Ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը․ մաս 2-րդ

Ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը․ մաս 2-րդ

Իր նախագահության առաջին ժամկետում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքական թատերաբեմին կարողացավ շատ բան անել։ Ու չնայած նրա հակառակորդները՝ ոչ միայն դեմոկրատները, այլ նաեւ որոշ նեո-պահպանողականներ, հավաստիացնում են, որ Թրամփի արտաքին քաղաքական կուրսը խորապես սխալ է եղել եւ նույնիսկ հանգեցրել է ռազմավարական կատաստրոֆայի, սակայն, ինչպես նկատել է ամերիկացի քաղաքագետ Էլիոթ Կոենը, իրականում նման գնահատականները խեղաթյուրված են եւ քաղաքականապես մոտիվացված։

Ու որքան էլ չմտածված եւ իմպուլսիվ համարվեն Թրամթի գործողությունները միջազգային ասպարեզում, դրանք ուղեկցվել են նկատելի հաջողություններով, որոնք հիմնվել են մի քանի կարեւոր սկզբունքների վրա, որոնք հանրագումարի բերելով՝ կարելի է որակել որպես «Թրամփի դոկտրին»։ Այս համատեքստում, կարելի է ասել, որ եթե նախագահ Թրամփն հաղթի այս ընտրություններում, ապա նրա վարչակազմը առաջիկա չորս տարիների համար կշարունակի արտաքին քաղաքականության ոլորտում գործել նույն սկզբունքներով։ Թրամփը առաջնահերթ կարեւորություն է տալիս այսպես ասած՝ ամերիկյան սուվերենիտետի վերականգնմանը, որը սերտորեն կապված է նրա Make America Great Again կարգախոսի հետ։ Թրամփը համոզված է, որ հիմնական գործող անձինք միջազգային քաղաքականության ասպարեզում ոչ թե միջազգային կազմակերպություններն են, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն եւ այլք, այլ ազգային պետությունները եւ հետեւաբար՝ սուվերենիտետը կարեւորագույն արժեք է, որը պետությունը ոչ մեկին չի կարող պատվիրակել կամ ոչ մեկի հետ չի կարող կիսել։

Ուստիեւ, նախագահ Թրամփի վարչակազմը հետեւողականորեն հրաժարվել է այն բոլոր բազմակողմ համաձայնագրերից, որոնք այս կամ այն կերպ սահմանափակում են ԱՄՆ գործողությունների ազատությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական։