Ռուսներն ասում են՝ ընկերներ ջան, մենք ենք հիմնական մոդերատորը տարածաշրջանում

Հարցազրույց քաղաքագետ Արման Աբովյանի հետ
- Պարոն Աբովյան, երկու օր առաջ Մոսկվայում կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Կողմերը հանդես եկան 30 կետանոց հայտարարությամբ։ Սա ենթադրո՞ւմ է հայ-ռուսական հարաբերություների ամրապնդում, թե՞ այլ տեսանկյունից դիտարկենք կետերից յուրաքանչյուրը։
- Եթե ավելի խորքային նայենք, ապա 30 կետից 28-ը, ըստ էության, նախորդ պայմանավորվածությունների ավելի խորքային ամրագրում է։ Խոսքը գնում է սոցիալական, մշակութային եւ տնտեսական՝ թե՛ նախորդ պայմանավորվածությունների եւ թե՛ հայ-ռուսական բարեկամության մեծ հռչակագիրը, որը ստորագրվել էր 90-ականներին եւ պարբերաբար հավելումներ էր ունենում։ Պետք է այդ կոնտեքստում նայենք։ Այդ 30 կետանոց հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չենք բացահայտել մեզ համար։ Բազմաթիվ անգամներ այդ կարգի պայմանավորվածություններ` այս կամ այն գերատեսչության մակարդակով, եղել են։ Ես 30 կետանոց հայտարարության մեջ առաջնային եմ համարում այն կետը, որտեղ նշված է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա պայմանավորվածություն, որ կենսաբանական հետազոտություններ կամ կենսաբանական որոշակի գործողություններ (խոսքը գնում է լաբորատորիաների մասին) երկու պետությունների տարածքներում չպետք է իրականացվեն՝ ի վնաս պետությունների շահերին։ Այստեղ խոսքը գնում է այն կենսաբանական լաբորատորիաների մասին, որոնք Միացյալ Նահանգների հովանու ներքո բացվել են Հայաստանում։ Դրա մասին է հիմնականում խոսքը։ Հիշենք, որ մի քանի տարի առաջ, երբ որ ռուսական կողմը բարձրաձայնել էր այդ խնդրի առկայությունը, դրա մասին շատերը մոռացել էին, բայց ես հիշեցնեմ։ Այն ժամանակ շատ ակտիվ քննարկումներ էին գնում, որ հայկական կողմը դուրս գա ամերիկյան կողմի հետ որոշակի պայմանավորվածության, ըստ որի՝ ռուսական կենսաբանական գծով մասնագետները մուտք` «դոստուպ» ունենան այդ լաբորատորիաներում։ Քանզի ռուսական կողմը հայաստանյան կենսաբանական լաբորատորիաների պահով, ինչը ես ենթադրում եմ, ունի արդեն որոշակի պայմանավորվածություններ։ Պարզապես այդ պայմանավորվածություններն ամրագրվեցին արդեն թղթային ֆորմատով։ Թե ինչպես կլինի մեխանիզմը, որովհետեւ այնտեղ շատ բարդ իրավիճակ է կենսաբանական լաբորատորիաների հետ կապված։ Թե ում են պատկանում այդ լաբորատորիաները` չգիտենք։ Մի կողմից ասում են` Պենտագոնն է հիմնական շահառուն, որոշ տվյալներով՝ դա Միացյալ Նահանգների կառավարությունն է, ուրիշ կողմից՝ որ դա կոնկրետ Սենատն է։ Էնպես խճճված է, որ հիմա պարզապես կտրուկ հայտարարություններ անելը սխալ եմ համարում։ Բայց այն, որ ռուսներն Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներում ստացան եւ հրապարակեցին տվյալներ, որ այնտեղ գեներացվում էին, ու փաստացի կենսաբանական զենքի տարրեր կային, դա իրականում շատ լուրջ փոխում է ընդհանրապես լաբորատորիաների մասով վերաբերմունքը։ Ուստի դրանց գոյությունը պարտադրեց Ռուսաստանին, որ բոլոր այն պետություններում, որտեղ գոյություն ունեն կենսաբանական լաբորատորիաներ, իրենք նվազագույն տեղեկատվությունն ունենան պարտադիր։ Եվ այդ պարագայում կարծում եմ, որ փաստաթղթի մեջ ներառված կենսաբանական հետազոտությունների հետ կապված այդ հատվածը բավականին լուրջ է։ Շատերն ուշադրություն չեն դարձնում, բայց իրականում այն շատ կարեւոր է։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք չէ մոռանալ, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ մենք, թե՛ ՄԱԿ պետությունների հիմնական մասը ստորագրել է համաձայնագիր՝ կենսաբանական եւ քիմիական զենքի դեմ։ Այն, որ հայկական կողմը ստորագրել է, միանշանակ ռուսական կողմի կենսական շահերից է բխում, որ իրենք մաքսիմալ կենսաբանական զենքի պահն իրենց տեսադաշտում պահեն։ Եվ, այո, կետը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել իրար վտանգելու համար, դա ակնհայտ ցույց է տալիս, որ դա կենսաբանական լաբորատորիաներին է վերաբերում։
Երկրորդ հարցն այն է, որ 30 կետի մեջ չի հստակեցվել Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը։ Ունենք մի իրավիճակ. տարօրինակ է, որ հայկական կողմը փաստաթղթի մեջ չի ներառել Արցախի հետ կապված ավելի հստակ եւ հասկանալի գործընթաց։ Փաշինյանն ասաց, որ շատ հանգամանալից Պուտինի հետ քննարկել են արցախյան հակամարտությունը, եւ ինչ-որ փոխըմբռնում է առաջացել։ Բայց հիմա հարց է ծագում` եթե փոխըմբռնում է առաջացել, ինքը բավականին լղոզված տեսակի է։ Հաշվի առնենք այն փաստը, որ ռուսական կողմը զերծ է մնում կոնկրետացնել Արցախի շուրջ իր քննարկումների էությունը։ Ոչ թե գաղտնիք է պահում, այլ պարզապես համարում է, որ այս փուլում չեն հնչեցնելու, բայց նաեւ ի՞նչ է ստացվում` ռուսական կողմն ինքը միջնորդ է, ինքը երաշխավոր է, ամեն ինչ է, բացի «ինտերեսանտից»։
Մենք չպետք է դիտարկենք Ռուսաստանին որպես մի քաղաքական գործոն, որի համար արցախյան խնդիրը միեւնույն է։ Իհարկե, իրենք ունեն իրենց հետաքրքրությունները։ Հարց է ծագում` ո՞ր հարցերի շուրջ են ըմբռնում գտել երկու ղեկավարները, կոնկրետ ի՞նչ է որոշվել, պարզ չէ դեռեւս։
- Հայտարարության կետերն ուսումնասիրելով, կարո՞ղ ենք ենթադրել, որ այն կազմված է ավելի շատ մի կողմի հետաքրքրություններից եւ շահերից ելնելով։
- Բացի գործնական` կիրառական նշանակությունից, այդ 30 կետի ստորագրումն ավելորդ անգամ Ռուսաստանի կողմից ընդգծում է շատ կարեւոր մի փաստ, որ որքան էլ, ասենք, պայմանական Բրյուսելը կամ մեկ այլ պետություն փորձեն հիմնական մոդերատորի դերակատարում ստանձնել, ռուսներն ասում են՝ ընկերներ ջան, մենք ենք հիմնական մոդերատորը տարածաշրջանում եւ չենք պատրաստվում զիջել ոչ ոքի մեր ազդեցության շրջանակները։ Սա չի նշանակում, որ նրանք մեր վրա ազդում են կամ չեն ազդում, իրենք սրանով մեսիջ են ուղարկում։
Կարծիքներ