Սասուն Միքայելյանին պետք է շնորհակալություն հայտնել, ոչ թե քննադատել
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ստեղծել տարածքային պաշտպանության զորքեր։ Նշվում է, որ անհրաժեշտ է ունենալ աշխարհազորի սկզբունքով ձեւավորված պաշտպանական ուժեր, որոնք կոնկրետ ուղղություններով սպառնալիքների դեպքում պետք է աջակցեն ՀՀ զինված ուժերին եւ դիմակայեն այդ սպառնալիքներին։ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, անդրադառնալով տարածքային պաշտպանության զորքեր ստեղծելու նախաձեռնությանը, ասաց, որ պաշտպանության եւ մյուս բոլոր ոլորտներում այս իշխանությունը 2018-ից մինչ օրս գեթ մեկ հաջողված պրոյեկտ չի իրականացրել։
«Բացի 6 միլիարդ դոլարից ավելի պարտք վերցնելը... այսօր մեր ժողովրդի կենսամակարդակը հարաբերական առումով որոշակի կայունություն ունի, որը կախված չէ օրվա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից, այլ կախված է աշխարհաքաղաքական իրողություններից… Գիտեք, այնպես չէ, որ տեսականորեն իրենք անպայման ուզում են, որ ամեն ինչ ձախողվի, ուղղակի տգետ են։ Կապիկի ձեռքը նռնակ տալ, մեքենա վարել չիմացողին նստեցնել մեքենայի ղեկին ու ասել՝ մեքենան վարիր… տգետ են, հավակնոտ են, մեծամիտ են»,- ասաց Նահապետյանը։ Մեր երկրի բոլոր ոլորտներն արտաքին կառավարման ներքո են` Հայաստանի Հանրապետությունն այդ երկրների շահն է սպասարկում։ Իսկ տարածքային պաշտպանության ուժեր ստեղծում են՝ ցույց տալու համար, թե իբր մտահոգ են երկրի պաշտպանությամբ։ Տարածքային կառավարման ինքնապաշտպանական ուժեր, օրինակ, Ուկրաինայում են ձեւավորել, երբ երկիրը հայտնվեց ռազմական գործողությունների թատերաբեմում, երբ վտանգ կար, որ հակառակորդն այս տարածքները կարող է ուժով վերցնել։
«Իրենք պարզ ասում են, որ ռազմական վտանգի առաջ ենք կանգնած։ Ասողներից մեկը Սասուն Միքայելյանն էր, այդ մարդուն շնորհակալություն է պետք հայտնել, այնինչ քննադատում են։ Մարդը պարզ ասաց, որ սահմանազատումն արվում է, որովհետեւ մենք Ադրբեջանի դեմ չենք կարող կռվել։ Ավելի մատչելի ասեմ` Ադրբեջանը մեզ պարտադրում է սահմանազատման իր մոտեցումներն ու սկզբունքները, եթե մենք հրաժարվենք, կլինի ռազմական գործողություն, որտեղ մենք կպարտվենք։ Իսկ հիմա հարց եմ տալիս․ եթե դու խնդիր ունես, սպառնալիք, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, բանակը մարզելու քանի՞ ձեւ կա. զորավարժություններ` այլ ձեւ չկա։ Խոսքը ՀԱՊԿ-ի կամ Իրանի առաջարկած զորավարժությունների մասին չէ, այլ մենք մեր ներսում քանի՞ զորավարժություն ենք արել»,- հարցնում է Նահապետյանը։ Եթե զորավարժություններ չկան, մնացածն իմիտացիա է: Մեր զրուցակիցը կարծում է, որ սրանք ամեն ինչ անում են, որ մեր զինված ուժերը լուծարվեն։ Ադրբեջանի համար Հայաստանն ամբողջությամբ գրավելու 2 խոչընդոտ կա․ բանակը՝ լավ թե վատ, եւ Ռուսաստանը, որը չի կարող չմիջամտել այդ գործողություններին, որովհետեւ ունենք միջպետական պայմանագիր։ «Հիմա ինքը 2 խնդիր պետք է լուծի․ մեր բանակը սկզբունքորեն զրոյացնի, ռուսական զինված ուժերն ամբողջությամբ դուրս գան, այդ թվում՝ նաեւ սահմանապահ ուժերը։ 17 հենակետում հայ-ադրբեջանական սահմանին ռուսական ուժեր կային եւ 102-րդ բազա, ինչո՞ւ հանեցին։ Հիմնավորում են, որ խոչընդոտ էր։ Խոչընդոտ չէ, մինչեւ սահմանազատում-սահմանագծում իրականացնելու ավարտը թող մնային․ դա զսպաշապիկ էր Ադրբեջանի համար՝ Հայաստանի վրա հարձակվելու նպատակով։ Հանեցին, որովհետեւ անհրաժեշտության դեպքում պայմանավորված, պլանավորված պարտություն պիտի կրեն»։
Կարծիքներ