Կառավարությունը «ջրո՞ւմ» է քաղաքացիներին օգնելու նախագիծը

Կառավարությունը «ջրո՞ւմ» է քաղաքացիներին օգնելու նախագիծը

 «Իմ քայլի» պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը երեկ օրենսդրական նախագիծ էր ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում էր 
սոցիալական աջակցության եւս մեկ տարբերակ, որից կօգտվեն մեկուսացած եւ ինքնամեկուսացած քաղաքացիները: Հեղինակը, մասնավորապես, առաջարկում էր ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման եւ ինքնամեկուսացման  ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման նպաստ: Կարգավորումը, ինչպես նշել է հեղինակը, վերաբերում է վարձու կամ ինքնուրույնաբար աշխատանքով զբաղված քաղաքացիներին: Նպաստի այս տեսակից չեն օգտվի մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտած, հարկադիր պարապուրդի կապակցությամբ գործատուի կողմից 2/3-ի չափով աշխատավարձ ստացած, ինչպես նաեւ հեռավար աշխատած քաղաքացիները:

Խնդրի կարգավորման նպատակով Նարեկ Զեյնալյանն առաջարկում է օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հոդվածով. «Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»: Եվ չնայած կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, սակայն «Իմ քայլն» առաջին ընթերցմամբ այն ընդունեց, իսկ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հաշվի կառնեն կառավարության դիտողությունները։

Նշենք, որ կառավարության բացասական դիրքորոշումն այն մասին է, որ, ինչպես աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, քանի որ շահառուների թվի տեսանկյունից  այն անկանխատեսելի է, ինչպես նաեւ այս դժվարին ժամանակահատվածում ֆինանսական լրացուցիչ  բեռ է ավելացնելու եւ պետության, եւ գործատուների վրա: Նախագիծը, ըստ զեկուցողի, չի լուծելու իր առջեւ դրած խնդիրները:

Սակայն այսօր, արտահերթ նիստի սկզբում, երբ նախագիծը պետք է դրվեր երկրորդ ընթերցման քվեարկության եւ օրենքի տեսք ստանար, նախագծի հեղինակը թիմին հորդորեց դեմ քվեարկել նախագիծը, որպեսզի այն այն վերադառնա նախնական ռեժիմին, ու հնարավոր լինի փոփոխություններ անել: Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին այդ պահվածքը՝ նկատելով, որ կառավարությունը թույլ չտվեց ընդունել այս օրենքը՝ ըստ ամենայնի  հասկանալով, որ կորոնավիրոսով պայմանավորված` Հայաստանում անկանխատեսելի եւ անկառավարելի իրավիճակ է ստեղծվել, եւ չարժե մտնել ֆինանսական նման բեռի տակ: Միքայել Մելքումյանը նկատեց՝ եթե խնդիրը տեխնիկական բացթողումները շտկելն էր, ապա կարող էին անել անգամ գիշերով:
 

«Վատ եք զգում հիմա՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին: Պարոն Զեյնալյան, Դուք պարկեշտ մարդ եք, համենայնդեպս, ինձ վրա նման տպավորություն եք թողել, և ես զգում եմ, թե Դուք ինչ վատ եք զգում հիմա՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին։ Դուք բերել եք շատ լավ նախագիծ, որը որոշակի կլուծի այն սոցիալական լարվածությունը, որ կա։ Հիմա մենք կողմ ենք, և, վերջապես, էդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, երբ իրենք մեկուսացվել են, պետությունն իրենց մասին հոգ է տարել», -  հայտարարեց Զոհրաբյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով ասել են, որ փողի խնդիր չունեն, հետևաբար հասկանալի չէ, թե ինչու այս հարցը մինչև ԱԺ գալը չի քննարկվել և համաձայնեցվել կառավարության հետ։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է, ինչո՞ւ, որովհետև այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք՝ մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների, բայց ինչ թիվ էլ ունենանք, պետությունը պարտավոր է էդ մարդկանց մասին հոգ տանելու», - ասաց Զոհրաբյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին։

Իմքայլական պատգամավորներից ով չալարեց, ելույթ ունեցավ, բայց ոչ այնքան նախագծի վերաբերյալ, որքան ընդդիմությանն իր տեղը ցույց դնելու ելույթներով: