավոր աղջկա մասին, որ մերձքաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող Էդմոն Մարուքյանի մոտ օգնական է աշխատում: Անի Սամսոնյան է անունը: Գեղեցկադեմ, հաճելի արտաքինով, լավ խոսքով աղջիկ է: Դեկտեմբերի 7-ը կամ 8-ն էր… Մեկ էլ էս Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Տեղեկացա, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են միջազգային կազմակերպություններում աշխատանքը: 2,5 տարի պատգամավոր էինք, երբեւէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով խաթարենք կամ բոյկոտենք հայկական պատվիրակությունների աշխատանքը կամ հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում: Էլ չեմ խոսում մեր ներկա ծանրագույն վիճակի մասին, որ միջազգային մակարդակով եւ բոլոր ռեսուրսներով պիտի միասնական կռիվ տալ: Մի խոսքով` ԱՄՈԹ ՁԵԶ»: 

Խոսքը «Հայաստան» դաշինքի հայտարարության մասին է, որտեղ հստակ ասված է, որ դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները եւ սահմանափակումները չհանվեն: Ի հավելումն նաեւ նշված է, որ այս որոշման մասին կիրազեկվեն միջազգային համապատասխան կազմակերպությունները: Հիմա մեր Անին ողբ է կապել. «2,5 տարի պատգամավոր էինք, երբեւէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով խաթարենք կամ բոյկոտենք հայկական պատվիրակությունների աշխատանքը կամ հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում: Էլ չեմ խոսում մեր ներկա ծանրագույն վիճակի մասին, որ միջազգային մակարդակով եւ բոլոր ռեսուրսներով պիտի միասնական կռիվ տալ…»:

Բա՞, քաղաքական նոստալգիան այսպիսի բան է: Մարդու շաքարը ո՞նց է բարձրանում: Նոստալգիան էլ այդպես բարձրանում է, բարձրանում ու լուրջ հետեւանքներ ունենում: Անի ջան, իսկ դու գիտե՞ս, որ Էդմոնի հետ գրպանի ընդդիմադիր աշխատած այդ 2,5 տարում Նիկոլի հետ հաջողացրել եք պատերազմ բերել երկիր: Ի՞նչ եք արել այդ ընթացքում Նիկոլի ձեռքը բռնելու, չթողնելու համար: Ոչ մի բան, որովհետեւ ԱԺ-ում դուք այն ուժն եք եղել, որին հանդուրժել, տարել, ներել ու սիրել է Նիկոլը: Ասում ես՝ ներկա ծանրագույն վիճակում միասնական կռիվ պետք է տալ: Ու ինչի՞ց սկսվեց ներկա ծանրագույն վիճակը: Պատերազմի՞ց… Չսխալվես, սիրելի Անի Սամսոնյան: Այս վիճակի հիմքերը Նիկոլի հետ դուք եք դրել՝ Ձեր լուսավոր ծաղրածու հոր՝ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, երբ նպաստում էիք Սահմանադրական դատարանի ոչնչացմանը, երբ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ամեն հնարքի դիմում էիք, որ ՍԴ-ին ուղղված՝ ԲՀԿ-ի դիմումների տակ անհրաժեշտ թվով ստորագրություններ չդրվեին: Ժամանակ է անցել, Անի ջան, նոր խորհրդարան՝ նոր ընդդիմություն: Այստեղ շուտեր չկան: Կան «սեւեր» եւ «սպիտակներ»: Նիկոլը հրաշալի գիտեր, որ այս պատկերն է ստացվելու, եւ դրա համար էլ ձեզ ուղարկեց մերձքաղաքական դաշտ՝ բզբզալու: Դուք էլ բզբզում եք: Բայց տեսեք, որ նոստալգիան շատ չբարձրանա, այլապես Նիկոլից ավելի նիկոլ եք երեւում, երբ սկսում եք բողոքել ընդդիմությունից: