Ինչպես գեներալներն են լռում, լռիր նաև դու․․․

Ինչպես գեներալներն են լռում, լռիր նաև դու․․․

Հենց այնպես գերագույն հրամանատար չեն դառնում։ Նվազագույնը դու պետք է զինվորական ծառայություն անցած լինես, իմանաս «զինվորի ղադրը» , նրանց նայես ոչ թե վիճակագրական տեսանկյունից՝ մոտավոր թվերով խոսելով, այլ ամեն մեկի կյանքի համար պիտի դողաս ու մտահոգվես․․․ Զոհվածների ծնողների հետ շատ են զրուցել։ Գիտե՞ք նրանք ինչ են ասում՝ իրենց որդու կորստից էլ ավելի սարսափելի է, երբ իշխանության ամենավերին օղակներից լսում  են, որ իրենց որդիները  զոհվել են հանուն ոչնչի։ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը սկսվել է այդ ոչնչից։ Պարտությունը սկսում է զինվորին ու ժողովրդին հուսալքելուց։ Պարտությունը սկսում է, երբ զինվորը զգում է, որ ինքը ոչինչ է ու կռվում է ոչնչի համար։ Իսկ զինվորը ոչինչ է դառնում, երբ տեսնում է, որ պատերազմի հերոսներին ստորացնում, նսեմացնում, ոչնչացնում, փոշիացնում են։ Երբ զինվորը տեսնում է, որ ինքը արժեք չէ․․․ Մի փոքրիկ դրվագ եմ հիշեցնելու զորավար մարդու, գերագույն հրամանատարի մասին․ 

Մի անգամ պահակակետի կողքով անցնելիս Նապոլեոնը տեսնում է, որ ժամապահը քնած է: Այն ժամանակվա օրենքների համաձայն` խեղճ զինվորին պետք է մահապատժի ենթարկեին։ Դեպքի վայր ժամանած հրամանատարը նայում է մանկահասակ դեմքով պատանու լուսավոր դեմքին :

Բոնապարտն անձամբ վերցնում է հրացանը և պահպանում ժամապահի քունը: Ավելի ուշ կայսրն այսպես է մեկնաբանում իր արարքը. «Փոքրիկ կապրալն ամեն վայրկյան պատրաստ է իր կյանքը զոհել հանուն կայսեր, ինչո՞ւ կայսրը չի կարող զոհել իր կյանքը հանուն փոքրիկ կապրալի»: 

Ինչու՞ հիշեցի։ Մեր հազարավոր 18 տարեկանների, մանկահասակ դեմքով պատանիների մարմինները մեշոկներով անխնամ թափված էին հատակին․․․ Եվ ի՞նչ նման «մեծարման պայմաններում» հաղթանակ կլինե՞ր։ Մեր պարտության պատճառը ավելի խորն է՝ մասսայական բարոյալքումը, հիասթափությունը, զինվորի մարմինը քաղաքական նպատակներով օգտագործելը։ Եվ ինչպես գեներալներն են լռում, գերագույն հրամանատարն էլ լավ կանի լռի․․․ Հարգեք գոնե մեր հերոս տղերքի թափած արյունը։