ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել հայտնի օրենքը և կհանդիպի լրագրողական կազմակերպությունների հետ

ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել հայտնի օրենքը և կհանդիպի լրագրողական կազմակերպությունների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգտվում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 21-օրյա ժամկետում ստորագրելու կամ չստորագրելու իր իրավունքից։ Այս մասին տեղեկացանք Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, որը նաև տեղեկացրեց․ «Բայց մինչև վերաբերմունք արտահայտելը Նախագահը նաև հանդիպելու է այն լրագրողական կազմակերպությունների հետ, որոնք հայտարարություններ էին տարածել օրենքի հետ կապված և լսելու նրանց տեսակետները։ Ե՛վ Ժուռնալիստների միության, և՛ նաև 2 խումբ լրագրողական կազմակերպություններ, որոնք  հարցը բարձրացրել էին »։

Վաղը կհանդիպի լրագրողական այն կազմակերպությունների հետ, որոնք դիմել էին իրեն՝ խնդրելով  չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով զրպարտության փոխհատուցման չափ կսահմանվի նվազագույն աշխատավարձից մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։
«Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։ Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար», - ասված է տարածած հայտարարությունում։