Իմ և իմ ընտանիքի հասցեին վիրավորանքներ հնչեցրած մարդիկ թող գան ինձ հետ Բերձորում լինեն այս պահին

Իմ և իմ ընտանիքի հասցեին վիրավորանքներ հնչեցրած մարդիկ թող գան ինձ հետ Բերձորում լինեն այս պահին

Հրապարակը զրուցել է Բերձորի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի հետ։

- Այս պահին ի՞նչ է կատարվում Բերձորում։

- Այս պահին որևիցե մեկը դեռ դուրս չի եկել։ Ընդհանուր առմամբ այդ գործընթացի մեջ են բնակիչները, հավաքում են իրենց իրերը։

- Քանի՞ ընտանիք է ապրում Բերձորում։

- Միայնակ ապրողներին էլ որ հաշվենք՝ 70 ընտանիք, թվով՝ 174 բնակիչ։

- Քանի՞ ընտանիք է որոշել մնալ Արցախում, և քանի՞սն են ցանկություն հայտնել տեղափոխվելու Հայաստանում։

- Այս պահին մի քիչ խառն է այդ վիճակագրությունը, որովհետև ընթացքում փոփոխվում է նաև դա։ Մարդիկ դեռ չեն կողմնորոշվում, թե ուր գնան։ Մի քանի օր հետո, երբ որ մարդիկ սկսեն դուրս գալ Բերձորից, կունենանք պատկերը՝ քանի ընտանիք Արցախ, քանի ընտանիք Հայաստան կցանկանան գնան ապրելու։ Այս պահին իմ ունեցած տվյալներով Բերձորից երեք ընտանիք ցանկություն է հայտնել տեղափոխվելու Արցախի Հանրապետություն։ Սակայն չգիտեմ՝ վաղն այդ ընտանիքներն ավելանալու են, թե՝ պակասելու։

 -Ովքե՞ր եւ ինչպե՞ս են օգնում բնակիչներին դուրս գալ, տեղափոխել իրենց իրերը։

- Այս պահին Բերձորում այդ գործընթացում, որպես էդպիսին, օգնություն միայն կառավարությունն է իրականացնում։

- Հստակ ժամկետ է դրված՝ մինչև օգոստոսի 25-ը, կհասցնե՞ն արդյոք բերձորցիները։ Ու՞ր են տեղափոխվելու նրանք սկզբնական շրջանում ապրելու, չէ՞ որ բնակարանային այդ  ծրագրերն էլ կարծես թե դեռ ավարտական փուլում չեն գտնվում։

-Այս պահին ավելի շատ իրերը հավաքելու գործընթացով են զբաղված մարդիկ: Այո կհասցնեն։ Ամեն մեկն իր համար որոշակի ժամկետ կունենա նախատեսած։ Սկզբնական շրջանում` եթե տեղափոխվելու են Հայաստան․ կոնկրետ Սյունիքի մարզից մենք ունենք տեղեկատվական բազա իրենց կողմից ներկայացրած, թե ինչ բնակարաններ կան, ինչ չափով, ինչ վարձավճարով են լինելու, որովհետև հուլիսի 1-ից մենք ունենք որոշում, որ յուրաքանչյուր ընտանիքի՝ յուրաքանչյուր անձի հաշվարկով 40 հազարական դրամով աջակցություն է տրամադրվում, որպեսզի իրենք վճարեն իրենց բնակվարձերը։ Իսկ Արցախ տեղափոխվողների համար, եթե այս պահին չկա պատրաստի տուն, որ ինքը միանգամից բնակվի, սկզբնական շրջանում միջանկյալ կապրի պետության կողմից տրամադրված շենքում՝ դա կլինի տուն, հյուրանոց, մինչև իր բնակարանի հարցը կլուծվի։ Ստեփանակերտում հիմնական բնակավայրերը գնացել, նայել ենք։ Դրանք կարճ ժամանակահատվածում պատրաստ կլինեն։ 

-Մանկապարտեզ, դպրոց, բուժհիմնարկ և այլ պետական հիմնարկների գույք, փաստաթղթեր` դրանց դուրսբերման գործընթացն ինչ փուլում է։

- Նոյեմբերի 9- ից հետո գործող մանկապարտեզ չենք ունեցել, դպրոցն էլ Աղավնոյի դպրոցում՝ Բերձորի և Աղավնոյի երեխաները համատեղ ուսանել են, այո, ամեն ինչ դատարկում ենք։

- Երեկ Վիտալի Բալասանյանը Բերձորում էր։ Ինչու՞ էր եկել, ի՞նչ քննարկումներ են եղել։

- Որևիցե քննարկում չի եղել, պարոն Բալասանյանը ուղղակի այցելել էր համայնք և հանդիպել բնակիչներին և զրուցել պարզապես։

- Նախարար Հայկ Խանումյանը Բերձորի և Աղավնոյի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր նրանց, որ դուրս գալուց հետո չայրեն իրենց տները։ Արդյո՞ք ասվե՞լ է, որ նրանք, ովքեր կայրեն իրենց տները, բնակարանային փոխհատուցում չեն ստանա։

- Ես չգիտեմ, թե նման բան ասել է, թե չի ասել։ Բայց ես նախորդ իմ հարցազրույցներում ասել եմ, որ բոլորը փոխհատուցումներ ստանալու են։ Բայց այրել տները՝ դա ողջունելի չի։ Լիքը խնդիրներ կան այդ այրելու հետ կապված։ Ու ես նորից հորդորում եմ այն մարդկանց, ովքեր, այդ թվում նաև իմ հարցազրույցների մեկնաբանություններում ոչ կոռեկտ են իրենց պահում՝ հորդորելով այրել տները, ընդհուպ նաև իմ անձը և ընտանիքն են վիրավորում, թող այս պահին ինձ հետ լինեն Բերձորում, այցելեն Բերձոր ու փորձեն հասկանալ՝ իրենց նման հորդորները որքանով են արդարացի։ Կամ իմ այդ քայլը չողջունելը որքանով է արդարացի։ Վերջապես այս պահին թող գան ու լինեն այս մարդկանց կողքին։ Պետք չի դրսից ինչ-որ հորդորներ անել, թող իրենք գան ամեն ինչ կազմակերպեն։

- Ճի՞շտ է, որ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում ադրբեջանցիները չեն բնակվում հայերի տներում՝ ասելով, որ «գյավուրների» տանը չենք ապրի։

- Չգիտեմ դա որքանով է իրականություն, կամ խոսակցություն։ Բայց ընդհանուր առմամբ մենք չենք պայքարում տների համար, այլ՝ մեր հայկական հողերի։ Հողը որ լինի՝ տունը բնականաբար կկառուցվի։ Հիմա կապրենք այդ տանը, թե իրենք կապրեն` այս պարագայում էական նշանակություն չունի։ Եթե կա հողը՝ այդ տանը չլինի, կողքի տանը նորից տուն կկառուցվի։

-Ճի՞շտ է, որ բնակիչներին առաջարկվել է, որ կարող են մնալ իրենց տներում, սակայն այդ դեպքում կդառնան Ադրբեջանի քաղաքացիներ։

-Ընդհանուր առմամբ չի առաջարկվել նման բան, գոնե մեր կողմից։ Ադրբեջանը նման հորդորներ բազմիցս արել է, որ ինքը կողմ չի, որ բնակչությունը դուրս գա։ Բայց մենք ինքներս ենք հասկանում, թե ում հետ պետք է ապրենք ու ինչ կարգավիճակով, ինչ ձևով։