Եթե լիազորությունները մնան նույնքան բարձր, ապա նշանակելը աննպատակահարմար է

Եթե լիազորությունները մնան նույնքան բարձր, ապա նշանակելը աննպատակահարմար է

Մասնագիտական շրջանակներում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նոր նախագիծը։ Նմանատիպ մի քննրակում էլ տեղի է ունեցել ԵՊՀ-ում։ Բանն այն է, որ օրենքի նոր նախագծում բավականին վիճահարույց դրվագներ կան, մասնավորապես՝ նշվում է դեկանների՝ ոչ թե ֆակուլտետում ընտրելու այլ ռեկտորի կողմից նշանակելու մասին։ ԵՊՀ նախկին պոռեկտոր Մենուա Սողոմոնյանին խնդրեցինք մեկնաբանել այս դրվագը։

Նրա խոսքով՝ եթե դեկանների լիազորությունները նվազեցվեն, ապա նշանակելը կարող է նպատակահարմար լինել, իսկ եթե նրանց լիազորությունները շարունակեն մնալ նույնքան մեծ, որքան այժմ է, ապա նպատակահարմար է ֆակուլտետի կողմից ընտրվելու տարբերակը․
«Եթե դեկանները շարունակում են ունենալ այն մեծ լիազորությունները, որոնք հիմա ունեն, ապա այդ տեսանկյունից ընտրովի պաշտոն ունենալը ավելի ճիշտ է, որովհետև իրենք պետք է պատասխանատվություն կրեն ֆակուլտետային ամբողջ համայնքի առաջ, և իրենք պետք է ներկայացնեն ներֆակուլտետային համայնքին, նաև պետք է հաշվետու լինեն։ Դեկանը իր գործունեության համար հաշվետու է նրան, ում կողմից ինքը ընտրվում կամ նշանակվում է։ Եթե ֆակուլտետի կողմից է ընտրվում, նշանակում է, որ հաշվետու է ֆակուլտետին, եթե ռեկտորի կողմից է նշանակվում, նշանակում է, որ հաշվետու է ռեկտորին։ Այսպիսով՝ եթե ունենք մեծ լիազորություններով դեկան, նշանակում է, որ ավելի նպատակահարմար է, որ ինքը ընտրվի , եթե նախատեսվի, որ դեկանների լիազորությունները փոքրացվեն, և փոխարենը ամբիոնի վարիչի լիազորությունները շատանան, ապա այդ դեպքում գուցե որպես վարչական պաշտոնյա նպատակահարմար լինի, որ դեկանը նշանակվի»

Նոր օրենքի նախագծով նախատեսվո՞ւմ է դեկանի լիազորությունների նվազեցում․
«Ամբողջ խնդիրն էլ այն է, որ չի նախանշվում նման բան, ինչը կարող է ենթադրել, որ որոշ բուհեր հայեցողաբար կարող են իջեցնել կամ բարձրացնել։ Եթե այդ հարցը թողնվի բուհերի կանոնադրությանը, որոշ բուհեր կարող են կրճատել, որոշները՝  նույնիսկ ավելացնել։ Այդ դեպքում մենք կունենանք երկակի ստանդարտներ, երբ և մեծ և փոքր լիազորություններով դեկանները նշանակովի կլինեն։ Դրա համար եթե օրենքով նախատեսվում է, որ ավելի նպատակահարմար է նշանակովի լինելը, հետևաբար պետք է նախագծում ինչ-որ մի կերպ նախանշվի, թե մոտավոր ինչ լիազորությունների ծավալ պետք է ունենա դեկանը»։

Նոր նախագծով նաև սահմանափակվում է ամբիոնի վարիչների պաշտոնավարման ժամկետը

2 անգամ անընդմեջ պաշտոնավարումից հետո նրանք չեն կարող առաջադրվել, նաև տարիքային շեմ է սահմանվում․

« Ըստ նախագծի՝ 2 անգամից ավել չեն կարող ընտրվել։ Որպես տարիքային շեմ օրենքի նախագծ անցումային դրույթներում կենսաթոշակային տարիքին է նշված։ Մոտավորապես հետևյալ է, որ գիտամանկավարժական աշխատողների համար տարիքային շեմը կենսաթոշակային տարիքն է, որից հետո ընտրություն չի անցկացվում։ Այսինքն՝ պաշտոնյաները՝ կլինի պրոֆեսոր, թե դոցենտ , իրենք ոչ թե մրցույթով ընտրվում են՝ 5 տարի ժամկետով, այլ կնշանակվեն 1 տարով՝ ամեն տարի 1 տարով երկարաձգելու իրավունքով, այսինքն՝ ամեն տարի նրանց հետ կկնքվի պայմանագիր»,- ասաց Սողոմոնյանը։