Ինչպես են ռուսները վերաբերվում սիրիական զարգացումներին
Սիրիայում Ասադի վարչակարգի անկումից հետո Ռուսաստանում՝ հատկապես հայրենասիրական ու կայսրական տրամադրություններ ունեցող շրջանակների մոտ չափազանցված ակնկալիքները որոշակիորեն կզսպվեն։ Ասադի վարչակարգի գահավիժումը ռուսական կայսրապետական տրամադրություններ ունեցողներին հասցված լուրջ հարված էր։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայսրապետական մոտեցումներ ունեցողների թիվը Ռուսաստանում այնքան էլ քիչ չէ։
2015 թվականից սկսած, երբ առաջին անգամ ռուսական բազաները հայտնվեցին Սիրիայում, հասարակությանը հեռուստատեսությամբ եւ այլ լրատվամիջոցներով, որոնք հատկապես գտնվում են իշխանության կամ նրանց կցորդների հսկողության ներքո, հանգամանորեն բացատրվել է, թե որքան կարեւոր է Սիրիան ռուսական պետության եւ ռուսական շահերի համար։
Ըստ nezigar տելեգրամյան ալիքի, Կրեմլն արդեն նախապատրաստել է ռազմավարություն, թե Սիրիայում Ասադի անկումն ինչպես պետք է ներկայացվի ռուսական հանրությանը։ Ըստ այդմ, հնարավորինս քիչ կխոսվի Սիրիայում գտնվող ռուսական զորակազմերի մասին, Ասադի վարչակազմի անկումը կներկայացվի որպես ոչ այնքան կարեւոր իրադարձություն, ջանքեր կներդրվեն, որպեսզի հասարակության ուշադրությունն օրակարգի այդ հարցից տեղափոխեն այլ հարցերի վրա։ Պատահական չէ, որ արդեն հրապարակումներ կան այն մասին, որ ռուսական իշխանությունները «Թալիբանի» օրինակով կարողացել են պայմանավորվածություններ ձեռք բերել Սիրիայում իշխանություն զավթածների հետ։ Մյուս կողմից, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայսրապետական ձգտումները թեեւ ռուսական հանրության մեջ խիստ տարածված մոտեցում են, սակայն այն չափազանց մակերեսային է եւ հեշտությամբ կարող է փոփոխվել։ Օրինակ՝ դրա համար բավական է օրակարգի կամ առաջնահերթությունների փոփոխություններ իրականացնել։
Ռուսների համար թիվ մեկ խնդիրը ո՛չ Սիրիան է, ո՛չ նույնիսկ Ուկրաինան, այլ՝ սոցիալական կայունությունն ու բարեկեցության աճը կամ գոնե՝ ինֆլյացիայի զսպումը։ Այս համապատկերում անիմաստ է կարծել, գրում են nezigar-ի վերլուծաբանները, թե ռուսական հասարակության մեջ սիրիական թեման առանձնապես ցավոտ է ընկալվելու։ Մի փոքր խնդրահարույց կարող են լինել միայն «ուռա-հայրենասիրությամբ» տոգորվածները, որոնց էլ իշխանությունները մեդիաքարոզչական իրենց գործիքակազմով կկարողանան հանդարտեցնել։
Եթե ավելի առարկայական լինենք, ապա ռուսական զինվորական թղթակիցներն արդեն վաղուց էին խոսում այն մասին, որ Ասադի իշխանությունն ունի խնդիրներ։ Սակայն պաշտոնական ռուսական լրահոսում, հատկապես՝ քանի դեռ Շոյգուն էր պաշտպանության նախարար, բացասական միտումները գրաքննվում ու հեռացվում էին, ներկայացվում էր միայն դրականը։
Գալով Ասադի ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու հարցին, ապա այն ներռուսական իրականության մեջ առանձնապես կարեւոր հարց չի էլ դառնա։ Միայն Արեւմուտքի աչքում ռուսական պետության կերպարի բացասական ընկալումն ինչ-որ կերպ դա կխտացնի, նաեւ՝ Մերձավոր Արեւելքում եւ Թեհրանում մի փոքր կխաթարի Մոսկվայի հանդեպ վերաբերմունքը։ Չէ՞ որ ռեգիոնում քիչ չեն եղել նրանք ու նրանց շարքում՝ նաեւ Թեհրանը, որոնք հիասթափվել են Բաշար Ասադից։ Ու սա կազդի, որ ռուսական մեդիաքարոզչական համակարգը չօգտագործի Ասադին ու նրա ընտանիքին։ Հատկապես որ Ռուսաստանի համար էլ հիմա առաջնահերթությունը հետխորհրդային տարածքն է, որտեղ փորձում է կարգի բերել իր գործերը։
Կարծիքներ