Ընդդիմության հռչակած տիտղոսը ուզում է սեփականացնե՞լ

Ընդդիմության հռչակած տիտղոսը ուզում է սեփականացնե՞լ

Հրապարակում կարդում եմ ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հարցազրույցը ու մի պահ կանգ առնում․ «Իմ ողորմածիկ հերն ինձ երկու տարեկանից ծեծում էր քֆուր տալու համար: Ես Կոնդում եմ մեծացել, ինձ երևի լավ չեն ճանաչում ոմանք, ես կոնդեցի տղա եմ, պարապած խուլիգան…» Ուզում եմ հասկանալ՝ օրենքի շրջանակներում աշխատող փաստաբանը, որը կարող էր նաև դատավոր դառնալ, տեղյա՞կ է, թե ինչ է նշանակում խուլիգան բառը։ Բառի մեկնաբանությունն է՝ ստահակ, սրիկա, խուժան, փողոցային։ Այսինքն ապագա դատավորը քրեական ենթամշակույթի տա՞րր է ու հպարտանու՞մ է դրանով։ Ես հիշում եմ, որ փողոցային երթերի ժամանակ կազմակերպիչներից մեկն ասում էր, անունը չնշեմ․ «Երկրում կա մի խուլիգան՝ կառավարության շենքում, որին մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը»։

Հիմա հայտնվել է մեկը, ով ասում է, որ ինքը ոչ թե խուլիգան, այլ պարապած խուլիգան է։ Ի՞նչ է նշանակում պարապած խուլիգան՝ մի բան սովորած, մի բանի վրա աշխատած, գործ արած, զարգացած այդ արհեստի մեջ։ Այսինքն նա ընդդիմության հռչակած տիտղոսը՝ երկրում կա մի խուլիգան, ու նա նստում է կառավարության շենքում, ուզում է սեփականացնե՞լ։ Նույնիսկ քրեական աշխարհում եթե մի «խառոշի» հայտարարի, որ ինքը օրենքով գող է, իր տեղը ցույց կտան։ Ինչու՞ եմ ասում գողական աշխարհում։ Որովհետև միայն քրեական ենթամշակույթում մարդ կարող է պարծենալ՝ ես պարապած խուլիգան եմ։ Դա բանտում ապրողներիս վախեցնելու՞, ահաբեկելու՞, թե՞ մյուս խուլիգանների մոտ իր առավելությունը ցույց տալու համար է արվում։