Բա դու ո՞վ ես

Ասում է` թղթի վերեւում գրված էր․ «Հայաստանի Հանրապետության նախագահ...», դա իմ թուղթը չէր, ես կապ չունեի, ես երբեւէ ՀՀ նախագահ չեմ եղել: Այս մարդը, փաստորեն, մի ժամանակ իրեն էր գժի տեղ դնում, հիմա` մեզ բոլորիս: Դժվար է խաղաղ բացատրել, թե ինչում է այս փաստարկի խելահեղությունը, բայց փորձենք անել: Բա եթե դու ՀՀ նախագահը չէիր, եւ նախագահի պաշտոնը կապ չունի վարչապետի պաշտոնի հետ, ինչո՞ւ ընտրվելուց անմիջապես հետո սկսեցիր մասնակցել բոլոր այն միջոցառումներին, ընդունեցիր բոլոր այն հրավերները, անդամակցեցիր բոլոր այն կառույցներին, որտեղ նախկինում հրավիրվում էին, ներգրավված էին, անդամ էին ՀՀ նախագահները: Այդ դեպքում ինչո՞ւ ես մասնակցում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքներին, անկախ նրանից՝ դրանց մասնակցում են անդամ երկրների նախագահները, թե՝ վարչապետները: Նույնկերպ մասնակցում ես ՄԱԿ գագաթնաժողովներին, բարձր ամբիոններից ելույթներ ես ունենում, ՀՀ նախագահների բոլոր նախկին գործառույթներն ես իրականացնում եւ 7 տարվա ընթացքում անգամ փորձ չարեցիր սուպերվարչապետական լիազորություններ սահմանած Սահմանադրությունը փոխել` քո գործառույթները կրճատել, ՀՀ նախագահի լիազորություններն ընդլայնել: Եթե դու ՀՀ նախագահը չես եւ նրա իրավահաջորդը չես, ինչո՞ւ ընտրվելուց մի քանի ժամ անց արագ տեղափոխվեցիր ՀՀ նախագահի կեցավայր եւ հաճույքով օգտվում ես նախկին նախագահներին ծառայած երկու ամառանոցից, մեքենաներից, թիկնազորից: Եթե դու ՀՀ ղեկավարը` երկրի առաջին դեմքը չես, ինչո՞ւ են քո կնոջն առաջին տիկին անվանում:
Դու չես ցանկացել ուսումնասիրել, շարունակել քեզնից առաջ երկիրը կառավարած նախագահների թողած ժառանգությունը, անգամ այդ թուղթն է քեզ համար մերժելի եղել, հենց դրանով էլ մեզ հասցրել ես այսօրվան:
Կարծիքներ