Ինչու են Հայաստանում ակտիվացել կոռուպցիոն բացահայտումները

Ինչու են Հայաստանում ակտիվացել կոռուպցիոն բացահայտումները

Վերջին շրջանում Հայաստանում բավականին ակտիվացել են կոռուպցիոն բացահայտումները։ Ընդ որում, եթե, օրինակ, 18 թվականի քաղաքական փոփոխություններին հաջորդած շրջանում իշխանության եկած քաղաքական ուժը, պատկերավոր ասած՝ «մասկի շոուներ» սարքում էր նախկին էլիտաների մասով՝ քաղաքական, տնտեսական կամ ռազմական բլոկի ներկայացուցիչների, ապա այժմ բացահայտումները վերաբերում են գործող իշխանության ներկայացուցիչներին։

Մամուլում արդեն բավականին ժամանակ է՝ խոսվում է, որ իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչներից Արսեն Թորոսյանի ճակատագիրը մազից է կախված, այլ անուններ եւս շրջանառվում են, եւ, ըստ ամենայնի, դեռ նոր բացահայտումների մասին ենք իմանալու։ Այս ամենն իրենից բավական հետաքրքիր երեւույթ է ներկայացնում։ Մի կողմ դնելով գործող իշխանությունների հանդեպ ունեցած անձնա-համոզմունքային որեւէ վերաբերմունք, ֆիքսենք մի քանի բան։

Նախ, այս բացահայտումները կարող են միտված լինել իշխանական թիմի սթափեցմանը։ Այսինքն՝ չի բացառվում, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմի ներսում զտում անցկացնել կամ «անցկացնել քավարանի կրակների միջով»։ Թե ինչու՝ դժվար է ասել։ Գուցե ցանկանում է հանրային վստահության չափաբաժինն ավելացնել իր եւ թիմի համար։ Գուցե թիմը թարմացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Գուցե նաեւ կան այն ներիշխանական «խոհանոցային ելեւէջները», որոնց լայն հասարակությունն իրազեկ չէ։ Ինչ էլ որ լինի, կարող ենք ասել, որ այս մասով Փաշինյանը փորձում է սպասարկել ներհայաստանյան հանրային պահանջարկը։ Ի վերջո, բազմիցս խոսվել, ասվել ու գրվել է, որ մինչեւ հիմա որեւէ լուրջ կոռուպցիոն գործ իր վերջնագծին չի հասել, ըստ էության։

Մյուս կողմից, չպետք է բացառել Փաշինյանի կողմից կոռուպցիոն բացահայտումների այս նոր շղթայի համար, այսպես ասած, «կանաչ լույս» վառելու արտաքին գործոնի ազդեցությունը։ Չմոռանանք, որ օրեր առաջ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակեց մարդու իրավունքների մասին իր զեկույցը, որտեղ, ի շարս այլ խնդիրների, Հայաստանի մասով նաեւ արձանագրված էր, որ «Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների ու պետական աջակցության տրամադրման:

Մեղադրանքներ են հնչել նաեւ պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման եւ կասկածելի բիզնես գործունեության մասին»։ Սա, ըստ էության, լրջագույն հարված է Փաշինյանի իշխանությանն ու Հայաստանի գործող իշխանական թիմին, առհասարակ, քանի որ փաստացի հայտարարվում է ԱՄՆ Պետդեպի կողմից, որ Հայաստանում դեմոկրատիան հետընթաց է ապրել, ու այն թեզը, թե Հայաստանի բրենդը դեմոկրատիան է, մեղմ ասած՝ միայն Հայաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչների մտապատկերում է իրականությունն այդպես ընկալվում։ Ի դեպ, այս առումով խիստ ուշագրավ է այն, որ թեեւ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն դրանից հաշված օրեր անց ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում հայտարարվեց ասվածի գրեթե հակառակը։