Հենց այստեղ՝ ռեստորանում, կգաք հայերեն սովորելու. ինչպե՞ս բացվեց Միսլատայի հայկական դպրոցը

Հենց այստեղ՝ ռեստորանում, կգաք հայերեն սովորելու. ինչպե՞ս բացվեց Միսլատայի հայկական դպրոցը

Իսպանիայում ձևավորված «Արարատ Հայկական միություն»-ը և նրա հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցը արդեն 15 տարեկան է: «Հեռավոր 2004 թվականի այս օրերը կարծես երեկ էին, երբ հիմք դրվեց թագավորությունում առաջին հայկական դպրոցին, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ «Արարատ Հայկական միության», որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության, հայ ինքնության պահպանման և հայկական մշակույթի զարգացման ու տարածման դժվարին, սակայն հաճելի ազգանվեր գործը»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վալենսիայի հայ համայնքի  նախագահ Արարատ Ղուկասյանը :

Մեր զրուցակիցը վերհիշում է ու պատմում, թե ինչպես եղավ, որ հայաքիչ Իսպանիայի հայաշատ Միսլատա քաղաքում տարիներ առաջ հայկական դպրոց բացվեց: «45.000 բնակչություն ունեցող այս փոքրիկ քաղաքում ներկայումս ավելի քան 300 հայ է բնակվում:Վիճակագրության տվյալներով սփյուռքի ամենահայաշատ քաղաքը Միսլատան է: Հենց այս փոքրիկ քաղաքում, որտեղ կողք-կողքի 115 ազգի ներկայացուցիչներ են ապրում, տարիներ առաջ հաստատվեց մեր ընտանիքը։ Քաղաքի գեղատեսիլ այգիներից մեկում ռեստորան էինք վարձակալել, որտեղ օրերից մի օր հայազգի  քույր եւ եղբայր այցելեցին:  Նրանք միմյանց հետ իսպաներեն էին խոսում։ Ես հանդիմանեցի,թե Ինչու՞ են իսպաներեն խոսում։ Չէ՞ որ հայ են: Պատճառաբանեցին, որ իրենց ոչ ոք հայերեն չի սովորեցնում, այդ իսկ պատճառով էլ իսպաներեն են խոսում։ Ես էլ չհասկացա,թե ինչպես՝ ասացի նրանց , որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 9-ին, գան հայերեն սովորելու: « Որտե՞ղ»,-  հարցրեցին նրանք։ «Հենց այստեղ՝ ռեստորանում»,-պատասխանեցի ես։ Պատասխանեցի և մոռացա, քանի որ վատատեսորեն մտածում էի, որ չեն գա։ Եվ ահա, օրեր անց, երբ սովորականի պես, բայց փոքր-ինչ ուշացած, գնում էի ռեստորանը բացելու, հեռվից նկատեցի, որ մի տարեց կին,  երեխաների հետ կանգնած սպասում է ։Մոտեցա, և տեսնեմ՝ Գայանեն ու Ստեփանը, իրենց տատիկի ձեռքը բռնած, տետր ու գրիչով, եկել էին հայերեն սովորելու։ Ես նույնիսկ ամաչեցի, որ թերագնահատել եմ նրանց: Մոռացել եմ խոստումը և ուշացել եմ, «դպրոցը» ժամանակին չեմ էլ բացել։ Ինչևէ, բացեցի, նրանց տեղավորեցի, անմիջապես վազեցի խանութ, մի փոքրիկ գրատախտակ ու կավիճ գնեցի...: Հենց  այդ պահից սկսվեց հայկական դպրոցի գործունեությունը։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ն էր, օր, որը ոչ միայն դարձավ Իսպանիայում առաջին հայկական կրթօջախի, այլ նաև՝ առաջին հայկական կազմակերպության՝ «Արարատ Հայկական միության», հիմնադրման տարեթիվը։

Շուտով մեր երկաշակերտանոց դպրոցը մեծացավ, և երկու ամիս անց արդեն 42 աշակերտ էր այցելում այնտեղ։ Հասկանալի էր, որ ռեստորանային պայմանները բարվոք չէին կրթօջախի համար, ուստի խնդրեցինք քաղաքապետարանին,  և տեղ հատկացրեցին մեզ»։ 

Նշենք, որ կիրակնօրյա դպրոցն այս տարի էլ նորեկներով է համալրվել : Արարատ Ղուկասյանի խոսքերով՝  դպրոց հաճախող  28 աշակերտների ծնողները իսկական հերոսներ են, քանի որ պայքարում են ուծացման դեմ։ 

 

Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները