Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայքերը քաղաքական վարկանիշի պես նվազում են

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայքերը քաղաքական վարկանիշի պես նվազում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջներում բավականին բարձր վարկանիշ ուներ ոչ միայն ընտրողների շրջանում, այլև՝ համացանցում, մասնավորապես ֆեյսբուքում: Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշն օր օրի նվազում է: «Բրեվիս» ընկերության հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահի դրությամբ 16 տոկոս է: Եվ որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազում է իրական կյանքում, կրկնակի անգամ շատ նվազում է համացանցում:

Մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, հասկանալու համար, թե վերջին օրերին տեղադրված ռիլլերը, տեսանյութերն ու գրառումները քանի հավանում և քանի մեկնաբանություն ունեն: Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր գրառում 2018-ից հետո հավաքում էր նվազագույնը մի քանի տասնյակ հազար լայք: Այժմ Փաշինյանի գրառումները հավանում է 300-ից հազար ֆեյսբուքյան օգտատեր: Նա ժամեր առաջ տեղադրել է ԱԺ ամբիոնից իր ելույթը, որը հավանել է ընդամենը 332 օգտատեր: Երեկ Փաշինյանը նույնպես ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել իր՝ Ազգային ժողովի ելույթից, որը հավաքել է ընդամենը 804 օգտատեր: Փաշինյանը տեսանյութեր է տեղադրել նաև հինգշաբթի օրվա կառավարության նիստից, որոնց հավանումները 300-ից 800-ի միջակայքում են։