ԿԲ-ն փոխարժե՞ք է թելադրում բանկերին

ԿԲ-ն փոխարժե՞ք է թելադրում բանկերին

Դրամի արժեզրկումը կանխելու համար Կենտրոնական բանկն անթույլատրելի քայլեր է ձեռնարկում։ Մեր տեղեկություններով, օրերս Կենտրոնական բանկի նախագահը հրաման է իջեցրել կոմերցիոն բանկերին` առքուվաճառքի միասնական կուրս սահմանել, չնչին տատանումներով։ Հավանաբար, այսկերպ, ուղիղ հրահանգների միջոցով ԿԲ-ն որոշել է միջամտել դրամի արժեզրկմանը:

Տեղեկությունը ստացանք փոխանակման կետերից, որտեղ մոտեցանք, խնդրելով, որ լավ կուրսով հաշվեն: «Լավ կուրսը մոռացեք, էլ լավ կուրս չկա, նոր հրահանգ է եկել: ԿԲ-ն ամեն օր փոխարժեք է թելադրում, ոչ թե հաշվարկային կուրս, այլ` վաճառքի»,- ասացին մեզ։  

Հոկտեմբերի 1-ին 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը մի քանի բանկերում՝ «Յունիբանկ», «Ամերիա», «Արդշինբանկ», նաև սովորական «չենջերում» նույնն էր։ Երեկ, հոկտեմբերի 4-ին, դոլարի առքուվաճառքը բանկերում կրկին նույն պատկերն ուներ՝ 482-489 դրամ։ 

ԿԲ-ից հերքում են, որ բանկերին ուղղված հրահանգ է եղել։ «Չի կարող նման բան լինել: Դա ֆանտաստիկայի ժանրից է», - ասում են ԿԲ հասարակության հետ կապերի ծառայությունից։

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ վերջին օրերին բանկերի փոխարժեքները իրարից չեն տարբերվում: Նախկինում գոյություն ունեցող մի քանի դրամի մարժան վերացել է: Ֆինանսական ծառայությունների RATE.am պորտալում, որը ներկայացնում է 17 կոմերցիոն բանկերի սահմանած կուրսը, երեկ փոխարժեքը բոլոր 17-ի համար նույնն էր: Մինչդեռ երկու-երեք շաբաթ առաջ 2-5 դրամի տատանումներ կային։ Օրինակ, սեպտեմբերի 15-ի տվյալներով, բանկերից մի քանիսը դոլարը գնում էին 482-485 դրամով: 

Այսօր վաճառքի կուրսում տատանումներ գրեթե չկան, տատանումները 50 լումայից մինչև մեկ դրամի սահմաններում են: 

Հասկանալի է, որ նման կոպիտ միջամտությունը բանկերի գործերին, ոչ մի լավ բանի չի բերելու, և մի քանի ամիս հետո դրամը կփլվի, իսկ դոլարը կհասնի 600-650 դրամի։ 
Որքա՞ն են սովորաբար տարբերվում առևտրային բանկերի սահմանած առքուվաճառքի գները: 

Տնտեսագետ, հարկայինի նախկին աշխատակից Տիգրան Մուրադյանն ասում է. «Առքի և վաճառքի միջին վիճակագրական մարժան 2,5֊3 դրամ է»։

Ըստ նրա, բանկերին ուղղված նման «դիրեկտիվները» կարող են բերել տարադրամի սև շուկայի ձևավորման: «ԿԲ կողմից եթե հետևի փոխարժեքի ֆիքսված պահանջ մասնավոր բանկերին, ապա անմիջապես կձևավորվի «վալյուտայի սև շուկա»։ Սկզբում նրա մասնակիցները կլինեն խոշոր ներմուծողներ, կազինոները և նման այլ մասնագիտացված խմբեր, իսկ հետագայում նաև ազգաբնակչությունը։ Պետությունը մասնակցից և վերահսկողից կվերածվի դիտորդի»։